ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, խմբակցության անդամները լինելու են Էջմիածնի դատարանի դիմաց, որտեղ տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով նախնական դատալսումների առաջին նիստը։
«Ես լինելու եմ Էջմիածնի դատարանի դիմաց։ Մենք լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց՝ բոլորս։ Մեր կրոնական պարտքն առաջնահերթ է քաղաքական յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ»,- լրագրողներին ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով դատական գործընթացին՝ Կարապետյանը հայտարարել է, որ դատարանը իրավասություն չունի որոշումներ կայացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին հիերարխիայի վերաբերյալ։
«Դատարանը իրավասություն չունի Վեհափառի ուղղությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիայի ուղղությամբ որևէ որոշում կայացնելու։ Այդպիսի անօրինական բան չի եղել։ Սա Սահմանադրության այն դրույթի խախտում է, որով եկեղեցին և պետությունն անջատ են։ Սա մեր կրոնական համոզմունքների խախտում է»,- հայտարարել է պատգամավորը։
Նա հրաժարվել է պատասխանել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների ընտրությանը վերաբերող հարցերին՝ նշելով, որ իր հայտարարությունը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան հրավիրելուն և այդ քայլի դեմ դատարանի դիմաց ներկա գտնվելուն։
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Վաղարշապատում, տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը։ Կաթողիկոսն ու Հայաստանում գտնվող մեղադրվող վեց եպիսկոպոսները մասնակցելու են նիստին։



















