Եկող շաբաթվա վերջում մենք կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները․ Տավուշի մարզպետ

Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը, քիչ առաջ Իջևանի ճգնաժամային կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա տեղեկացրեց, որ ամբողջ օրվա ընթացքում հրետակոծություն չի եղել մարզի բնակավայրերի ուղղությամբ, իսկ բնակիչները հնարավորություն են ունեցել զբաղվել առօրյա աշխատանքով։

«Երեկ՝ օրվա վերջում, մենք, ըստ էության, ավարտել ենք բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում՝ ջրագծերի վերականգնումը, ոռոգման համակարգերի վերականգնումը, որը հնարավորություն է տվել, որ մարդիկ գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչև վերջ», -հավելեց մարզպետը։

Ինչ վերաբերում է վերանորոգման ենթական տներին, մարզպետը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ առանձնացրել են 12 տուն․ 6-ը՝ Այգեպար գյուղում, 6-ը՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ կարող ենք սկսել վերականգնողական աշխատանքները։

«Երկու բնակարանում արդեն սկսել ենք։ Եկող շաբաթվա վերջում մենք ըստ էության կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները», -հավելեց մարզպետը։