Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է, և այդ միտումը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ 2024 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել էր ռեկորդային՝ շուրջ 12 միլիարդ դոլարի։ 2025 թվականին այն նվազել էր՝ կազմելով մոտ 8 միլիարդ դոլար, իսկ այս տարի, Օվերչուկի գնահատմամբ, առևտրաշրջանառությունը կրճատվել է շուրջ երկու երրորդով։
«Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին երեք-չորս տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին զգուշացնում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես՝ առևտրաշրջանառության նվազման ռիսկը»,- նշել է Օվերչուկը։



















