Ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանը դեմագոգ ու պոպուլիստ է. ժողովրդահաճո խոսքերով շահեց ժողովրդի վստահությունը, ապա խաբեց նրան. Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, քաղաքապետարանում ավագանու արտահերթ նիստում քննարկվում են գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու հիմքերը: Երեկ էլ պարզ դարձավ, որ ավագանու անդամների վրա ճնշումներ են գործադրվել, որպեսզի վերջիններս միանան քաղաքապետին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, բայց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հերքեց այդ լուրը: Ինչպե՞ս եք գնահատում կատարվողը:

– Այս ամենը ՏԻՄ-երում կատարվող քաղաքական տեռորի շարունակությունն է: Գործող վարչակազմը փորձում է այսպիսով ամրապնդել իր դիրքերը մինչև հաջորդ ընտրությունները, որպեսզի կարողանա վարչական լծակներն օգտագործել վերարտադրվելու համար, որովհետև հասկանում է, որ ժողովրդի աջակցությունը օրեցօր պակասում է, ու գրեթե անհնար է դառնալու իրենց հաղթանակը մյուս ընտրություններում: Համայնքային ընտրություններից հետո իշխանության այս վարքագիծն ու այն տեռորը, որն իրականացվում է իրավապահ մարմինների միջոցով, պետք է մտահոգի բոլորիս:

Բնականաբար, իրենք պետք է հերքեին, իհարկե, չեն խոստովանի, որ նման ճնշումների են ենթարկել ավագանու անդամներին, բայց իրենց հերքելը բավարար չէ: Այն, որ ճնշումներ եղել են, ակնհայտ է, ու դրա մասին խոսել են նաև ավագանու անդամներն անձամբ:

Եթե նկատել եք, նույնիսկ Հանրային հեռուստաընկերության հռետորաբանությունն է փոխվել քաղաքապետարանի նկատմամբ, այսինքն՝ լայնամասշտաբ գործընթաց են իրականացնում՝ ամեն կերպ փորձելով վարկաբեկել Հայկ Մարությանի արածը, որպեսզի արդարացնեն իրենց վարքագիծը, որովհետև իրենք էլ են հասկանում, որ ՏԻՄ-երի անկախությունը ժողովրդավարական պետություն ունենալու երաշխիք է, իսկ այն, ինչ իրենք անում են, ՏԻՄ-երին ուղիղ կապում է գործող վարչակազմի հետ, որը բերում է կենտրոնաձիգ կառավարման ու ժողովրդավարության հետ առանձնապես աղերս չունի:

– Եթե կատարվողը չի բխում ժողովրդավարությունից, ինչպես ասում եք, ապա այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել: Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է 2018 թվականից հետո:

– Հայաստանը կարող էր դառնալ ժողովրդավարության բաստիոն, բայց մենք տեսանք, որ գործող ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում չարվեց ոչինչ՝ չունենք անկախ դատական համակարգ, Ընտրական օրենսգիրքն արմատական փոփոխությունների չենթարկվեց: ՏԻՄ-երի հետ կապված այս իրավիճակն ու շատ այլ դեպքեր խոսում են Հայաստանում ժողովրդավարության նահանջի և ավտորիտար համակարգ հաստատելուն միտված քայլերի մասին:

– Պարո՛ն Միսկարյան, իսկ, ձեր բնորոշմամբ՝ ավտորիտար համակարգի դեմ հնարավոր կլինի՞ պայքարել ու թույլ չտալ, որ իշխանությունը գնա այդ ճանապարհով:

– Խնդիրն այն է, որ մեզ անհրաժեշտ է առողջ քաղաքական դաշտ, ինչը ենթադրում է առողջ քաղաքական ուժերի առկայություն, որն այս պայմաններում ու այս նախադրյալներով դժվար է ունենալ, եթե հասարակական, հանրային նախաձեռնություններ չլինեն: Օդից կամ երրորդ երկրից մեզ մոտ ժողովրդավարական կուսակցություններ չեն հիմնվելու, մենք՝ որպես հանրություն, պետք է հասկանանք, որ ճանապարհը դա է, և ջանք ու եռանդ չխնայենք առաջիկա երկու տարում ստեղծել առողջ քաղաքական առնվազն երկու ուժ, որոնք կարող են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և երկիրը տանել ժողովրդավար ճանապարհով:

– Կոնկրետ Հայկ Մարությանի դեպքը կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որ հասարակությունը կամ ինչ-որ քաղաքական ուժեր ձեր նշած նախաձեռնություններով սկսեն հանդես գալ:

