«Հայաստանի կիսաքաղց, կոմունալները չմուծած, թևաթափ քաղաքացու համար այս ծեծկռտուքը իշխանության ոչ կոմպետենտության ապացույց է». քաղաքագետ

Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

– Տիկի՛ն Սեդրակյան, խորհրդարանի դահլիճում այսօր ծեծկռտուք եղավ։ Բռնության մշակույթը, բռնության արդարացումը հեղափոխությունից երկու տարի անց ինչպե՞ս եք գնահատում։ 

– Բռնության մշակույթը սկսվում է նրանից, երբ վարչապետը դրսևորում է կողմնակալ վերաբերմունք։ Այսինքն՝ եթե խորհրդարանում եղել է բռնության դեպք, ընդ որում՝ երբ խոսում են սադրանքի մասին, սադրանքը եղել է խոսքով, իսկ պատասխանը եղել է հարվածով, դա նշանակում է անհամամասնական արձագանք, վարչապետը պարտավոր է լինել այդ գործընթացի անաչառ արբիտր։

Նա պարտավոր է ընդհանուր դատապարտել այդ բռնության մշակույթը, պարտավոր է տալ այդ գործը ծառայողական քննության, նա պարտավոր է հավասարապես քննել այդ իրադրությունը և նաև դիտարկել այն հարցը, որ իր անձի ներկայությամբ տեղի է ունենում այդ ծեծկռտուքը, և դա չի կանխվում և դա չի կանխվում նաև իր սեփական հեղինակության ուժով, դա նշանակում է, որ իր կողմից չկա ցանկություն։ Քանի դեռ գերագույն արբիտրը բռնության մշակույթն անաչառ չի դատապարտում, Հայաստանում բռնության մշակույթը ծաղկելու է։ 

Դեռևս այն ժամանակ «ասֆալտին փռելու ենք» արտահայտության դեմ երբ ընդվզում էի և ասում, որ այդ արտահայտությունը կարող է օգտագործվել ցանկացած խաժամուժի կողմից, ինչին ականատես եղանք, տարբեր մարդիկ հայտնվեցին, գնացին, սկսեցին պահանջել սրանից-նրանից ով ում հասցեին ինչ է ասել, բռնության սպառնալիքներ, կոչեր, մենք այստեղից հասկանում ենք, որ եթե թավշյա հեղափոխությունը և այսպես կոչված ժողովրդավարական հեղափոխությունը ուզում է Հայաստանում հաստատել ոչ թե օրենքի գերակայություն, այլ ասֆալտին փռելու մշակույթ, ավելի վատ է լինելու, և պետությունն ավելի է տուժելու։

Պետությունը համակարգվում է ոչ թե սեփական թայֆայի շահերի և սեփական նախասիրությունների և սեփական էյֆորիայի ուղենիշներով, պետությունը թայֆա չէ։ 

Յուրաքանչյուր քաղաքական առաջին դեմք բոլորի առաջին դեմքն է, և յուրաքանչյուրը պետք է ընդունի, այդ թվում՝ Սասուն Միքայելյանը պետք է ընդունի, «Իմ քայլը» պետք է ընդունի, որ կարող են լինել մարդիկ, որոնք կարող են լինել սխալ կամ ճիշտ, դա էական չէ, բայց կարող են լինել նրանց ոչ համակարծիք, և կարող են չսիրել նրանց և կարող են չհիանալ նրանցով և կարող են չուտել նրանց օրգանների համապատասխան տեղերը, բայց քաղաքացիական հասարակությունը, օրենքի հասարակությունը ստեղծվում է սեփական նախասիրությունները կուլ տալով և օրենքը առաջ մղելով, որը Հայաստանում երկու տարի է՝ չկա, և, ինչպես տեսնում եմ, քանի գնում է, վատթարանում է իրավիճակը։ Ես տեսնում եմ, որ չի լինելու։

Եվ ես ուզում եմ հիշեցնել բոլոր թավշյա թիմին, որոնք եկել են իշխանության, իրենք եկել են իշխանության ոչ թե ֆեյքերի բանակով, ոչ թե պարապների միտինգներով, նրանք եկել են իշխանության գիտակից և փոփոխություն ցանկացող Հայաստանի՝ քաղաքացիական մտածողություն ունեցող մարդկանցով, և այդ մարդկանց հիասթափությունը՝ գազի, ջրի, լույսի, զրկանքների հիասթափությունը ոչինչ է արժեքների հիասթափության դիմաց։ Դրա պատասխանը ինչպե՞ս է լինելու։ 

