Վրացական երազանք. գործարարները պայքարում են «հափշտակված» սեփականության համար

Վրացական երազանք. գործարարները պայքարում են «հափշտակված» սեփականության համար
Վրացական երազանք. գործարարները պայքարում են «հափշտակված» սեփականության համար

Երկրի նախկին իշխանություններին մեղադրում են գործարարների գույքի ապօրինի բռնագրավման մեջ:
Վրաստանցի գործարարները, ովքեր մեղադրում են նախկին իշխանություններին իրենց սեփականությունը հափշտակելու մեջ, միավորել են ուժերը`նոր կառավարությունից այն հետ պահանջելու համար:
Շուրջ 200 նման բողոքներ են ընդունվել դատախազության վարույթ. խնդիրն այն է, որ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կազմած կառավարությունը, որը զիջեց իր դիրքերը անցյալ հոկտեմբերին տեղի ունցած խորհրդարանական ընտրություններին, մեղադրվում է բիզնես ակտիվների անօրինական բռնագրավման մեջ:
Գործարարների ներկայացարած եւս 500 նման բողոքներ դեռեւս նախաքննության են սպասում:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլու կառավարությունը, որը ձեւավորվել է նրա ղեկավարած «Վրացական երազանք» կուսակցության կողմից, հատուկ հանձնաժողով է ստեղծել` բողոքներն ուսումնասիրելու նպատակով:
«Եթե դատարանը սահմանի, որ սեփականությունն ապօրինաբար է առգրավվել, ապա իրական սեփականատերն իրավունք կունենա այն հետ պահանջել: Ի տարբերություն «Միացյալ ազգային շարժման» ժամանակների, բռնագրավման օրինականության վերաբերյալ վճիռը կկայացվի անաչառ դատարանների կողմից», – հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից մեկը`Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
Նախկին վարչակարգի դեմ բողոքող գործարարների շարքերում է նաեւ «Կազբեգի» գարեջրի գործարանի սեփականատեր Գոգի Թոփաձեն:

Թոփաձեն, որը նույնպես «Վրացական երազանք» կուսակցության անդամ է, մեղադրում է նախկին կառավարության հետ կապ ունեցող մի խմբավորմանն իր ձեռնարկությունը սնանկացման եզրին հասցնելու մեջ:

«Մի քանի տարի առաջ, «Կմարա» երիտասարդական շարժման անդամները հարձակում էին գործել խանութների վրա`ահաբեկելով դրանց տերերին եւ պահանջելով, որպեսզի նրանք «Կազբեգի» գարեջուր չվաճառեն, այլապես հարկային մարմինները ստուգայց կկազմապերպեն խանութներում: Այս ահաբեկչական ակցիայի հետեւանքով, շատ խանութներում այլեւս հնարավոր չէ «Կազբեգի» գարեջուր գտնել: Նման ճնշման պայմաններում, ընկերությունը զրկվեց ներքին շուկայից», – դժգոհում է Թոփաձեն:

Գործարարները մեղադրանքներ են առաջադրել «Միացյալ ազգային շարժման», Արդարադատության եւ Էկոնոմիկայի նախկին նախարարությունների, Դատախազության եւ Թբիլիսիի քաղաքապետի դեմ:

Նախկին իշխանության ներկայացուցիչները ձեռնպահ են մնում այս կապակցությամբ մեկնաբանություններից`իրենց գործունեության համար ողջ պատասխանատվությունը թողնելով նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ուսերին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարի:

«Կառավարությունը միշտ էլ ծառայել է հանուն գործարար սեկտորի, մեր ժողովրդի բարօրության ու երեխաների ապագայի», – հայտարարել է նախագահը`մեջբերելով Համաշխարհային բանկի հրապարակած Doing-Business ամենամյա զեկույցի 2012 թվականի վարկանշային ցուցակը, որտեղ Վրաստանը բարելավել էր իր դիրքերը`21-րդ հորիզոնականից բարձրանալով 9-րդ հորիզոնական:

«Սա աշխարհում ամենալավ վարկանշային ցուցակներից մեկն է: Նշանակում է`վրացական գործարար օղակների վրա որեւէ կոռուպցիոն ճնշում չի գործադրվում: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Վրաստանում բիզնես ոլորտն ազատ լինի», – հավելել է նախագահը:

