Երեք ամսում Հայաստան կես միլիոնից ավելի զբոսաշրջիկ է այցելել. ռուս-ուկրաինական պատերազմի հետևա՞նք, թե՞ ավելի հետաքրքիր Հայաստան

Այս տարի ամռան երեք ամիսներին Հայաստան է այցելել 580.598 զբոսաշրջիկ, ինչը շուրջ 85 տոկոսով ավելի է, քան 2021-ի ամռանն այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 313.396: Իսկ ահա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել շուրջ 1 մլն 30 հազար զբոսաշրջիկ:

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանն ասում է՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը՝ շուրջ 280 հազարը կամ 45 տոկոսը, եղել է Ռուսաստանից, այնուհետև՝ Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից:

A large number of Russian tourists has arrived in Yerevan to spend their holidays

«Հայաստանի համար հիմնական շուկա համարվող երկրները չորսն են՝ Ռուսաստան, Վրաստան, Իրան և ԱՄՆ»,- «Մեդիալաբին» ասում է Բաբայանը:

Հայաստան ավելի շատ այցելությունները եղել են օդային տրանսպորտով՝ շուրջ 340 հազար զբոսաշրջիկ:

Սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) Հայաստան այցելող զբոսաշրջիկների մասին տեղեկությունը հավաքվում է ըստ նրանց քաղաքացիության: Անուշ Բաբայանն ասում է, որ, օրինակ՝ Ռուսաստանից Հայաստան այցելել է 280 հազար ՌԴ քաղաքացի, սակայն համակարգը չի տարանջատում՝ նրանք ազգությամբ հա՞յ են, թե, ասենք՝ ռուս:

Հարցին՝ հնարավո՞ր է ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրան հաջորդած հակառուսական պատժամիջոցներն են ազդել զբոսաշրջիկների աճի վրա, թե՞ այդուհանդերձ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, Անուշ Բաբայանն արձագանքում է.

«Չպետք է ասել, թե զբոսաշրջիկների թվի աճի պատճառը պատերազմն է: Այդ հանգամանքը դեր կարող էր ունենալ մարտ-ապրիլին: Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն կա, և ամռան ամիսներին հենց հանգստի նպատակով են մարդիկ եկել Հայաստան: Հնարավոր է, որ ռուս-ուկրաինական պատերազմը որոշակի ազդեցություն ունեցած լինի, բայց չպետք է ասել, որ ամբողջ 580 հազար զբոսաշրջիկները հենց դրա պատճառով են Հայաստան եկել»:

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ, զբոսավար Յաշա Սոլոմոնյանն ասում է՝ ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները ազդեցություն են ունեցել Հայաստան զբոսաշրջիկների թվի աճի վրա:

«Այս տարի հիմնական խոշոր շուկան ռուսական շուկան էր, այսինքն՝ հիմնականում Ռուսաստանից էին այցելուները, ու դա պարզ է՝ պատերազմն ու դրան հաջորդած պատժամիջոցները մեծ ազդեցություն ունեցան դեպի Հայաստան շարժի վրա: Պատժամիջոցների հետևանքով շատ ուղղություններ փակվեցին ռուս զբոսաշրջիկների համար»,- «Մեդիալաբին» ասում է Սոլոմոնյանը:

Իսկ ի՞նչն է Հայաստանում ավելի հետաքրքրում զբոսաշրջիկներին, բացի ավանդական Գառնի-Գեղարդից, ի՞նչ ունի Հայաստանը ցուցադրելու այցելուին:

Զբոսաշրջության կոմիտեն այս հարցերի պատասխանն ստանալու համար ուսումնասիրություններ չի անցկացրել: Բաբայանն ասում է՝ ծրագրում են հետազոտություններ կատարել:

«Հաջորդ տարի նախատեսվում է հետազոտություն անցկացնել մեկ տարվա կտրվածքով, որի արդյունքներով ձեր տված բոլոր հարցերի պատասխանները կստանանք, այսինքն՝ կհասկանանք՝ ինչ նպատակով են գալիս, ուր են գնում, որ մարզեր են այցելում»,- նշում է կոմիտեի ներկայացուցիչը:

«Գուցե Գառնին և Գեղարդը հայերիս համար սովորական են դարձել, բայց զբոսաշրջիկի աչքերով դրանք հրաշալի վայրեր են, հիանալի կոթողներ: Այո՛, հիմնական վայրերին զուգահեռ, շատ ակտիվ են եղել դեպի Հաղպատ, Սաղմոսավանք, Վայոց ձոր, Սյունիք ուղղությունները: Ընդհանուր առմամբ, մեր լանդշաֆտը, բնությունը, խոհանոցը շատ սիրված են մեզ այցելող զբոսաշրջիկների կողմից: Արշավական տուրիզմն է բավական ակտիվ Հայաստանում, և դրա համար շատ են այցելում մեր երկիր»,- ասում է Յաշա Սոլոմոնյանը:

Նրա խոսքով՝ արևմտյան երկրների համար Հայաստանը չբացահայտված և նաև եվրոպական երկրներին մոտ տարածք է, «շաբլոն ուղղություն չէ», ու շատերն են ցանկություն հայտնում այցելել, բացահայտել մեր երկիրը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am