«Զինվորի կյանքը բացարձակապես չի հետաքրքրում այս իշխանություններին, հակառակ դեպքում ամեն գնով կփորձեին կանխել նման դեպքերը». Ժաննա Ալեքսանյան

Մեկ օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում երկու զոհ ունենալը, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ բանակում տիրող անպատժելիության մթնոլորտի հետևանք է:

«Բանակում այսօր կատարվում է նույնը, ինչ տարիներ առաջ, չնայած գործող իշխանությունը ամեն օր խոսում է ռեֆորմների մասին»,- «Մեդիալաբին» ասում է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 17-ին, ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի (ծնված 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով: Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնված 2002 թ.) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

«Կրիմինալ բարքերը, անպատժելիության մթնոլորտը չեն փոխվել: Արձանագրվող մահվան դեպքերը չեն բացահայտվում, որ նման դեպքերը կանխվեն, հետևաբա այս իրավիճակը շարունակական է լինելու, քանի դեռ բանակում էական փոփոխություններ չեն կատարվել»,- ասում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով, բանակում տարվող ռեֆորմների մասին անընդհատ խոսող իշխանության կառավարման տարիներին բանակում՝ ոչ մարտական պայմաններում, զոհվածների թիվը տարեցտարի ավելանում է:

«Հստակ թվեր այս պահին կդժվարանամ նշել, բայց նմանօրինակ դեպքերի աճը ցույց է տալիս, որ զինվորի կյանքը բացարձակապես չի հետաքրքրում այս իշխանություններին, հակառակ դեպքում ամեն գնով կփորձեին կանխել այս դեպքերը բանակում»,- ասում է Ալեքսանյանը: 

Իրավապաշտպանը վստահ է, որ ամեն բան մատնված է թողտվության, արդարադատություն չի իրականացվում, որ իրական հանցագործը պատժվի: Ժաննա Ալեքսանյանը չի բացառում, որ այս պարագայում էլ կատարվածը կներկայացվի որպես ինքնասպանություն:

«Հարուցված քրեական գործերի քննությունը կեղծում են, ու զինվորի սպանության համար պատասխանատվության է ենթարկվում մեկ այլ զինվոր, ոչ թե հրամանատարը, որը թողել է զինվորներին այդ վիճակում, ու հրամանատարների անպատժելի լինելը թույլ է տալիս, որ այս դեպքերը շարունակվեն»,- ասում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ նախարարությունը պարտավոր է հանրության առաջ հանդես գալ, պարզաբանումներ ներկայացնել, ցավակցել զինվորի հարազատներին: Ալեքսանյանը նկատում է, որ առաջ գոնե ցավակցում էին, երբ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում էին նման դեպքերի մասին, իսկ հիմա դա էլ չկա: 

«Նախարարը պետք է ելույթ ունենա, ներկայացնի այս դեպքերի պատճառներն ու ասի՝ ինչ է անելու, որ դրանք չշարունակվեն, բայց դա չենք տեսնում: Իմ գնահատմամբ՝ սա անտարբերության հետևանք է: Նոր նախարար է եկել, անո՞ւմ է այդ բարեփոխումները: Դեռ օր չի անցել, ժամերի տարբերությամբ՝ հայտնում են երկու զոհի մասին, պետք է սուգ հայտարարեին հիմա»,- ասում է Ժաննա Ալեքսանյանն ու շեշտում, որ նախարարը պարտավոր է այս մասով բացատրություններ ներկայացնել, որովհետև այդ զինվորների կյանքի համար ինքն անձամբ է պատասխանատու:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am