Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայտնաբերված և կալանավորված ադրբեջանցի զինծառայողի արտահանձնման պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ևս քրեական գործ է հարուցել և կարող է ցանկանալ սեփական վարույթի շրջանակում հետաքննություն իրականացնել։

«Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա։ Ադրբեջանը նույնպես քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել։ Ադրբեջանը կարող է ուզել իրենց քրեական գործով էլ հետաքննություն անել։ Այդ զինվորը, եթե գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև պնդել է, որ ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածքում մի քանի հանցագործություն է կատարել՝ առանձնացնելով ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակելու միջադեպը։

«Մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։ Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արել է, թե՝ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել»,- հայտարարել է Փաշինյանը։