«Հեռախոսի լույսերով, մե կերպըմ նշանադրություն ենք էրե, ու ըդիկ եղել է Դադիվանքի վերջին նշանադրությունը»․ լիբանանահայ Նարինեի և գյումրեցի Ժորայի սիրո պատմությունը

Լիբանանահայ 27-ամյա Նարինէ Փոլատեանը և գյումրեցի 28-ամյա Ժորա Աբգարյանը Դադիվանքում նշանադրված վերջին զույգն են։ Ասում են՝ նշանադրվելու որոշումը կայացրել են այն պահին, երբ վանքի հանձնմանը մնացել էին հաշված ժամեր՝ մի կողմում ռուս խաղաղապահներն էին, մյուս կողմում՝ ադրբեջանական բանակը։ Իրենց սերն էլ ծագել և զարգացել է նույնքան անսպասելի, որքան Դադիվանքում պսակադրվելու որոշումը:

«Վերջին րոպեներն էին, օր բդի գայինք Դադիվանքից, շատ թախծոտ վիճակ էր մոտներս, օր եկել, հասել էինք Դադիվանք, բայց փախնեինք գը։ Ադրբեջանի բանակն ու ռուս խաղաղապահները կսպասեին արդեն մեզի։ Երբ օր Տեր Հովհաննեսը եկավ, մեր չկնքված ընկերներից մեկը կնքվելու ցանկություն հայտնեց: Ըդիկ ինչխ օր առիթ եղավ, օր մեր նշանդրեքն էլ կազմակերպեինք։ Ըսեցինք՝ ընչի չէ՞ օր։ Սաղ եկեղեցին քանդված, հեռախոսի լույսերով մե կերպըմ ըդպես նշանադրություն ենք էրե, ու ըդիկ եղել է Դադիվանքի վերջին նշանադրությունը»,- ասում է Ժորան, որն իր ապագա կնոջը հանդիպել է հայրենի Գյումրիում:

Նարինե Փոլատեանը խաչքարագործ է։ Ժորայի և Նարինեի սիրո պատմությունը ևս Նարինեի մասնագիտության նման յուրահատուկ է: Գյումրեցի Ժորան խաչքարագործ Նարինեին առաջին անգամ տեսնում է հեռուստացույցով, որտեղ աղջկա մասին հեռուստառեպորտաժում ներկայացվում է Լիբանանից Հայաստան նրա վերադարձի, մասնագիտության և Արամի փողոցում գտնվող արվեստանոցի մասին: Ասում է, որ այդ պահին հասկանում է. Նարինեն հենց այն միակն է, որին ողջ կյանքում փնտրել է։ Սակայն ինքը, բացի մեկ տեսանյութից, ոչինչ չուներ, նույնիսկ չգիտեր՝ Արամի փողոցը որտեղ է, կամ ինչ պիտի ասեր, եթե գնար։ 

«Հենց տեսա իրան, հասկցա, օր ամբողջ կյանքում իրան էի փնտրել: Երևանից էլ ընդհանրապես տեղեկացված չէի, Արամի փողոցը չիդեի՝ ուրդեղ է: Հմի օր տեսել, սիրահարվել էի, ուշք ու միտքս հա՛մ ինքն էր, հա՛մ չէի ուզե էրթամ։ Ոչ թե ուղղակի չէի ուզե էրթայի, այլ գուզեի լավ պատրաստվեի, նոր էրթայի»,- ասում է Ժորան և հավելում՝ Արամի փողոցն ու Նարինեին գտել է մի զավեշտալի դեպքի շնորհիվ։

«Ուրեմն Նարինեին հեռուստացույցով տեսնելու հաջորդ օրը ընկերս՝ Արմանը, ով կզբաղվի տների ներքին դիզայնով, կզանգե ընձի ու կհամոզե, օր էրթամ իրա մէ գործը նայելու։ Ես տան դիզայնից կիլոմետրերով հեռու մարդ, չէի ուզե էրթայի, կըսեի՝ չե՛մ սիրե, ընձի տան դիզայն չի հետաքրքրե։ Մէ օրըմ էլ իրա հետ հելանք քաղաք, ըսավ՝ արի գնանք, ցույց տամ, վերջը գնացինք։ Ելանք էդ շենքը նայեցինք, ման եկանք, իջանք վար։ Շենքից օր դուրս եկանք, աջով բդի երթայինք, ըսի՝ չէ՛, քել ձախով էրթանք։ Ձախով մտանք, ու տեսնիմ՝ արվեստանոցն ուղիղ դեմս է: Ըսի՝ Արմա՛ն, մե րոպեմ, էս ո՞ր փողոցն է, հը բը՝ Արամի։ Ու ըդտեղ ամեն ինչ պարզ դարձավ, Արմանն էլ դառավ առաջին մարդը, որ իմացավ Նարինեի մասին»։

Ժորան հիշում է՝ իր տեսած տեսանյութում արվեստանոցի դիմաց մի մեծ քանդակած նուռ կար դրված։ Նուռն էլ արվեստանոցի դիմաց էր, միանգամից ճանաչեց, հետո որոշեց լուսանկարել արվեստանոցը և ուղարկել Նարինեին։ Այդպես սկսեցին խոսել։ 

