Կառուցելով կամուրջներ. Դավիթը՝ իրավունքների պաշտպանությունից մինչև իրավագիտակցություն և անարդարության դեմ պայքար

Ոչ թե բժշկի, ինչպես ծնողներն էին ցանկանում, այլ իրավաբանի մասնագիտություն ընտրեց Դավիթ Ասատրյանը, երբ արդեն մասնագիտության ընտրության առաջ էր կանգնած։ Ասում է, երբ դեռ դպրոցական նստարանին էր, չէր կարողանում հանդուրժել անարդարությունը ու հենց դրա դեմ պայքարելու համար էլ գնաց դեպի իրավաբանական համայնք։

«2012 թվականից աշխատում եմ որպես իրավաբան, 2014-ից՝ փաստաբան։ Այդ տարիներին շատ դժվար էր կայանալը, որովհետև կային իրավաբաններ ու փաստաբաններ, որ մենաշնորհային դիրք էին զբաղեցնում, ու նրանց հետ հավասար աշխատելու համար ջանքեր էր պետք գործադրել։ Հայաստանում այդ ժամանակահատվածում կային փաստաբաններ, որ որոշակի հովանավորությամբ իրավապաշտպանությունը դարձրել էին իրենցը, և դու պետք է կայանայիր ու հաջողությունների հասնեիր նրանց հետ մրցակցելով։ Դժվար էր, ինչ խոսք, բայց կարողացա հաղթահարել»,- ասում է Դավիթ Ասատրյանն ու հիշում իր առաջին գործը, որ վարել է։ 2-3 ժամ է տևել, առանձնապես լուրջ բան չէր, բայց ինքը գործը շատ էր խճճել, ու չնայած դատավորն ակնարկել էր գործի ելքի մասին, ինքը չէր դադարել պայքարելուց։

Պայքարելու ու ջանքերի առավելագույն չափով աշխատելու շնորհիվ է, որ Դավիթը մեծ մասամբ դրական ելքով է ավարտում իրեն վստահված դատական գործերը։ Առանձնահատուկ կարևորություն է տալիս խոցելի խմբերին վերաբերող գործերին։ 

Դավիթը վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության հիմքով երեք դատական հայց է ներկայացրել դատարան, երկուսը հաղթել է, երրորդը դեռ ընթացքի մեջ է։ 

Ասում է՝ հաղթած գործերից մեկը անձի գործունակությունը վերականգնելու, մյուսը՝ խտրականության հիմքով տեղաշարժման խնդիր ունեցող աշխատակցին աշխատանքի վերականգնելու դեպքերով էին։ 

Երբ սկսեց ուսումնասիրել հաշմանդամություն ունեցող անձանց գործերը, հասկացավ, որ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, հետևաբար որոշում կայացրեց ավելի շատ ուսումնասիրել այս ոլորտը, համագործակցեց նաև «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի և Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի հետ։ 

«Մենք ուսումնասիրություն էինք կատարել ու արձանագրել, թե որքան շատ խնդիրներ ունենք։ Սկսած ֆիզիկական, հաղորդակցման մատչելիությունից, վերջացրած աշխատակազմի տեղեկացվածության պակասից։ Հիշում եմ մի դեպք, երբ բաժանության գործ էր, ու պետք է վճռվեր, թե երեխան որ ծնողի մոտ է մնալու։ Երեխան հաշմանդամություն ուներ, սայլակով էր տեղաշարժվում, ու դատավորը հրաժարվում էր երկրորդ հարկից իջնել առաջին հարկում նիստը վարել: Ստիպված դատական կարգադրիչները այդ երեխային գրկած բարձրացրին՝ ֆիզիկական ու հոգեբանական անհարմարություն պատճառելով»,- հիշում է իրավաբանը։

Խնդիրները դեռ առկա են, ու հաճախ մատչելիության նորմերը չեն պահպանվում նույնիսկ վերանորոգվող կամ վերակառուցվող շինություններում։ 

