Արցախի, Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համաժողովը կարող է ամենամյա դառնալ

«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովը, որն ուղղված է Արցախում, Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական արժեքները վանդալիզմից փրկելու համար միջազգային հանրության տեղեկացվածության բարձրացմանը, հնարավոր է, շարունակական բնույթ ունենա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ստեղծված աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների համատեքստում համաժողովն իր ձևաչափով աննախադեպ է, որովհետև նախաձեռնությանը մասնակցելու  են հուշարձանների պահպանության, տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության բոլոր պատասխանատու օղակների ներկայացուցիչները: Կարծում եմ՝ այս համաժողովը կդառնա ամենամյա հարթակ, որտեղ մասնագետները, նաև հարակից ոլորտների պատասխանատուները հնարավորություն կունենան մեկտեղելու բոլոր խնդիրները, քննարկելու հնարավոր ռազմավարական քայլերն ու առաջնահերթությունները, որոնք ուղղված են հուշարձանների պահպանությանը»,-շեշտեց նախարարի տեղակալը:

ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքով՝ Ադրբեջանը հսկայական ռեսուրս է ներդրել նաև տեղեկատվական, քարոզչական ոլորտում: «Մեր խնդիրն է ոչ միայն հակազդել այդ քարոզին, այլև ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակել ենք գործողությունների ծրագիր, հստակեցրել խնդիրները, ռազմավարական նպատակները: Սա մեկանգամյա գործողություն չէ, սա պետք է երկարաժամկետ  ռազմավարական խնդիր դառնա»,- նշեց Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ ՅՈՒՆԵՍՕ-ի գլխավոր տնօրենն առաջարկել էր  Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ ուղարկել տեխնիկական աջակցության առաքելություն, որի առաջնային խնդիրը տեղում գույքագրում կատարելն ու  մշակութային ժառանգության վիճակը տեսնելն էր, սկայան Ադրբեջանը մերժել է:

«ԻԿՕՄՕՍ» Հայաստանի  ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն էլ ընդգծեց, որ հատկապես էական կարող են լինել «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի արդյունքները: Նա առաջարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-ից բացի ակտիվ աշխատել նաև այլ միջազգային կառույցների հետ, որոնց անդամագրված են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ուշադրություն դարձնել այն կոնվենցիաներին, որոնք ընդունել են երկու երկրները: Ըստ Գյուրջյանի՝ խնդրի հանրայնացման գործում մեծ դերակատարություն կարող են ունենալ նաև արտասահմանում ապրող հայագետները, և նրանց ռեսուրսն արժե օգտագործել:

Համաժողովը, որը մեկնարկել է ապրիլի 27-ին Մատենադարանում, նախաձեռնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Այն անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում:

Համաժողովին ելույթներ են ունեցել և ունենալու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Հայաստանի ամերիկյան համալսարան, ծրագրի ղեկավար, անկախ փորձագետ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «ԻԿՕՄՕՍ» Հայաստանի  ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը, ԵՊՀ-ի մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի գիտական  քարտուղար  Նժդեհ Երանյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Րաֆֆի Քորթոշյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ևպատմական միջավայրի ծառայություն» ՊՈԱԿ-ից Վիկտորյա Իսահակյանը: