«Փաշինյանի երեկվա ելույթը ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է մոռանալու պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին»․ Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական ասելիքը ո՞րն էր, ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն էր նրա երեկվա ելույթը։

– Ելույթը կարելի է երկու մասի բաժանել։ Առաջին մասում բավականաչափ հստակ խոսվեց Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցածի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից թե՛ միջազգային իրավունքի, թե՛ միջազգային հումանիտար իրավունքների խախտումների մասին, բայց այդ ամենում մի էական բացթողում կար՝ պատերազմում Թուրքիայի դերակատարության մասին չխոսելը։

Բոլորս էլ գիտենք, թե Թուրքիան ինչ ակտիվ դերակատարում ուներ այդ գործընթացներում, ու պատերազմի օրերին ինքը՝ վարչապետը, միջազգային լրատվամիջոցներին հարցազրույց տալիս հիշեցնում էր թուրքական վտանգի ու վայրագությունների մասին՝ ուղղված Եվրոպայի դեմ, խոսում էր 17-րդ դարում Վիեննայի պաշարման մասին՝ Արցախը համեմատելով Վիեննայի հետ։

Պետք է նկատենք, որ վերջին տասնմեկ ամսում Թուրքիայում ոչինչ չի փոխվել, այսինքն՝ այնտեղ նույն ղեկավար կազմն է ու նույն քաղաքականությունը, այս իմաստով իհարկե տարօրինակ է, որ տասնմեկ ամիս առաջ Թուրքիային վայրագությունների համար էր մեղադրում Փաշինյանը, իսկ հիմա որևէ բառ չի ասում։

Ինձ համար, սակայն, այս ամենի պատճառը հայտնի է․ բոլորս ենք հասկանում, որ հիմա հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ոչ հրապարակային ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, որի մասին ժամանակ առ ժամանակ հրապարակային ազդակներ ենք ստանում: Բնական է, եթե դու որևէ պետության հետ հարաբերությունների նորմալացման գործընթաց ես սկսում, պետք է այդ պետության մասին հնարավորինս քիչ բացասական արտահայտվես։ Պատճառը հասկանալի է, բայց, ըստ իս, Թուրքիայի դերակատարության մասին զրո արտահայտությունը ճիշտ չէ։

Ելույթի երկրորդ մասում, որտեղ շարադրվում էր Հայաստանի տեսլականը, որ կառավարությունն ունի խաղաղության հաստատման մասին, Արցախի հետ կապված, ցավոք, հստակ ձևակերպումներ չկային, ու ամեն ինչ լղոզված էր։ Այո՛, նշվում էր, որ, ընդհանուր առմամբ, հակամարտությունը լուծված համարել չի կարելի, որ ուժի կիրառումը լեգիտիմ չէ, բայց ընդամենը մեկ բան ասաց, որ Արցախի հակամարտությունը սպասում է իր արդարացի հանգուցալուծմանը։

Այդ «արդարացի» բառը տարբեր պետություններ տարբեր կերպ են պատկերացնում, ճիշտ կլիներ, որ վարչապետն ավելի հստակ արտահայտվեր, օրինակ շեշտեր, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքները, կամ, առնվազն, որ ՀՀ-ն գտնում է, որ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում է նշված, Լեռնային Ղարաբաղը 1988 թվականի սահմաններով պետք է ինքնորոշվի և այլն։ Գոնե այդ սահմանները պետք է շեշտվեին, որ Արցախ ասելով՝ հասկանում ենք առնվազն 1988 թվականի սահմաններով ԼՂԻՄ-ն ու այն տարածքները, որ նախկինում ԼՂԻՄ-ի մաս են կազմել, բայց հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ են և պետք է դուրս գան ադրբեջանական վերահսկողությունից։

Ավելի կոնկրետ ձևակերպումներ էի սպասում, բայց ելույթի՝ Արցախին վերաբերող մասը զուրկ էր կոնկրետությունից, ու միջազգային հանրությունն այդպես էլ չհասկացավ, թե ՀՀ դիրքորոշումն Արցախի խնդրում ո՛րն է։

– Նիկոլ Փաշինյանի ելույթը եթե դիտարկենք իբրև պատասխան Իլհամ Ալիևի նախօրեին հնչեցրած ելույթին, ինչպիսի՞ն էր այդ պատասխանը։

– Ես չեմ էլ կարծում, թե Հայաստանի վարչապետի ելույթը պետք է լինի պատասխան որևէ մեկին։ Այնտեղ պետության ղեկավարները ներկայացնում են սեփական դիրքորոշումն ու տեսլականը, այլ ոչ թե պատասխանում են ինչ-որ մեկին։ Հակառակ պարագայում ստացվում է, որ այդ ելույթը պետք է գրվեր վերջին 24 ժամում ու լիներ պատասխան Ալիևի՞ն։

