«Զենքին մենք լավ ենք տիրապետում, բայց իրավաքաղաքական ու դիվանագիտական ոլորտներում կաղ ենք մնացել». Արման Մելիքյան

«Զենքին մենք լավ ենք տիրապետում, բայց իրավաքաղաքական ու դիվանագիտական ոլորտներում կաղ ենք մնացել». Արման Մելիքյան
«Զենքին մենք լավ ենք տիրապետում, բայց իրավաքաղաքական ու դիվանագիտական ոլորտներում կաղ ենք մնացել». Արման Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

– ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցին, նշել է, որ նա նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կլինի Երևանում և Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Ի՞նչ կարելի է սպասել Լավրովի այցից: Հնարավո՞ր է՝ նոր լավրովյան պլան առաջարկվի:

– Համանախագահների միասնական ջանքերով հակամարտության կարգավորման այնպիսի հայեցակարգ է պատրաստվել, որը նախատեսում է Արցախի ներկայիս տարածքների երկու երրորդի հանձնումն Ադրբեջանին, իսկ դրա դիմաց պաշտոնական Բաքուն պետք է պարտավորվի ճանաչել արցախահայության ինքնորոշման իրավունքը: Ակնհայտ է, որ այսպիսով, բանակցային գործընթացում «առաջընթացը» կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Երևանն ու Ստեփանակերտը միջնորդների ու ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնեն տարածքների հանձնման ժամանակացույցը: Կարծում եմ, որ այժմ կողմերի միջև առևտուրը հենց այս հարցի շուրջ է վարվում: Այստեղ կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի տարածքների հանձնման դիմաց ռուս խաղաղապահների տեղակայումն ապահովելն առնվազն հակամարտ զինված ուժերի գոյություն ունեցող շփման գծի գոտում: Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ է ադրբեջանական դիրքորոշումը՝ Բաքուն պատրաստ է ճանաչելու արցախահայության ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ասել է թե, արցախահայությանն իրավունք կտրվի որոշելու՝ ինքնավարություն ստանալ Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞, առհասարակ, հրաժարվել ազգային ինքնակառավարման որևէ ձև ունենալու նպատակից: Այնպես որ, բոլոր այդ «նոր» պլանների հիմքում դրված է լինելու հայկական իշխանություններին հողատվության մղելու պահանջը, և դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ հայ բանակցողները կշարունակեն խոսել տարածքներ հանձնելու իրենց պատրաստակամության մասին:

– Ալիևը հայտարարել է, որ կվերադարձնեն Ղարաբաղը ցանկացած գնով, որ թույլ չեն տա երկրորդ հայկական պետության գոյությունը և այլն: Այսպիսի հայտարարությունները փաստում են, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորում չի ուզում: Այդ դեպքում ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել այս հանդիպումից:

– Եթե պաշտոնական Երևանն էապես չվերանայի սեփական բանակցային մոտեցումները և նոր քաղաքական ու դիվանագիտական նախաձեռնություններով հանդես չգա, ապա տարածքները, ի վերջո, կհանձնվեն խաղաղ ճանապարհով կամ էլ պատերազմով: Հայկական մոտեցումների համարժեք փոփոխության դեպքում տարածքների հանձնման խնդիրը կդադարի առաջնային լինելուց, և այդ ժամանակ հնարավոր կլինի խուսափել ցավալի տարածքային կորուստներից հենց միայն քաղաքական օրակարգը փոխելու միջոցով: Իսկ եթե, այնուամենայնիվ, հակառակորդը փորձի դիմել պատերազմական գործողությունների, ապա այդ դեպքում ճակատում ևս մենք կունենանք լուրջ առավելություն: Այս կարգի ցանկացած հակամարտությունում հաղթանակն ապահովվում է բացառապես քաղաքականության մակարդակում՝ կարելի է լուրջ ռազմական հաղթանակներ ունենալով ամեն ինչ տանուլ տալ իրավաքաղաքական ու դիվանագիտական ճակատներում: Զենքին մենք, կարծես թե, լավ ենք տիրապետում, բայց ամենակարևոր ոլորտում կաղ ենք մնացել:

– Վերջին շրջանում անընդհատ խոսվում է խնդրի ցավոտ լուծումներից: Ի՞նչ է ակնարկում իշխանությունը` ցավոտ լուծումներ ասելով:

– ՀՀ դե ֆակտո իշխանությունների պատկերացմամբ, հավանաբար, ցավոտ լուծումը Արցախի տարածքի երկու երրորդը հանձնելու դիմաց արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է լինի, որի արդյունքում նաև Ադրբեջանը պետք է պաշտոնապես ճանաչի արցախյան անկախ պետականության գոյությունը: Իրականում այդ ցավոտ լուծումներն Արցախի անկախության ճանաչում չեն ապահովում, ու լավագույն դեպքում տարածքները փաստացիորեն կհանձնվեն Ադրբեջանին կամ մի երրորդ կողմի ժամանակավոր տնօրինությանը՝ գուցե ընդամենն արցախահայությանն անվտանգության ժամանակավոր երաշխիքների տրամադրման դիմաց:

-Վիեննայում դեկտեմբերի 7-8-ը անցկացվող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում հնարավոր է կայանա Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ի՞նչ կարող է այս հանդիպումը տալ՝ հաշվի առնելով Ժնևի հանդիպման անարդյունավետությունը:

-Հավանաբար փորձ կարվի այդ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության մեջ ներառել սուբստանտիվ բանակցություններ սկսելու և շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցների գործարկման վերաբերյալ դրույթները: Սուբստանտիվը հենց տարածքների հանձնման ժամանակացույցի մշակման պահանջն է:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է քննարկվելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը: Համանախագահները նշել են, որ օրակարգում կներառվեն քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր: Ի՞նչ է այն ենթադրում, և արդյոք քննարկման առարկա են լինելու Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

– Բանն այն է, որ միանգամայն անիմաստ է բանակցել շփման գծում անվտանգության և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին այն դեպքում, եթե այդ շփման գիծը մոտ ապագայում պետք է շատ լուրջ փոփոխության ենթարկվի: Այսինքն՝ նշված մեխանիզմների ներդրումն իրեն կարող է արդարացնել միայն այն դեպքում, երբ այդ շփման գիծն արդեն իսկ փոփոխվել է ու այլևս տևական ժամանակ չի փոփոխվելու: Հետևաբար, խոսք կարող է լինել այն մասին, թե երբ և ինչ հաջորդականությամբ են հակառակորդին հանձնվելու այս կամ այն տարածքները, ինչի արդյունքում աստիճանաբար կձևավորվի նոր շփման գիծը, որի երկայնքով, հանձնմանը զուգահեռ, կներդրվեն անվտանգության ապահովման ու միջադեպերի հետաքննության վերոհիշյալ մեխանիզմները:

Մանե Հարությունյան

MediaLab.am