Դատական բարեփոխումների ծրագրով որոշվեց լուծում տալ այս խնդիրներին, հետո հետաձգվեց, ու հիմա անորոշ է, թե երբ վերջապես դատարանները, վարչական շենք-շինություններն ու մնացած բոլոր ենթակառուցվածքները հասանելի ու մատչելի կդառնան ֆիզիկական ու հաղորդակցման հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իսկ հաշմանդամություն ունեցող մարդիկ, դատելով դատարան հասած գործերի քանակից, հաճախ հետամուտ չեն լինում իրենց իրավունքների պաշտպանությանը, և դրա հիմքում իր մասնաբաժինն ունի հենց անմատչելիությունը, բայց նաև մեծ դեր է զբաղեցնում արդարադատության նկատմամբ անվստահությունը:

«Խոցելի խմբի մարդկանց մոտ մեծ է անվստահությունը արդարադատության նկատմամբ, և երբեմն լինում են դեպքեր, երբ փորձում եմ համոզել, բացատրել, որ դիմեն դատարան, շատ լավ հասկանալով, որ հնարավոր է նաև բացասական ելք, և կստացվի, որ իրենք ճիշտ էին: Նման գործերի պարագայում, բնականաբար, պատասխանատվությունն ավելի մեծ է լինում, ու երբեմն վստահորդին հավասար դու էլ ես ուզում դատը շահել»,- ասում է Դավիթ Ասատրյանը։

Որքան էլ որ իրավաբաններն ու փաստաբանները զգացմունքներից զուրկ մարդու տպավորություն են թողնում, այդուհանդերձ ունեն նաև զգացմունքներ, հիշեցնում է փաստաբանը ու տեղին համարում դատական նիստերի ժամանակ երբեմն զգացմունքային ելույթները՝ իհարկե չափը չանցնելով։ Հաճախ իր զգացմունքներն էլ են տեղին տալիս, հատկապես երբ դրական վճռի մասին իրենք են զանգահարում ու տեղեկացնում վստահորդին։

«Իհարկե շատ էմոցիոնալ պահ է, հույզերը շատ են լինում։ Հիշում եմ, երբ աշխատանքային իրավունքները վերականգնած հաշմանդամություն ունեցող կնոջը զանգեցի ու դրական ելքի մասին հայտնեցի, շատ էր ուրախացել, նույնիսկ չէր հավատում։ Մի քանի անգամ հետ է զանգել, նորից հարցրել՝ իսկապե՞ս իր աշխատանքը վերականգնված է»,- հիշում է Դավիթ Ասատրյանը։

Իրազեկվածության պակաս 

Խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձ էլի է ունեցել, մի դեպք ևս մտաբերեց, երբ ոստիկանության աշխատակիցը աշխատանքից ազատվել էր կրոնական համոզմունքների պատճառով։ Դատական այս գործը ևս հաջողությամբ էր ավարտվել, ու նույնիսկ օրենքներ էին փոխվել։ 

«Ինձ երբեմն ապշեցնում է, թե ինչ մակարդակի վրա կարող է լինել իրազեկվածության պակասը։ Կրոնական հիմքով խտրականության վերոնշյալ գործի ժամանակ զրուցում էի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, և նա վստահ էր, որ ճիշտ է արել և որ ունի իրավունք ազատել աշխատակցին կրոնական համոզմունքների պատճառով»,- հիշում է Դավիթ Ասատրյանը։

Ընդհանուր առմամբ, ըստ իրավաբան-փաստաբանի, իրազեկվածության ու իրավագիտակցության մակարդակը բարձրանում է, բայց դեռ գոհացնող մակարդակի վրա չէ։ Խոսքը նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին է։ Դավիթ Ասատրյանը խորհուրդ է տալիս ցանկացած խնդրի բախվելու դեպքում, հատկապես պետական մարմիններում, առաջին հերթին խնդիրը ու ցանկությունը, խնդրանքը գրավոր ներկայացնել վերադասին՝ ձեռագիր կամ էլեկտրոնային եղանակով։ Գոհացնող պատասխան չունենալու դեպքում նոր միայն դիմել փաստաբանին։ 

