Ո՞ւմ էր ձեռնտու դատաիրավական համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի տապալումը․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վերջին երկու տարվա ընթացքում ոչ մի համակարգ կամ ոլորտ այդքան չի գտնվել ցնցումների մեջ, որքան դատաիրավական համակարգը:

Ո’չ նախկին ռեժիմի հիմնական պարագլուխները, ո’չ այդ ռեժիմը սպասարկող ու հենասյուն հադիսացող քրեաօլիգարխիկ համակարգը, ո’չ տարիներ շարունակ մեր երկրի ընտրական համակարգը պղծած ու 10000 դրամով ընտրությունների արդյունքները կեղծած օլիգարխներն ու թաղային խուժանը, ո’չ քրեական աշխարհն ու օրենքով գողերը, ո’չ էլ մարզային ֆեոդալներն իրենց մաշկի վրա չեն զգացել այդ ցնցումներն ու հարվածները, որքան դատաիրավական համակարգը։

Դատելով այդ համակարգի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի իրական արդյունքներով՝ անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ գործող դատաիրավական համակարգը չունի այն հեղինակությունն ու վստահությունը, որ կարողանա վստահաբար իրականացնել իր առաքելությունը` գտնվելով որևէ ազդեցությունից դուրս…

Գոնե ինձ համար արդեն պարզ է, որ այս համակարգը պատրաստ չէր և այսօր էլ պատրաստ չէ հայտնի գործերով ոչ միայն իրականացնել օբյեկտիվ քրեական հետապնդում, օբյեկտիվ քննություն և դատավարական հսկողություն, այլև պատրաստ չէ իրականցնել արդարադատություն:

Մի կողմից շեշտում ենք, որ այս համակարգը ձևավորվել ու կայացել է նախորդ ռեժիմների օրոք, մյուս կողմից զայրանում ենք, որ այդ համակարգը չի ցանկանում դատել իրեն ստեղծած ու կայացրած ռեժիմի պարագուխներին:

Դուք իսկապե՞ս ցանկանում եք դատել բոլոր հանցագործներին, ուրեմն առաջին հերթին համակարգը պատրաստեք այդ խնդիրը լուծելուն..
.
Բայց ես հեռու եմ այն մտքից, որ այս ամեն ինչի մեղավորը միայն դատական իշխանությունն է։

Քննչական մարմիններն ու դատախազությունն իրենց տեղերում լինեին, ներկայացնեին անխոցելի քննության արդյունքներ ու մեղադրանք, տեսնեմ դատական համակարգը քանի՞ գլուխ ուներ այսպիսի զարգացումներ թույլ տալու համար:
Բայց դրա մասին թող մտածեն այդ մարմիններն ու նրանց աշխատանքից գոհ մնացածները:

Ինձ բոլորովին այլ խնդիր է մտահոգում. Այս մթնոլորտում ինչպե՞ս պետք է ձևավորել ու ստեղծել արդար դատական համակարգ, ի՞նչ գին պետք է վճարել` իրական արդարադատության համար, ե՞րբ և ու՞մ կողմից պետք է փրկել դատաիրավական համակարգի ստորացված պատիվը…

Բայց հարցերի հարցը մնում է այն, թե, այնուամենայնիվ, ինչու՞ են դատաիրավական փնթի աշխատանքի արդյունքում ,,Լեգետիմացվում,, նախկին քաղաքական ռեժիմների պարագլուներն ու սև կարդինալները։

Այս համակարգի փնթի աշխատանքի հետևանքով այսօր մարդու իրավունքներից, արդարությունից և քաղաքական հաշվեհարդարից խոսում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թքել են մարդու իրավունքների վրա, ովքեր բառիս բուն իմաստով հաշեհարդար են տեսել իրենց մրցակիցների հետ և ուղղակի կեղեքել են մեր երկիրը` գողանալով մեր զավակների ապագան…

✅Ու՞մ էր ձեռնտու այս իրավիճակը․․․