Արտգործնախարարն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչին

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչին
Արտգործնախարարն ընդունեց ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին(Phillip Lefort):
Շնորհավորելով Ֆիլիպ Լեֆորին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նա կնպաստի Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց նաեւ, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները մշտապես հանդիսացել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից եւ առանձնակի ուշադրության են արժանացել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շրջանակներում ներառված բոլոր բնագավառները, որի արդյունքում կողմերը տարեցտարի արձանագրում են նորանոր ձեռքբերումներ` հարաբերություններին հաղորդելով նոր որակ:

Ֆիլիպ Լեֆորն իր հերթին եւս գոհունակություն հայտնեց Հայաստան-ԵՄ դինամիկ զարգացող հարաբերություններում համագործակցության նոր հեռանկարների բացման կապակցությամբ:

Զրուցակիցները անդրադարձան Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցություններին, նշելով, որ վերջին շրջանում զգալի առաջընթաց են արձանագրել: Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորն անդրադարձան նաեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին եւ քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին:

Կողմերը կարեւորեցին սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը եւ անդրադարձան դրա նախապատրաստմանը:

Զրուցակիցները քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Ֆիլիպ Լեֆորը ԵՄ անունից աջակցություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին:

Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆիլիպ Լեֆորի հանդիպումից հետո տեղի ունեցավ ճեպազրույց լրագրողների հետ: