Ծնողները պահանջում են իրենց որդիներին, իսկ ԿԽՄԿ-ն պնդում է՝ գերեվարված անձանց վերադարձի հարցը հակամարտող կողմերի ձեռքում է

Պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների հարազատները Երևանում երկու շաբաթից ավելի է՝ ակցիաներ են անցկացնում՝ կառավարությունից և, մասնավորապես, պաշտպանության նախարարությունից պահանջելով հստակ տեղեկատվություն՝ որտե՛ղ են իրենց երեխաները։

«Հոկտեմբերի 20-ից ես իմ որդուց տեղեկություն չունեմ, թող թեկուզ իմ որդու մեռած մարմինը տան, ես գնամ։ Ես եկել եմ Ղափանից, էդ եմ ուզում։ Իրանցից մեզ ոչ մի բան պետք չի»,- այսօր հայտարարում էր պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից կանանցից մեկը։

Զինծառայողների մայրերին ու հարազատներին պաշտոնյաները հորդորել են սպասել, մինչև ռազմագերիներին վերադարձնելու գործընթացը և անհետ կորածների որոնումները հստակ արդյունքներ կտան, սակայն ապարդյուն։

«Մեզ ասեցին՝ սպասեք, սպասեցինք, արդեն 40 օր ա՝ սպասում ենք, էլ ինչքա՞ն սպասենք։ Էդ երեխեքի մարմինները հիմա ի՛նչ եղած կլինեն, դուք պատկերացնո՞ւմ եք»,- նշեց կանանցից մեկը։

Գերեվարված անձանց վերադարձնելու հարցում հակառակորդ կողմերի միջև միջնորդական առաքելությունն իրականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին «Մեդիալաբին» ասաց, որ դեռևս հոկտեմբերի երկրորդ կեսից, ինչպես նաև նոյեմբերի ընթացքում ԿԽՄԿ-ն շարունակաբար տեսակցություններ է իրականացնում գերության մեջ գտնվող անձանց հետ։

«Մենք ամբողջական պատկերացում չունենք, թե որ կողմում որքան գերի է պահվում։ Տեսակցում ենք նրանց, ում մասին կարողանում ենք տեղեկություն գտնել ու դրա վերաբերյալ հաստատում կողմից»,- ասաց ԿԽՄԿ ներկայացուցիչը՝ չտրամադրելով գերության մեջ հայտնված անձանց թվի վերաբերյալ տեղեկություն։

Այդուհանդերձ, ըստ Ամատունու, գերեվարված անձանց վերադարձի հարցը հակամարտող կողմերի ձեռքում է։ 

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերը՝ որպես միջնորդի աջակցելն է գալ համաձայնության։ Բայց բոլոր համաձայնությունները՝ կապված մարդկանց վերադարձի, ժամկետների ու վերադարձի ձևաչափի հետ, կողմերի որոշելիքն են, նրանց պարտավորությունների շրջանակում են։

ԿԽՄԿ-ն հիմնականում այս պահին հնարավորություն ստանալով տեսակցել անազատության մեջ գտնվող անձանց, շարունակում է տեսակցել մի շարք անձանց՝ զինվորականների թե քաղաքացիական անձանց։

Տեսակցելու հնարավորությունը ստանալով՝ կապի մեջ է պահում այդ անձանց ընտանիքներին, և ընտանիքները, բնականաբար, տեղեկացվում են գերության մեջ գտնվող հարազատների մասին։ 

Երբ կողմերի միջև անձանց վերադարձնելու որոշումը տեղի ունենա, բնականաբար, մեր կազմակերպությունը պատրաստակամ է օգնելու, կազմակերպելու և իրականացնելու գերիների վերադարձը»,- ներկայացրեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։ 

Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն հանդիպո՞ւմ է խոչընդոտների, և, ընդհանրապես, ինչո՞ւ է դանդաղում գործընթացը, Զառա Ամատունին արձագանքեց, որ ստեղծված իրավիճակը «մարդասիրական լուրջ մարտահրավեր է կողմերին»։

Ինչ վերաբերում է գործընթացում ծագող խոչընդոտներին, ապա դա, ըստ ԿԽՄԿ ներկայացուցչի, հակամարտող կողմերի իշխանությունների հետ երկխոսության հիմնական թեմաներից է․

«Մենք նման խնդիրները քննարկում ենք փակ դռների հետևում, որովհետև մարդասիրական կազմակերպություն ենք և հեռու քաղաքական տարրից։

Չունենք իրավասություն մեկնաբանելու քաղաքական գործընթացները, բայց առաջացող հարցերն ու խնդիրները հասցեագրում ենք կողմին (նկատի ունի Ադրբեջանին կամ Հայաստանին – հեղ), և այն հորդորներն ու կոչերը, որ պետք է անել, անում ենք անմիջապես կողմին, որն առնչվում է տվյալ հարցին»։

Անհետ կորած կամ մահացած զինծառայողների դիերի որոնման գործում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նույնպես աջակցի դերում է հանդես գալիս. տեղի իշխանությունների կողմից իրականացվող որոնողական աշխատանքներին ԿԽՄԿ-ն մասնակցում և հետևում է։ 

«Նոյեմբերի 13-ից իրականացվում է այդ գործընթացը և այն ընթանում է ամեն ժամ։ Մենք ներկա ենք, և տեսնում ենք, որ աշխատանքները գնում են առաջ։

Բայց պարբերաբար առաջանում են տեղանքի դժվարությունների ու եղանակային պայմանների վատ լինելու հետ կապված խնդիրներ։

Ցավոք, դա երկար ժամանակ է խլում, բայց հույս ունենք, որ դրանք կշարունակվեն, արդյունքներ կունենանք, և մենք՝ որպես մարդասիրական կազմակերպություն, կօգնենք մեղմելու մարդկանց տառապանքը»,- նշեց Զառա Ամատունին։

Օրերս Հայաստանում ակտիվորեն տարածվում էր տեղեկություն, որ ադրբեջանական իշխանությունները մտադիր են Բաքվում շքերթի ժամանակ ներկայացնել նաև հայ ռազմագերիներին։

Այդ տեղեկությունը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեցին նույնիսկ ՀՀ ԱԺ պատգամավորներ։ Մեր հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն ունի՞ մանդատ կանխելու նման իրավիճակը, Զառա Ամատունին պատասխանեց, որ բոլոր այն իրավիճակները, որոնք կարող են խախտել մարդու իրավունքները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար մտահոգիչ են։ 

«Երկխոսության միջոցով մենք քննարկում ենք բոլոր կողմերի հետ և, տեսնելով որոշակի միտումներ, բնականաբար, արձանագրում ենք ու բարձրաձայնում։ Իհարկե փորձ անում ենք, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնում ենք, բայց մարդասիրական բնույթ ունեցող կազմակերպությունը իշխանությունների վրա ազդեցություն գործելու լծակներ չունի»,- նշեց ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Նա վստահեցրեց, որ ԿԽՄԿ-ն ակնդետ հետևում է Ադրբեջանում ու Հայաստանում դեպքերի զարգացումներին և տարբեր մտահոգիչ հարցերը պահում ուշադրության կենտրոնում, արձանագրում՝ հնարավոր բոլոր խախտումները վերացնելու համար։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am