Արցախի չլսվող ձայները. Հերմինեն

Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Հերմինե Զարգարյանն աշխատում է Արցախի հանրապետական հիվանդանոցում, նաև ուղեգրվել է Մարտունու շրջանային բուժմիավորում մասնագետների սղության պատճառով: Եթե մինչև հուլիսի 25-ը հանրային տրանսպորտը գործում էր, ապա հիմա պետք է ապավինել միայն ոտքերին: 

– Մի անգամ Մարտունիում ռեանիմատոլոգի կարիք կար: Բուժառուն երիտասարդ տղա էր՝ մոտ 32 տարեկան: Ծանր վիճակում էին հասցրել հիվանդանոց, պետք էր շտապ ինտուբացիա անել հիվանդին, բայց հիվանդանոցից Ստեփանակերտ տեղափոխել չէր հաջողվի, իսկ ռեանիմատոլոգը ուղղակի վառելիք չուներ հասնելու համար, բացի դրանից, շտապօգնության ազատ մեքենա չկար: Գինեկոլոգը ողջ ընթացքում սրտի մերսում էր արել, մինչև ինչ-որ կերպ ռեանիմատոլոգը հասել էր, բարեբախտաբար, հիվանդը փրկվել էր, բայց ծանր հետևանքներով: 

Հետ ենք գնում շրջափակման առաջին օրը. արդեն ութ ամիս՝ չափազանց երկար չէ՞ մարդկային համբերության համար, մի դարի համար, որում ամեն բան սովոր ենք կոճակի՝ մեկ վայրկյան էլ չտևող հպումով անել: Հերմինեն հերթական բուռն աշխատանքային օրն էր սկսում, երբ դրա հետ մեկտեղ սկսվեց շրջափակումը: Երիտասարդ սերնդին բնորոշ անկեղծությամբ ու մի քիչ էլ միամտությամբ ենթադրեց, թե հերթական քայլն է, կանցնի-կգնա, բայց ավագ սերունդը, որ աչալուրջ էր ու նաև անցյալի դառը փորձ ուներ, չշտապեց սա հերթական կարճ սադրանք համարել: 

– Ես շարունակում էի ապրել իմ բնականոն առօրյայով, մինչև հասկացանք, որ խնդիրը լուրջ է: Այդ ժամանակ միայն փորձեցի առաջին անհրաժեշտության սնունդ ու իրեր ձեռք բերել: Այդտեղ մեր սերնդին փրկեց 90-ականներին այս ամեն ինչն արդեն ապրած սերունդը: 

Եթե մինչ այդ օրական 80-90 բուժառու էին ընդունում, ապա այժմ՝ տրանսպորտի չգործելու, ինչպես նաև դեղորայքի պակասի պատճառով 30-40 հոգի են կարողանում ընդունել: Մեր զրույցի օրն էլ նշեց, որ խնդիր են ունեցել պացիենտին դեղ կամ որևէ այլ փոխարինող միջոց գտնելու հարցում: 

– Տնական ռեհան, օղի, տարբեր դեղաբույսեր՝ սրանք են այլընտրանքային միջոցները, ու եթե առաջ ասում էի՝ մի՛ արեք նման բաներ, վտանգավոր է, հիմա ասում եմ՝ եթե օգնում է՝ արեք, այլ ելք չկա: 

Հերմինեն բժիշկ է ու հեռավար աշխատելու արտոնություն չունի (բացառությամբ խորհրդատվությունների), դրա համար էլ առավոտ կանուխ անտրտունջ արթնանում է Արցախի մեծ մասի պես ու գնում մասնագիտական պարտքը տալու: Ընդմիջման ժամին արդեն տուն չի գնում, որովհետև 30 րոպե պետք է քայլի, նույնքան էլ ժամանակ ծախսի հետ դառնալու համար, իսկ հիվանդանոցին հարակից սննդի կետերը վաղուց չեն գործում: 

– Աշխատանքն ավարտելուց հետո սկսվում են սնունդ հայթայթելու ժամեր. հացի, մրգի հերթեր, դե՛, կաթնամթերքի ու քաղցրավենիքի մասին արդեն վաղուց մոռացել ենք, մրգերի տեսականի վաղուց չկա: Ծանր օրվանից հետո սովորաբար փորձում եմ քայլել, Արցախի մաքուր օդն եմ վայելում, որովհետև ամառվան բնորոշ ոչ մի «հաճույքից» չենք օգտվում, քաղաքից դուրս գնալ, ժամանակ անցկացնել չի ստացվում: 

Հերմինեն քայլելուց, աշխատանքի դժվարությամբ հասնելուց չի նեղսրտում. բուժաշխատողներ կան, որ հարևան գյուղերից ոտքով են գնում հիվանդանոց: Իսկ բուժառուների մեծ մասը անգամ բժշկի գնալ չի կարողանում, արդեն կա դեղորայքի պակաս, հիվանդանոցում վաղուց դադարեցվել են պլանային վիրահատությունները, բայց ինչքան էլ այդ վիրահատությունները կրեն պլանային բնույթ, արդեն 8 ամիս է՝ պացիենտը չի ստանում վիրահատական բուժում, դրանից տուժում է նրա կյանքի որակը: 

– Որոշ պացիենտներ հետազոտության ու վիրահատական բուժման կարիք ունեն Երևանում, որ չեն կարողանում ստանալ: Շրջափակման հետևանքով հիվանդանոցում գործող բոլոր բաժինները հավասարապես տուժում են, բայց առավել շատ ծանրաբեռնվածություն ունեն առաջին բուժօգնության և վերակենդանացման բաժանմունքները: 

