«Գորիս-Շուշի ավտոճանապարհից անհետացել են ՀՀ և ԱՀ քաղաքացիներ․ հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել»․ «Քաղաքացու որոշում»

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 17-ի իր հայտարարությամբ արձանագրել է, որ նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ավտոճանապարհից անհետացել են ՀՀ և ԱՀ քաղաքացիներ, որոնք ինչպես պարզ է դարձել հետագայում՝ գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից։ Խաղաղ քաղաքացիների գերեվարմամբ Ադրբեջանը հաջորդ օրն իսկ խախտել է հրադադարի հաստատման քաղաքական պայմանավորվածությունը։

Պայմանավորվածությամբ նախատեսվում էր քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժի երաշխիքներ։ Պայմանավորվածություն ձեռք բերելու հաջորդ օրն իսկ դրանց այսպիսի աղաղակող խախտումը դառնում է հիմնավոր պատճառ՝ պահանջելու, որ հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետերի կիրարկումը պետք է առկախել՝ մինչև խնդրի կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ վերադառնալը և այդ ձևաչափում վերջնական երաշխիքների հաստատումը։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմին
20.11.2020թ.