– Այսինքն՝ բավարա՞ր չէր վարչապետի՝ կատարվածը դատապարտելը։

– Այո՛, բավարար չէր։ Պետք է պահանջեր նաև ծառայողական հետաքննություն, նաև իր թիմի ներսում կատարեր մի հսկայական զտում, որովհետև այն մարդը, որը եկել է որպես դեմոկրատական թիմի անդամ, իրավունք չունի ծեծկռտուքի մասնակցել։ Հազար մարդ կարող է հազար բան սադրել։

Հազար ներողոթյուն, ես կարող եմ գնալ փողոցով, և մեկը իմ հետևից հայհոյանք շպրտի, բայց խփողը միշտ մեղավոր է, որովհետև նա է գործողություն անում։

Պարզվում է՝ իշխանական թիմը ելույթ է ունենում՝ ասելով, որ սադրողներն են մեղավոր։ Ասեմ, որ հաճախ բռնաբարողները ասում են, որ կինը սադրեց իրենց նրանով, որ կարճ շրջազգեստ էր հագել: Սա տկարամիտ հասարակության մոտեցում է: Ի՞նչ է նշանակում սադրել: Այն, ինչ քո քիմքին հարմար չի, սադրա՞նք է:

Սա խայտառակություն է, և կարծում եմ՝ շատ մեծ արձագանք է ունենալու, ընդ որում՝ հետագա հետևանքներով: Նաև միջազգային արձագանք է ունենալու, որովհետև երբ տարբեր երկրների խորհրդարաններում ծեծկռտուք է լինում, որ հիմա իշխանական շատ պատգամավորներ տեսանյութեր են հրապարակում, եկեք չմոռանանք, թե ինչ կարգի պաշտպանված են այդ պետությունների քաղաքացիները:

Ասենք՝ Անգլիայի քաղաքացու, Հոնկոնգի քաղաքացու համար խորհրդարանի ծեծկռտուքը թամաշա է, իսկ Հայաստանի կիսաքաղց, կոմունալները չմուծած, տարբեր մարտահրավերների առաջ կանգնած, թևաթափ քաղաքացու համար դա իշխանության ոչ կոմպետենտության ապացույց է:

– Վարչապետը հայտարարեց, որ չպետք է տրվել սադրանքների, որ փորձում են իրենց հավասարեցնել պադյեզդում ծեծողների, քիլերների: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Սադրանքներին չտրվելու համար պետք է ունենալ կազմակերպված թիմ, որն ունենում է արգումենտացիա, ունենում է հանրային խոսքի շնորհք և կարողանում է հակադարձել հակառակորդին, որը խոսքով է հանդես գալիս: Կապ չունի՝ ինչ խոսքով, բայց կարողանում է հակառակորդին ոչնչացնել խոսքով:

Ինչպես Սահմանադրական դատարանի հարցը չեն կարողանում լուծել կոմպետենտ իրավաբաններով, որովհետև չունեն այդպիսիք, այդպես էլ չեն կարողանում ԱԺ-ի «սադրանքի» հարցը լուծել՝ համապատասխան հակառակորդներով:

Դրա համար մեղադրում են բոլորին ու նորից գնացին հասան Սերժին: Մի՞թե չի կարելի հասկանալ, որ մարդիկ արդեն ծիծաղում են Սերժի մասին հիմնավորումները լսելով:

Յուրաքանչյուր մտածող մարդու համար դա ծիծաղելի է, արդեն ֆեյքերն էլ չեն կարողանում ակտիվ մասնակցել այդ քննարկումներին, որովհետև նրանց ոչ ոք չի լսում: 

– Ի՞նչ պետք է անի իշխանությունը այս պայմաններում, ի՞նչ կլինի, եթե վերանայումներ չարվեն:

– Գիտե՞ք երբվանից պետք էր վերանայումներ անել՝ ասֆալտին փռելուց, փողոցում խորոված ուտելուց: Իսկ հիմա արդեն ԿԳԲ-ն իր քաղաքական թիմը պատրաստել է և վաղը-մյուս օրը ԿԳԲ-ի այդ խայտառակ թիմը գալու է ոմանց անգործությամբ, ոչ պրոֆեսիոնալությամբ, թայֆաբազության պարարտ հողի վրա: Հենց դա է ինձ սարսափեցնում: 

Մանե Հարությունյան

MediaLab.am