Արցախում բուժառուները, հույսները կտրած, բժշկի են դիմում միայն հիվանդության ուշ փուլում և հիվանդանոց հասնում շտապօգնության մեքենայով ու արդեն ծանր վիճակում: Հերմինեն ասում է, որ սա այն ապագան չէ, որ որպես բժիշկ կերազեր ունենալ, բայց շրջափակման մեջ ավելի շատ է ապրումակցում հիվանդին, նրա խնդիրը դարձնում իրենը, ու բժշկի մասնագիտություն ունենալով՝ չի դադարում մարդ լինելուց, ընդհակառակը՝ առաջին հերթին մարդ է, հետո միայն՝ բժիշկ: 

Երբ հնարավորություն է լինում, գնում է Բերդաշեն՝ իր գյուղ, որտեղ շրջափակման ծանրությունն ու սաստկությունն ավելի պակաս է զգում: Ճանապարհին հանդիպում են կարեկից մարդիկ, որոնց դաժան պայմանները դաժան չեն դարձրել ու հնարավորության դեպքում Հերմինեն մեքենայով է հասնում տեղ: Գյուղում մարդկանց աչքերում դեռ հույս կա, լավատեսություն՝ անտեսանելի ապագայի հանդեպ: Այստեղ խնդիրներն էլ համեմատաբար հեշտ են լուծվում, սնունդ հայթայթելը ևս լուծվող հարց է՝ ի տարբերություն Ստեփանակերտի, որտեղ շատ ծանր վիճակ է: 

Երբեմն օդը ծանրանում է, երբ հիվանդին չի կարողանում օգնել, չի կարողանում բառեր գտնել, որ գոտեպնդի, որովհետև Արցախում այս օրերին բոլորն իրար գոտեպնդելու կարիք ունեն: Ընկերները օգնության են հասնում այդ ժամանակ. քայլում են, զրուցում, անպայման իրար պատմում, թե ով քանի կիլոմետր է քայլել, որոշում հաղթողին: 

– Իրար ասում ենք՝ լօխ լավ ա իննան, պեն չի մնաց, պատառ էլ տեմ կենանք՝ Արցախը աշխարհի ամենալավ տեղն ա տեռնլան, ու շարունակում ենք երազել, ինչ կարելի էր անել այս ամռանը, ձմռանը, գարնանը… Եթե նորից հնարավորություն ունենայի մինչև շրջափակումը հայտնվել որևէ տեղում, էլի Արցախը կընտրեի: 

Ամենահաճելին, երբ պացիենտը բուժվելուց հետո ասում է, որ դեղորայքից տանը մնացել է, կարող է փոխանցել այլ հիվանդի: Հատկապես մանկական հակաբիոտիկների, ջերմիջեցնողների կարիք շատ կա, և մարդիկ հայտարարությունների էջում գտնում են իրար, իրենց վերջին դեղորայքը տալիս դիմացինին՝ գիտակցելով, որ կարող է վաղը անհրաժեշտ լինել իր երեխային, և դեղը չկա դեղատներում: Պարբերաբար ունենում են վիժումներ, երբ հղին ուղղակի չի հասցնում դիմել հիվանդանոց: Նման դեպքերում բառեր գտնել ու ինչ-որ բան ասելը դժվար է, չի փորձում ասելիք հորինել, փոխարենը հավաքում է իրեն ու ցույց չի տալիս, որ ինքն էլ է մարդ, ինքն էլ կարող է հուզվել, անկարող զգալ: 

– Ոչ մի ծնված ու չծնված փոքրիկ մեղավոր չէ, որ Արցախում է: 

Մեր զրույցի վերջում Հերմինեն մի բան ասաց, որ առանց խմբագրման հանձնում եմ ձեզ: 

«Չխելագարվելու միակ ճանապարհը ինքներս մեզ վրա հումոր անելն է, ամենավատ բանի մեջ դրականը փնտրելու փնտրտուքները, ժպտալը, որովհետև գիշերը, երբ գլուխներս դնում ենք բարձին, 120 հազար մարդու լացի ձայն կարելի է լսել… Բոլորը լուռ լացում են, թաքուն՝ իրենց կանանցից, ամուսիններից, երեխաներից, որովհետև ոչ մեկը մի վայրկյան կոտրվելու ժամանակ անգամ չունի, որովհետև առաջին անգամ կյանքում չես ուզում մարդիկ քեզ հետ անկեղծ լինեն: Ուզում ես՝ խաբեն, ամեն վայրկյան ասեն, որ լավ է լինելու, գուցե սկսես հավատալ դրան: Միակ թեման, որի մասին կինն ամուսնուն չի տանջում, ապագայի ու ներկայի թեման է, որովհետև հասկանում է, որ ավելի խոր ցավ նրա հոգում է: Ես ինքս ամեն օրվա վերջ կոտրվում եմ, ծնկում, լացում, գոռում, հետո հավաքվում եմ, հասկանում, որ լիքը մարդու համար ես հույսի աղբյուր եմ, մոտիվացիա, և իրավունք չունեմ ցույց տալու, որ ես էլ եմ վախենում, սարսափում ու հոգնել կարող եմ»: 

Արցախում հարուստ ու աղքատ չկա. բոլորը քայլում են, բոլորը հերթում են, բոլորը բոլորի պես են ապրում: 

Կուշանե Չոբանյան

MediaLab.am