Իրավապահ համակարգը բավականին էֆեկտիվ հակազդում է ընտրակաշառքների դեպքերին. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու որոշակի փորձեր է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա այս մասին հայտարարեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ՝ ընդգծելով, որ  իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա:

«Իհարկե, պրակտիկան, համոզված եղեք, որ շարունակվելու է: Եվ, ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու է և արտահայտվելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով:

Ուզում եմ նորից ընդգծել, որ մեր իրավապահ համակարգը բավականին էֆեկտիվ հակազդում է ընտրակաշառքների դեպքերին: Հիմա արդեն աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել նախընտրական այս շրջանում: Գործընթացը շարունակվում է, և որևէ կասկած չունեմ, որ որտեղ այդ գործընթացը գնա, անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ընտրական խախտումներով նույնպես աննախադեպ գործեր կան, որ Հայաստանի պատմության մեջ նախկինում չեն եղել, չնայած քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների գոյությանը:

«Այնպես որ, մեր իրավապահ համակարգը հստակ աշխատում է, և ուզում եմ այդ կապակցությամբ շնորհակալություն հայտնել մեր դատաիրավական համակարգին, որ ընտրողների կամքի վրա որևէ ազդեցությունը բացառելու ուղղությամբ շատ կոնկրետ քայլեր են արվում և այդ քայլերը արդյունավետ են»,- եզրափակեց Փաշինյանը: