Քոչարյանին աջակցելով՝ Կարեն Կարապետյանը վրեժխնդիր է լինում Սերժ Սարգսյանից. Ալեն Սիմոնյանը «բարեկամաբար» կոչ է անում՝ չխառնվել

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում կոնկրետ մեղադրանքներ է ուղղել գործող իշխանությանը և հանրությանը կոչ է արել աջակցել Ռոբերտ Քոչարյանին: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը:

– Նախկին կառավարության մաս կազմող վարչապետի քննադատությունը մեր կառավարության գործունեությանը միանշանակ բացասական գնահատականի է արժանի թե իմ կողմից, թե հանրության, որովհետև Սերժ Սարգսյանին մերժելիս մերժվել են նաև ՀՀԿ-ն և Կարեն Կարապետյանը հետագայում: 

Իսկ հայտարարությունն ինքնին ուղղակի մուռ է Սերժ Սարգսյանից: Կարեն Կարապետյանը վրեժխնդիր է լինում Սերժ Սարգսյանին, որովհետև հիմա ակնհայտ է, որ կա մրցակցություն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, և Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, մեր հաշվին ուզում է Սերժ Սարգսյանից վրեժխնդիր լինել, որը տհաճ ու վատ երևույթ է: 

Ես բարեկամաբար կոչ կանեի պարոն Կարապետյանին՝ զերծ մնալ հայաստանյան ներքաղաքական զարգացումներին որևէ ձևով խառնվելուց: Նրա միջամտությունը եղել ու ավարտվել է շատ վաղուց, ուստի նորից նույն տեղը մտնելը ճիշտ չէ ո՛չ իր համար, ո՛չ Հայաստանի ժողովրդի: 

– Այսինքն՝ այդ հայտարարությունը ոչ թե մեղադրանք է ձեր իշխանությանը, այլ Սերժ Սարգսյանի նկատմամբ վրեժխնդրության դրսևորո՞ւմ: 

– Իհարկե, նա մուռ է հանում Սերժ Սարգսյանից: Այնպես չէ, որ մեր ընտրողները հիմա տատանվում են՝ մե՞զ ընտրեն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին: Մեր ընտրողը ավելի շուտ կարող է չորրորդ, հինգերորդ, վեցերորդ ուժին ընտրել կամ ընդհանրապես ընտրության չգնալ, եթե մեզնից հիասթափվում են, բայց ես բացառում եմ, որ մեր ընտրողների մեծ զանգված կամ մեծ տոկոս, մեզնից հիասթափված, որոշի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին ընտրել: 

Դա ուղղված էր այն մենամարտին, որը մենք տեսնում ենք «ընդդիմադիր» դաշտում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև: Ես վստահ եմ, որ մենք ականատես ենք լինելու նաև ուղիղ մեղադրանքների, որոնք սկիզբ են առել այդ երկուսի միջև: 

Ռոբերտ Քոչարյանն արդեն ասում է, որ ինքը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին համաձայն չի եղել, չի խառնվել, և դրանով ֆիքսում է, որ չի ուզում որևէ առնչություն ունենալ այդ տարիների հետ: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ընդդիմադիր դաշտի զամբյուղից ինքը Սերժ Սարգսյանից ձայներ է տանում: 

Մի խոսքով, շատ հետաքրքիր զարգացումներ են «ընդդիմադիր» հատվածում, որը ընտրություններում ՔՊ-ի ձայների վրա որևէ ազդեցություն չի ունենալու:

– Ռազմագերիների վերադարձը իշխանությունը վերագրում է իրեն և, կարծեք թե, դիվիդենտներ է շահում դրանից: 15 ռազմագերիների վերադարձով ձեր դիրքերն ամրապնդվո՞ւմ են ընտրություններում, թե՞ ոչ: 

– Ես համարում եմ, որ դա դիրք ամրապնդելու հետ որևէ կապ չունի: Դա աշխատանք է, որն արվել ու արվում է, անկախ ամեն ինչից: Մենք ամեն օր կռիվ ենք տալիս ռազմագերիներին վերադարձնելու համար, որովհետև դա մարդկային կյանք է: Մենք ընտրությունները որևէ ձևով չենք կապում, չենք էլ ուզում կապել ռազմագերիների վերադարձի հետ: 

Այո՛, բանակցություններ են եղել, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ իրենց շահերը, իրենց նպատակները, իրենց արժեքային համակարգերը ունեն, աշխատել ենք, և այնպես է ստացվել, որ հիմա է հնարավոր եղել հասնել ռազմագերիների վերադարձին: 

Հասարակությունն ուրախ է, որ գերիներ են վերադարձել, ու տեսնում է, որ աշխատում ենք՝ ի հեճուկս այն ամենի, ինչ գրվում ու հայտարարվում է:

– Կարեն Կարապետյանն օրհասական է գնահատում երկրի վիճակը և ակնարկում է, որ դրանից երկիրը կարող է դուրս բերել փրկիչ Քոչարյանը: Սա ձեզ համար սպասելի՞ էր:

– Ես գիտեմ, որ ինչ-որ հեռու բարեկամական կապեր կան: Բայց այնպիսի տպավորություն է, որ դա մեր կյանքում որևէ բան է փոխում: Դա մեր կյանքում որևէ բան չփոխեց: 

Կարեն Կարապետյանի հայտարարությունը քաղաքական դաշտում ոչինչ չփոխեց, բացի նրանից, որ մենք հիմա սա կքննարկենք, ու 12 ժամ հետո մարդիկ դրա մասին կմոռանան: Կրկնում եմ՝ սա նշանակում է մի բան, որ Կարեն Կարապետյանը վրեժխնդիր եղավ Սերժ Սարգսյանից՝ ընտրությունների ժամանակ սատարելով Ռոբերտ Քոչարյանին: 

Այնպես չէ, որ Կարեն Կարապետյանի կոչից հետո մարդիկ, որոնք որոշել էին ընտրել «Քաղաքացիական պայմանագրին», ասել են՝ չէ՛, գնում եմ ընտրեմ Ռոբերտ Քոչարյանին: 

– Քարոզարշավի ավարտին օրեր են մնացել: Դուք ի՞նչ արդյունք եք ակնկալում:

– Այո՛, մտահոգություններ մեզ մոտ լինում են՝ կապված տոկոսների հետ, թե ինչ արդյունք կապահովենք, բայց այս հանդիպումները ցույց են տալիս, որ մարդկանց գերակշիռ մասը անգամ մեր հանդիպումների կարիքը չունի: 

Նրանք հաճախ ասում են՝ ինչի մենք ձեզ չե՞նք ճանաչում, կարո՞ղ է գնանք նրանց ընտրենք, մեզ ինչի՞ տեղ եք դրել: Առանց չափազանցության՝ ահռելի աջակցություն եմ տեսնում: Եթե մինչև քարոզարշավը ինձ հարցնեիք սրա մասին, ես նման բան չէի ասի, բայց հիմա ակնհայտ է այդ աջակցությունը: Երեկ երևանյան երթը դա հստակորեն ցույց տվեց:

– Ձեր կարծիքով՝ հաջորդ խորհրդարանում ձեր քաղաքական ուժը մեծամասնություն կարո՞ղ է լինել, թե՞ հաշվի առնելով հանրային տրամադրությունները, հնարավոր է, որ մեծամասնություն չլինեք:

– Ես զարմանում եմ նման հարցի վրա: Մեծ իրադարձություն կլինի, եթե բացի «Քաղաքացիական պայմանագրից» որևէ այլ քաղաքական ուժ երկնիշ թվով արդյունք գրանցի: Այսինքն՝ եթե լինի ուժ, որը 15 տոկոս և ավելի ձայն կգրանցի, դա կարող եք իրադարձություն համարել: 

ՀՀ կոնկրետ համայնքներ մի քիչ ավելի շատ ընդդիմադիր են, հիմա չեմ ուզում անունները տալ, որովհետև դա կարող է ազդեցություն ունենալ մարդկանց վրա: 

Բայց նույնիսկ այդ տեղերում իշխանությունը հաղթելու է, ուղղակի տարբերությունն այն է, որ մեծ տարբերությամբ կհաղթի Հայաստանի ողջ տարածքով, իսկ այդ կոնկրետ երեք տեղը, իմ դիտարկմամբ, տարբերությունը փոքր կլինի, բայց ՔՊ-ն հաղթանակ էլի կգրանցի: 

– Մտավախություն չունե՞ք, որ խորհրդարանում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կմիավորվեն:

– Նրանք մի շանս ունեն, որ վերջում միանան ու նորից Վազգեն Մանուկյանին բերեն: Ա՛յ էդ ժամանակ իշխանությունը կարող է, այսպես ասած, ինչ-որ ձևով ցնցվել: Բայց եթե չմիանան ու Վազգեն Մանուկյանի դեմքով հանդես չգան, դժվար եմ համարում, որ իշխանությունը որևէ ձևով կարող է ցնցվել:

– Արդյոք Վազգեն Մանուկյանը կարո՞ղ է հակակշիռ լինել իշխանությանը:

– Դե իհարկե չի կարող, որովհետև ձեր ասած ուժերն արդեն մի անգամ պատերազմից հետո շատ ավելի լարված իրավիճակում փորձեցին ինչ-որ բան անել, և ժողովուրդն իրենց ուղիղ և աներկբա պատասխանը տվեց: 

Չեմ կարծում, որ ընտրություններից հետո, որտեղ արդեն իսկ տարբեր տեղեկություններով իրենք փորձում են փող բաժանել, և գաղափարական որևէ բան չկա, նրանք կարողանալու են մարդկանց ինչ-որ բան առաջարկել: 

Նրանք նույնիսկ չկարողացան պատերազմն օգտագործելով, հետագայում բանակն ամենավատ ձևով շահարկելով՝ որևէ արդյունքի հասնել: Տարիներ շարունակ նախկին իշխանությունները մեզ ասել են, որ ընտրությունները չեն կեղծվել, բայց մենք բոլորս էլ ենք իմացել, որ դրանք կեղծվել են: 

Հիմա փորձում են փող բաժանել, ընտրությունները կեղծել և ընտրություններից հետո փորձելու են ասել, որ ընտրությունները կեղծված են եղել, և իրենց բաժանած փողը տեղ չի հասել: Որևէ մեկն իրավունք չունի հայ ժողովրդին ապուշի տեղ դնել, և հայ ժողովուրդը նման մարդկանց պատասխանը վաղուց տվել է: 

Իրենք ուղղակի ժողովրդից կտրված են: Այսօր արդեն պարզ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ տարբերությամբ, 3-4 անգամ տարբերությամբ հաղթանակ է տանելու: Դա ասում եմ ոչ թե ես, այլ մարդիկ, որոնց հետ ես Հայաստանի ողջ տարածքում իմ գործընկերների հետ հանդիպում եմ: Ընդամենը 7 օրից մենք դրա փաստացի ապացույցը կունենանք: 

Մանե Հարությունյան

MediaLab.am