«Երբեմն գալիս են մեզ մոտ և չեն կարողանում իրական խնդիրը բացատրել։ Բանավոր հարց ու պատասխան են ներկայացնում, երբեմն՝ թերի, երբեմն՝ սխալ, երբեմն ընդհանրապես չեն հիշում, որի հետևանքով մենք ձեռքի տակ չենք ունենում ուժեղ հիմքեր, ինչը բարդացնում է աշխատանքը»,- նշում է փաստաբանը։

Իրավագիտակցության բարձրացում

Հասարակության մեջ իրավագիտակցության բարձրացման համար, ըստ Դավիթ Ասատրյանի, կարևոր է դեռ աշակերտական նստարանից սովորեցնել չհանդուրժել անարդարությունը։ Պետք է մշակվեն կառուցակարգեր, որ մարդիկ կարողանան իրենց բողոքները, փաստարկներն ու դիտարկումները ներկայացնել համապատասխան մարմիններին։ 

«Ամեն մարդ ունի իր իրավունքը ու պետք է հարգի ու պաշտպանի այն, ոչ թե զիջի»,- վստահ է նա։ 

Արդարություն

Դավիթը, որ անարդարության դեմ պայքարելու համար էր հասել իրավաբանական դաշտ, հաճախ տխրում է, երբ տեսնում է, որ ձախողված գործի հետևում իրավաբանի սխալ աշխատանքն է։ Ինքը հաճախ նաև անվճար հիմունքներով է օգնում՝ արդարությունը վերականգնելու համար։ 

«Իրականում յուրահատկությունները շատ են, շատ մեծ պատասխանատվություն է պահանջվում։ Բարդություններ ևս կան, օրինակ՝ ոլորտը շատ արագ է զարգանում, ու շատ արագ են փոփոխվում օրենքները։ Մի օրենքը 10 անգամ է փոփոխվել, ու դու պետք է նույնքան արագ յուրացնես այդ փոփոխությունները, որ հանկարծ հին կարգավորումներով չշարժվես»,- ասում է փաստաբանն ու ընդգծում, որ փաստաբանի մեկ սխալի պատճառով կարող են լուրջ հետևանքներ լինել։ 

Հիշում է, թե ինչպես Ռուսաստանի դեսպանատան առաջ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող Արման Ղարիբյանին ոստիկանները ուժ կիրառելով բերման էին ենթարկել։ Ինքը հեռուստացույցով էր տեսել ու միանգամից արձագանքել:

«Միանգամից գրեցի իրեն, որ քեզ կօգնեմ։ Գնացի բաժին, ու ոստիկանները բռնություն էին կիրառել, բռնություն էին կիրառել նաև բաժնում, ու հիմա նրա գործը ընթացքի մեջ է»,- ասում է Դավիթը։

Մասնագիտության ընտրության հարցում երբեք չի փոշմանել։ Ու հիմա էլ լինում են դեպքեր, երբ Դավիթին առաջարկում են դատավոր դառնալու համար քննությունների մասնակցել, բայց հրաժարվում է․

«Ես կարծում եմ՝ իմ մասնագիտությունը ճիշտ եմ ընտրել, ճիշտ ուղու վրա եմ ու դրանից հաճույք եմ ստանում, միայն թե տնեցիները ամեն անգամ հիվանդանալիս ինձ հիշեցնում են, որ ժամանակին հրաժարվեցի բժիշկ դառնալու հնարավորությունից, թե չէ հիմա կբուժեի»,- ծիծաղում է Դավիթը։

Սաթենիկ Հայրապետյան 

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի

MediaLab.am