Սակայն նախկին իշխանություններից դժգոհ գործարարները, ովքեր ստեղծել են «Վերադարձ» նախագիծը, այլ կարծիքի են:

««Վերադարձ» նախագիծը կպաշտպանի գործարարների շահերը, որոնց սեփականությունը ապօրինի կերպով հափշտակվել է եւ ջանք կգործադրի այս մարդկանց միավորելու ւ նրանց շահերը պաշտպանելու համար», – ասում է նախագծի հիմնադիր Մամիա Սանադիրաձեն:

Նա հայտնում է, որ նախկին իշխանությունների օրոք սեփականության իրավունքը հաճախ է խախտվել:

«Ես խորհրդակցել եմ իրավաբանների հետ. պարզվում է`սեփականությունը վերադարձնելը բարդ գործընթաց է: Այդ պատճառով, որոշեցինք միավորել ուժերը`մեր շահերը պաշտպանելու նպատակով: Կփորձենք օրինական սեփականատերերին իրենց գույքը հնարավորինս շուտ վերադարձնելու մեխանիզմներ գտնել»:

Մինչեւ 2009 թվականը Սանադիրաձեն հանդիսանում էր երկրի ամենամեծ համացանցային օպերատորներից մեկի`«Caucasus Online»-ի բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերը: Երբ ընկերությունը խոշոր տուգանքներ ստիպված եղավ վճարել, նա վաճառեց իր բաժնետոմսերի կեսը եւ տեղափոխվեց Մեծ Բրիտանիա:

Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վարստան Վերադարձած Սանիդարաձեին այս պահին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսը. նա նշում է, որ պարզապես արդարության կողմնակիցն է եւ չի պատրաստվում վերադարձնել ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին համոզված է, որ դատական հայցերի քանակը վկայում է այն մասին, որ իր կառավարությունը սկսում է վերականգնել արդարությունը:

«Մեր հակառակորդների հիստերիկ բողոքները չեն դադարեցնի այս երկրում տեղի ունեցող գործընթացները: Մեր գլխավոր խոստումներից մեկը եղել է արդարության վերականգնումը, ինչն էլ տեղի է ունենում այս պահին, եւ գործն ավարտին է հասցվելու: Իշխանությունները չպետք է միջամտեն անհատ ձեռնարկատիրության ոլորտին: Մենք ամեն հնարավորն անում ենք, որպեսզի անհատ ձեռներեցության սեկտորը լիովին պաշտպանված լինի», – հայտարարել է Իվանիշվիլին:

Այնուհանդերձ, «Article 42» հասարակական կազմակերպության ղեկավար Լիա Մուխաշավրիան այն կարծիքին է, որ միայն կառավարության աջակցությունը բավարար չի լինի գործարարների սեփականությունը վերադարձնելու համար:

«Սեփականության ապօրինի առգրավումը հանցագործություն է, բայց երբ խոսքը գնում է բռնագրավված սեփականությունը վերադարձնելու մասին, ի հայտ է գալիս այդ սեփականությունը հետագայում օրինական ճանապարհով ձեռք բերած անձանց իրավունքների հարցը», – ասում է Մուխաշավրիան:

Իրավաբան Դմիտրի Գաբունիան նույնպես խոստովանում է, որ գործող օրենքներն անմիջապես նախկին սեփականատերերին գույքը վերադարձնելու հնարավորություն չեն տալիս, նույնիսկ այն դեպքում, եթե բռնագրավման հիմք է հանդիսացել պարտադրված խոստովանությունը կամ համաձայնությունը:

Չնայած այս ամենին, մեկ աղմկահարույց գործով արդեն դատարանը վճիռ է կայացրել: Խոսքը վերաբերում է 2003-ին Բադրի Պատարկացիշվիլու կողմից հիմնադրված «Իմեդի» հեռուստաընկերության նկատմամբ սեփականության իրավունքներին: 2008 թվականին` Պատարկացիշվիլու մահից հետո, նրա հեռավոր բարեկամներից մեկը դարձավ հեռուստաընկերության սեփականատերը, սակայն իրականում այն ղեկավարում էր Գեորգի Արվելաձեն`Սաակաշվիլու վաղեմի դաշնակիցներից մեկը: Այս պահին «Իմեդի» հեռուստաընկերության նկատմամբ սեփականության իրավունքը վերադարձվել է Պատարկացիշվիլու ընտանիքին:

Նինո Գերցմավա

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)