Ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության առումով ունենք հետընթաց. Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, այսօր Քաղաքացու օրն է, և այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել՝ նշելով, որ «Քաղաքացուն որոշումներ կայացնելու սահմանադրական իրավունքից զրկելու էջը մնացել է անցյալում, և Հայաստանն այլևս ամբողջ աշխարհում ընկալվում է որպես ընտրական ժողովրդավարությամբ երկիր:  Նաև այն պատճառով, որ 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո առաջին հերթին Քաղաքացին ոչ միայն թույլ չտվեց իր պետության քաոսացումը, այլև հետպատերազմյան դժվարագույն ժամանակահատվածում բարձրացրեց մեր երկրի ժողովրդավարական համարումը»: 2018 թվականից չորս տարի անց ի՞նչ իրավիճակ ունենք, քաղաքացին արժևորվա՞ծ է:

– Ցավով պետք է նշեմ, որ՝ որպես այդպիսին, մեծ թվով ձևավորված քաղաքացիներ չունենք, գուցե ունենք շատ գիտակից, նվիրված քաղաքացիների առանձին դեպքեր: Մենք ունենք մեծ թվով լավ մարդիկ, տարբեր ոլորտների լավ մասնագետներ, բայց՝ որպես քաղաքացի, մեծ թվով մենք չունենք: 

Այս չորս տարվա մեջ՝ առհասարակ անկախացումից հետո, չկարողացանք ձևավորել քաղաքացու տեսակը, ու մեր խնդիրների զգալի մասը հենց դրա մեջ է, որ չունեցանք այդ մտածելակերպ-ապրելակերպ, հոգեվիճակ ունեցող մարդկանց, որոնք կհասկանային, թե ինչքան կարևոր է, բացի լավ մարդ ու մասնագետ լինելուց, նաև քաղաքացի լինելը, որովհետև պետությունը կառուցվում է միայն քաղաքացիների կատեգորիայով: 

Ինչքանով արժևորվեց-չարժևորվեց, բոլոր ժամանակներում, ով Հայաստանում իշխանության եկավ, իրեն պետք էր ոչ թե քաղաքացի, այլ մեծ զանգվածներ, և ոչ ոք ոչինչ չարեց, որպեսզի մենք կարողանանք քաղաքացի ձևավորել: 

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Մարդիկ առաջնորդվում են զուտ իրենց պատկերացումներով կամ վախերով, մեծ մասն ի վիճակի չէ գնահատելու իրական վտանգները: Սա կարող էր շատ լավ տոն դառնալ, բայց չկարևորվեց ու տոն չդարձավ:

– Արդյոք հեղափոխությունից հետո սպասելիքներն արդարացա՞ն:

– Իմ՝ որպես քաղաքացու, ոչ մի սպասելիք չարդարացավ: Ես անկեղծորեն հավատում էի, որ կա իրական, լրջագույն, խորքային փոփոխություններ բերելու բացառիկ հնարավորություն, որովհետև փողոց դուրս եկած մարդկանց մեջ կար քաղաքացի դառնալու այդ նախադրյալը, որովհետև մարդիկ հո դուրս չէին եկել ինչ-որ մեկի գեղեցիկ աչքերի կամ համակրելի արտաքինի համար:

Մարդիկ հստակ, սկզբունքային պահանջներով էին դուրս եկել, և նրանց հենց այդ խոստումներն էլ տրվեցին, ու իրավիճակն էլ պարտադրում ու հնարավորություն էր ստեղծում, որ այդ փոփոխությունները կյանքի կոչվեն: 

Բայց այդ բոլոր փոփոխությունները, որոնք պետք է մեծ փոփոխությունների սկիզբը դառնային, այդպես էլ չարվեցին, որովհետև շատ դժվար է կառավարել մի երկրում, որտեղ կան գիտակից քաղաքացիներ, փոխարենը՝ շատ հեշտ է կառավարել նախասիրություններով ու համակրանքներով առաջնորդվող մարդկանց երկրում:

– Կարո՞ղ ենք ենթադրել, տիկի՛ն Կարապետյանց, որ օրվա իշխանությունները վախից ելնելով չեն նպաստել ու նպաստում քաղաքացու ձևավորմանը:

– Կարծում եմ՝ նրանք ի սկզբանե այդպիսի նպատակ չեն էլ ունեցել, ու, այո՛, ցանկացած իշխանության ինչ-որ փուլում, երբ անցնում է այդ էյֆորիան, կոնկրետ գործող իշխանության պարագայում, առանձին խմբեր սկսեցին իրենց պահանջները ներկայացնել: Նրանք հասկացան, որ եթե այս պահանջողների թիվն ավելի շատ լինի, իրենք առհասարակ ի վիճակի չեն լինելու կառավարել երկիրը, որովհետև գիտակցված քաղաքացիական դիրքորոշումը շատ վտանգավոր է իշխանության համար, իրենք պետք է կոնկրետ գործողություններ անեն, այլ ոչ թե խոստումներ տան ու պոպուլիստական հայտարարություններ անեն:

