«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում. Fip.am

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հուլիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում «ցնցող լուր» էր հայտնել՝ գրելով, թե իր տեղեկություններով՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դիմելու է կառավարություն՝ պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիներում ծեսեր անցկացնելու հնարավորություն ստանալու համար։

«Երեկ ցնցող մի լուր իմացա։ Ուշադրություն։ Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն։ Կամ արդեն դիմել են։ Խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է որքան հասկացա»,- գրել էր նա։

Քաղաքագետի գրառումն անմիջապես տարածել էին մի շարք լրատվամիջոցներ՝ tert.am-ը, yelaket.am-ը, hayeli.am-ը, 168.am-ը, asekose.am-ը, antifake.am-ը և այլն։

«Կյանքի խոսքը» Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը «հիվանդագին մտքի երևակայություն» է որակում

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը Fip.am-ի հետ զրույցում գրառումն անհեթեթ որակեց։ «Դա իրականության հետ ոչ մի կապ չունի և երկրում այս բարդ համաճարակային իրավիճակում, երբ որ մարդկանց կյանքի և առողջությանն իրական վտանգ կա, ինչպե՞ս  կարող ենք մտածել բազմամարդ հավաքույթներ անցկացնելու մասին»,- ասաց նա։ 

Լուսյանը նշեց նաև, որ իրենց համար անհասկանալի է, թե պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիներ ասելով ինչ նկատի ուներ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Դիտարկմանը, թե գուցե նկատի ունի Հայ-առաքելական եկեղեցիներու՞մ հավաքներ անցկացնելը, Արմեն Լուսյանը պատասխանեց, որ դա աբսուրդի ժանրից է։ 

«Սա ուղղակի հիվանդագին մտքի երևակայություն է, այսինքն՝ մենք չունե՞նք հավաքույթներ անցկացնելու վայրեր և պետք է կառավարությա՞նը դիմենք այս պայմաններում, որ մեզ թույլտվություն տան առաքելական տաճարներում հավաքներ անցկացնել, սա շատ էժանագին արարք է՝ մարդկանց խառնաշփոթի մեջ գցելու համար, այլ բան չեմ կարող ասել»,- նշեց նա։

Իսկ հարցին, թե, առհասարակ, որևէ հարցով կառավարությանը դիմելու նախաձեռնություն եղե՞լ է՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակը պատասխանեց, որ ոչ, իրենք որևէ դիմում կառավարություն չեն ներկայացրել։ 

Պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների պահպանությունը Առաքելական եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ

Տեր Եսայի քահանա Արթենյանը Fip.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Մելիք-Շահնազարյանի հայտարարության մասով: Քահանան ենթադրեց, որ պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիներ ասելով քաղաքագետը նկատի է ունեցել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող վանքերն ու եկեղեցիները։ «Կան խոնարհված եկեղեցիները, որոնք նաև հուշարձանների պահպանության կոմիտեի հսկողության տակ են, չգիտեմ՝ դրա մասի՞ն է խոսքը, թե՞ ոչ»,- ասաց նա։

Տեր Եսային նաև նշեց, որ եթե նույնիսկ կառավարությունը նման դիմում ստանա, կարծում է, որ թույլտվություն չեն կարող տալ։ «Իհարկե, միանշանակ չեմ կարող ասել, որ չի կարող կառավարությունը որևէ որոշում կայացնել նման եկեղեցիների հարցում, բայց չեմ կարծում, որ դա հնարավոր է, եթե նույնիսկ նման իրավիճակ լինի, կառավարությունը հաշվի կառնի եկեղեցու կարծիքը»,- ասաց նա։ 

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանի Հանրապետությունն ու Հայ-առաքելական եկեղեցին իրականացնում են համատեղ:

Այսպիսով, Հրանտ Մելիք-Շահնազարյանի «ցնցող լուրը» կատարելապես կեղծ է և իրականությանը չի համապատասխանում։

Նելլի Լազարյան

Fip.am