Ես դեմ եմ, որ Հայաստանի քայլերը կամ ելույթները դիտվեն պատասխանի տրամաբանության մեջ, որովհետև դա ինքնին շատ ռեակտիվ բնույթ է կրում, այսինքն՝ մենք պետք է սպասենք հարևանների խոսքին ու դրանց պատասխանենք։ Մեր խնդիրն Ալիևին պատասխանելը չէր թե՛ այդ ելույթով, թե՛ ընդհանրապես։

– Պարո՛ն Պողոսյան, եթե վարչապետի ելույթի՝ Արցախին վերաբերող հատվածը կոնկրետությունից զուրկ էր, ինչպես ասում եք, ապա դա արցախյան խնդրի լուծման համար ի՞նչ դժվարություններ կարող է ստեղծել Հայաստանի համար։

– Հիմնական վտանգը այս անորոշ վիճակի շարունակումն է, այսինքն՝ երբ միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են հակամարտության չկարգավորված լինելու մասին, ու այդ կարգավորումը տեսնում են Մինսկի խմբի ձևաչափում։ Բայց եթե այս հայտարարություններին չեն հաջորդում կոնկրետ, հստակ քայլեր, բանակցային գործընթացը չի սկսվում, և Արցախի ապագան մնում է անորոշության մեջ, ապա դա նպաստելու է Արցախից որոշ թվով հայերի հեռացմանը, որովհետև մարդիկ չեն ցանկանա իրենց երեխաների ապագան կապել մի տեղի հետ, որտեղ անորոշությունն ավելի շատ է, քան որոշակիությունը։ Իսկ դրա վտանգը նաև այն է, որ Ադրբեջանն ակտիվ քայլեր է ձեռնարկելու՝ առաջիկա հինգ տարիներին Արցախի օկուպացված տարածքները ադրբեջանցիներով վերաբնակեցնելու համար։

– Նկատի ունենալով Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող հայտարարությունները՝ Նիկոլ Փաշինյանի ասած՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելը որքանո՞վ է իրատեսական

– Կառավարության քայլերն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Հայաստանի Հանրապետությունը որոշել է, որ քանի որ ինքը պատերազմում ջախջախվել է ու այլևս վերականգնվելու ոչ մի շանս չունի, հետևաբար հետագա զարգացումներից խուսափելու համար պետք է ամեն գնով հասնել խաղաղության, այդ թվում՝ Արցախի կարգավիճակն անորոշության մեջ թողնելով, կատարել Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները, միայն թե լինի խաղաղություն։ Չգիտեմ՝ իրենք իսկապե՞ս նման ընկալում ունեն, բայց իրենց քայլերից այսպիսի տպավորություն է ձևավորվում։

– ՄԱԿ-ի երեկվա ելույթի՞ց էլ էր նման տպավորություն ձևավորվում, պարո՛ն Պողոսյան։

– Թուրքիայի մասին որևէ բան չասելը խոսում է այն մասին, որ, այո՛, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանը պատրաստ է հրաժարվել կամ մոռանալ պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին ու վերջին 30 տարիների հակահայ գործողությունները, երեկվա ելույթը դա ցույց տվեց։

– Այսինքն՝ Թուրքիայի կողմից առաջարկվող նախապայմանները ընդունո՞ւմ է Հայաստանի իշխանությունը։

– Թուրքիան երեք նախապայման ունի՝ փաստացի հրաժարում Արցախից, Ցեղասպանության միջազգային ճանաչումից ու սահմանների ճանաչում։ Առաջին նախապայմանը, կարելի է ասել, այո՛, նոյեմբերի 10-ի համաձայնագիրը ստորագրելով ու հիմա քայլեր չձեռնարկելով այդ անորոշությունը մեղմելու ուղղությամբ, բոլորն էլ հասկանում են, որ 10-15 տարի հետո Արցախը դառնալու է Նախիջևան ու ինքնըստինքյան փակվելու է, հետևաբար, այո՛, առաջին նախապայմանն ընդունված է։

Երկրորդ նախապայմանը մենք տեսնում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը դե ֆակտո չկա, դե յուրե դժվար է ասել, որովհետև կառավարության ծրագրում նշված էր այդ մասին, բայց շատ անհասկանալի ձևակերպմամբ, քայլեր չենք տեսնում այդ ուղղությամբ։ Այսինքն՝ երեք նախապայմաններից երկուսն առնվազն ընդունված են, ու հասկանալի է, որ եթե հարաբերությունների լավացման գործընթաց է սկսվել, կիրականացվի նաև երրորդը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am