– Իսկ ինչո՞ւ էր իրեն հեղափոխական ուժ հռչակած քաղաքական թիմը նման խոստումներ տալիս:

– Դրան լավագույնս իրենք կպատասխանեն: Հավանաբար իրենք փոփոխություն անելու նպատակներ չեն էլ ունեցել, որովհետև առավել նպաստավոր պայմաններ, քան այդ մասշտաբի հեղափոխությունն էր ստեղծել, առաջիկա տարիներին գուցե չունենանք, որովհետև շատ դժվար կլինի մի քանի անգամ հիասթափված ժողովրդին նորից փողոց հանել: Այդ բաց թողնված շանսն ուղղակի աններելի է:

– Իսկ ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության առումով 2018 թվականից հետո առաջընթաց գրանցվե՞լ է:

 Ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության առումով միանշանակ ունենք հետընթաց. հոդվածները, որոնք ապաքրեականացվել էին Սերժ Սարգսյանի օրոք, հիմա քրեականացվեցին, ավելին, շատ ջանասիրաբար սպառնալիքները, բռնության դեպքերը, իրենց պատգամավորների կողմից արված գործողությունները չտեսնելու են տալիս, բայց դրան զուգահեռաբար, դատախազության տվյալներով, վիրավորանքի ու հայհոյանքի հոդվածով մոտ 800 քրեական գործ կա հարուցված: 

Խոսքի ազատության հետ կապված ևս խնդիրներ ունենք, բավականին մեծ է հետընթացը: Այդ ատելության խոսքը, որ նաև իրենք են գեներացնում, սարսափելի հետևանք է ունենալու պետության համար, որովհետև ցանկացած իշխանություն ինչ-որ փուլում հեռանում է, իսկ այդ ատելությունը մնում պետության ու ժողովրդի ներսում, ինչը շատ վտանգավոր է:

– Այդ դեպքում կառավարող ուժն իր ո՞ր ձեռքբերման համար է հպարտանում, շարունակ կրկնում են, որ Հայաստանում աննախադեպ խոսքի ազատության իրավունք է, որ մեր երկիրը ժողովրդավարության բաստիոն է:

– Այստեղ մի շատ հին ու տեղին անեկդոտ մեջբերեմ՝ դու էլ ասա: Հիմա այս անեկդոտը շատ տեղին է, ու շատ դեպքերում հենց այդպես էլ անում են, ուղղակի պետք է ասել՝ դու էլ ասա: Սերժ Սարգսյանի ժամանակ էլ բազմաթիվ ձեռքբերումների մասին էին խոսում, բայց իրականում մեծ խնդիրներ ունեինք, ու այն ժամանակ էլ էի ասում՝ դու էլ ասա:

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպիսի՞ն է  իսկական քաղաքացին, ու Հայաստանում ձեր պատկերացրած քաղաքացու ձևավորման հնարավորություններ տեսնո՞ւմ եք:

– Ես համոզված եմ, որ տեսնելու ենք այդ քաղաքացուն, որովհետև մեր նոր եկող սերունդը, որի հետ պատիվ ունեմ շփվելու, աշխատելու, անգամ որոշակի պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա նրանց հետ զրույցներ վարելու կամ դասախոսելու, ու հասկանում եմ, որ մենք՝ ի դեմս նոր սերնդի, ունենք հենց քաղաքացի ձևավորելու բացառիկ հնարավորություն, որովհետև նրանք չեն առաջնորդվում համակրանքներով, հակակրանքներով, չեն առաջնորդվում կեղծ գաղափարներով, նրանք առաջնորդվում են պետականության ռեալ գաղափարներով ու շահով: Նրանք աշխատում ու մտածում են նոր մոդելներով, գնահատում են խնդիրները, հասկանում, թե իրենց տեսանկյունից որոնք պետք է լինեն դրանց լուծումները: 

Ես տեսնում եմ այդ ներուժն ու հավատում, որ այս նոր սերնդի մեջ կա այդ հնարավորությունը: Շատ ամաչում եմ, որ մենք՝ ավագ սերունդը, նրանց վրա թողեցինք այդ բեռը, բայց գոնե պետությունը հույս ունի, որ ունենալու են ռեալ քաղաքացի, ու հաջորդ իշխանությունները խոստումներ տալուց առաջ պետք է մի քանի անգամ մտածեն, որովհետև այլևս համակրանքներով ու պոպուլիստական հայտարարություններով չեն կարողանալու առաջնորդվել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am