Ի՞նչ են ցույց տալիս թռչնամսի շրջանառության ոլորտում ուսումնասիրության արդյունքները

ՄՊՀ-ն հրապարակել է թռչնամսի շուկայի ուսումնասիրությունը. նախադրյալներ են ստեղծվել տեղական արտադրության ընդլայնման համարՄրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է թռչնամսի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝

«Հավի միս» ապրանքային շուկան ունի կենտրոնացվածության միջին աստիճան: Ոլորտում գործող ընկերությունների միջև առկա է էական մրցակցություն՝ չնայած այն հանգամանքին, որ և՛ ներմուծողների, և՛ արտադրողների շրջանում առկա են առաջատար ընկերություններ:

2014-2020 թվականների ընթացքում զգալի նվազել է առավել խոշոր ներմուծման ծավալ ունեցող տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը՝ 68 տոկոսից կազմելով 37 տոկոս:

Ավելացել է նաև հավի մսի իրացման առաջնային շուկայում գործունեություն ծավալողների թիվը՝ 2018 թվականին՝ 60 տնտեսավարող, 2020 թվականին՝ 66:

2015-2020 թթ ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում հավի մսի տեղական արտադրության ծավալն աճել է շուրջ 2,5 անգամ, այնուամենայնիվ հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ 30 տոկոս:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նպաստավոր նախադրյալներ են ստեղծվել թռչնամսի տեղական արտադրության զարգացման և ընդլայնման համար, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում ավելացել են թռչնամսի սպառման ծավալները, և հիմքեր կան կանխատեսելու, որ արդեն 2030 թվականին աշխարհում մսի արտադրության և իրացման ծավալների մեջ թռչնի միսը կկազմի սպիտակուցի պարունակությամբ մսի ընդհանուր ծավալի 41%-ը:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրությունն իրականացրել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ, այդ աշխատանքներում ընդգրկված է եղել ՄՊՀ Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Արմենուհի Հարությունյանը:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://www.competition.am/uploads/resources/Trchnamis.pdf