– Այո՛, ես տեսնում եմ այդ նախադրյալները, տեսնում եմ հանրային կյանքով ապրող մարդկանց, որոնք այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում, ես հույս ունեմ, որ մյուս տարի շատ ավելի ինտենսիվ կլինեն այդ աշխատանքները, ու արդյունքները սպասել չեն տա:

– Ձեր խոսքում ասացիք, որ նաև Հ1-ի հռետորաբանությունն է փոխվել քաղաքապետարանի վերաբերյալ, կարծում եք՝ այդ վարքագիծը հեռուստաընկերության աշխատակազմի անձնակա՞ն որոշման, թե՞ ուղղորդված քայլի հետևանք է:

– Մեծ հաշվով, ինձ համար միևնույն է՝ դա կառույցի՞ որոշումն է, թե՞ ուղղորդված է, այսինքն՝ ներքին համոզմո՞ւնք ունեն, որ պետք է այդպես կողմնակալ մեկնաբանեն, թե՞ կողքից են իրենց հուշել: Ես հակված եմ կարծելու, որ հուշել են, բայց եթե անգամ չեն հուշել, դա խոսում է այն մասին, որ Հ1-ի պատասխանատուները փորձում են հաճոյանալ կառավարող ուժին ու նրանց շահերից ու դիրքորոշումից բխող քայլեր են անում:

Խնդիրն այստեղ այն է, որ, ըստ էության, չունենք անկախ Հանրային լրատվական, ինչպիսին պետք է լիներ Հ1-ը, այլ ունենք կառավարող ուժին սպասարկող լրատվություն, որը նույնպես խոսում է ժողովրդավարության բացակայության մասին, որովհետև առանց անկախ լրատվականների դժվար է խոսել ժողովրդավար պետության մասին:

– Պարո՛ն Միսկարյան, ձեր ընկալմամբ՝ ի՞նչը հիմք դարձավ այն արժեհամակարգային փոփոխության, որին ենթարկվեց գործող իշխանությունը, որովհետև 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի շուրթերից հանրությունը լսում էր բոլորովին այլ բան, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

– Հիմքն այն էր, որ ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը ոչ թե ժողովրդավար պետության կողմնակից քաղաքական գործիչ էր, այլ, ինչպես ժամանակը ցույց տվեց՝ դեմագոգ ու պոպուլիստ է, որը ժողովրդահաճո խոսքերով շահեց ժողովրդի վստահությունը, ապա խաբեց նրան: Դա է նաև պատճառը, որ հիմա, հասկանալով, որ այդ դեմագոգիայով չի կարող երկար շարունակել, նա փորձում է վարչական լծակները իր ձեռքը վերցնել նաև ՏԻՄ-երի մակարդակում, որպեսզի հաջորդ ընտրություններին կարողանա վերարտադրվել, ինչպես եղել է նախկինում: Ամբողջ փիլիսոփայությունը դրա շուրջ է պտտվում:

Նիկոլ Փաշինյանը երբեք չի եղել գաղափարական, նա դրա մասին անձամբ է հայտարարել, նա մերժել է «իզմ»-երը, այսինքն՝ գաղափարախոսությունները, ու հիմա խոսել ինչ-որ գաղափարախոսությունների փոփոխության մասին տեղին չէ, որովհետև չի կարող փոխվել մի բան, որը չկա:

– Եթե ձեր նշած նախաձեռնությունները, հասարակական ակտիվությունը չլինեն, ու իշխանությանը հաջողվի այս կերպ ՏԻՄ համակարգերում իր ձեռքը վերցնել վերահսկողությունը, ինչի՞ կհանգեցնի դա:

– Դե, ՏԻՄ-երն արդեն նրանց վերահսկողության տակ են անցել, մենք արդեն դրա ականատեսն ենք: Սրա վերջն ավտորիտար համակարգի ձևավորումն է լինելու: Խնդիրն այն է նաև, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ում ինտեգրված պետություն, հարաբերվում է ավտորիտար պետությունների հետ, իսկ հարաբերվելով ավտորիտար պետությունների հետ, որտեղ հիմնական խթանիչ ուժը կոռուպցիան է, դու ժողովրդավար պետություն ունենալու համար շատ մեծ ջանք ու եռանդ պետք է ներդնես, ինչը մենք չենք անում, և ինքնաբերաբար այդ ամենը տանում է նրան, որ ամրապնդվելու է ավտորիտարիզմը, եթե մենք՝ որպես հանրություն, չնախաձեռնենք այլ գործընթաց:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am