«Ըմբես պաշտոնական կխոսայի, ընձի դրել էի խաչքարագործի տեղ, կհորինեի ինչ-որ բաներ, մտել գուգլից լավ ուսումնասիրություններ էի էրե, թե ինչխ կարելի էր խաչքարերից ու արվեստից խոսալ։ Ընձի-ընձի փիլիսոփայել եմ էդ օրը»,- ասում է Ժորան և հավելում՝ այդ խոսակցությունից մի քանի օր անց որոշում է հանդիպման եզրեր գտնել Նարինեի հետ։ Այդ հանդիպման պատճառն էլ դառնում են իրենց տան վերանորոգման աշխատանքները։ 

Ասում է՝ Նարինեին դիմեց՝ որպես ճարտարապետ-դիզայների՝ վերանորոգման հարցում օգնելու համար, և հրավիրեց սրճարան։ Այդ օրն 8 ժամ անցկացրել են սրճարանում ու զրուցել՝ մոռանալով հանդիպման բուն առարկան՝ վերանորոգումը։ Որոշում են էլի հանդիպել այդ հարցով, հանդիպումները սկսում են կրել պարբերական բնույթ, ապա լրջանում:

Նարինեն հիշում է, որ առաջին անգամ Լիբանանից Հայաստան է այցելել 2014 թվականին, և իր համար շատ սպասված այցելություն է, քանի որ ամբողջ կյանքում դաստիարակվել է Հայաստանի հանդեպ սիրով, հայկական երգերով, պարերով և մշակույթով:

«Այդ ժամանակ պտտեցանք, եկեղեցիները նայեցանք։ Այո՛, շատ ուրախ էի, որ եկա, բայց ավելի դուրիսթ զգացի ինձ, կուզեի ժողովրդի հետ շփվեի և հայաստանցիի պես կյանքը ապրեի»,- պատմում է Նարինեն և հավելում՝ հաջորդ այցի մասին որոշումը շատ արագ կայացրեց։ Իսկ հաջորդ այցն արդեն 2018 թվականին էր։

Նարինեն նշում է, որ Բեյրութում ճարտարապետական օֆիսում աշխատել է որպես ճարտարապետ-դիզայներ և որոշել է գալ Հայաստան:

«Ընտանիքիս քիչ մը խաբեցի։ Մամայիս ըսի՝ մա՛մ, «Դեպի Հայք» ծրագիրը կա, այնտեղ ամեն մարդ չընդունվիր (սուտ ըսի, ամեն մարդ ալ կընդունվեր), ըսի՝ լավ բան է, պիտի երթամ 1 ամսով, բայց ես այնտեղ արդեն 5 ամիս էի գրել։ Հետո արդեն, երբ ժամանակը մոտեցավ, ըսի՝ մա՛մ, 1 ամիս չէ, 2 ամիս է, կամաց-կամաց կպատրաստեի իրեն, որ վատ չըլլար։ Հետո, երբ ժամանակն ալ ավելի մոտեցավ, մամաս ըսավ՝ ինձի վերջնական ըսե, քանի՞ ամիս պիտի երթաս, ըսի՝ 5։ Այդպես ես եկա»։

Ծրագրի կազմակերպիչները Նարինեին առաջարկում են Գյումրի գնալ, որի տեղը նույնիսկ լավ չէր պատկերացնում: 

«Ըսի՝ այո՛, լավ, կփորձեմ։ Նախ Գյումրի եկա 3 ամիս, այստեղ կբնակվեի մի հյուրընկալ ընտանիքի մոտ, որի հետ մինչև այսօր կապ կպահեմ։ Հետո՝ 5 ամիսը դարձուցի 6 ամիս, 3 ամիս ալ Երևան մնացի։ Երևան Ճարտարապետական օֆիսում կաշխատեի։ Ինձի այնտեղ ըսին՝ Նարինե՛, մի՛ երթար Լիբանան, մնա՛, մենք քեզ այստեղ գործ կտանք։ Այդպես ես մնացի»,- ասում է Նարինեն և հավելում՝ Գյումրին սիրեց առաջին իսկ օրվանից, իսկ Երևանում ապրել այդպես էլ չսովորեց:

Այսօր Նարինեն և Ժորան ապրում են Գյումրիում: Բեյրութում ծնված և մեծացած Նարինեն ասում է, որ Գյումրին միանգամից սիրեց: Գյումրիում սկսեց աշխատել «Թումո» ստեղծարար կենտրոնում որպես դասընթացավար:

«Հանգիստ քաղաք է, մշակութային է։ Երևանն ալ Բեյրութի պես է՝ շատ ակտիվ, շատ մարդկանցով, իսկ ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ, ինձի Գյումրին է ավելի մոտիկ։ Հետո՝ ըսեմ, որ այստեղի բարբառն ավելի մոտիկ էր արևմտահայերենին, ես Երևան որ գացի, շատ չէի հասկնար»,- ասում է նա։

Նարինեն պատմում է, որ խաչքարագործությամբ պատահմամբ սկսեց զբաղվել։ 

«Արամի փողոցում խաչքարագործներ կան, այդ խաչքարագործների մոտով անցա և տեսա արվեստանոցը։ Այնտեղից ալ որոշեցի, որ պիտի սորվիմ։ Ինձի այդ աշխատանքի գործնական մասն էր, որ քիչ մը կանհանգստացներ՝ քար կհանեին, քար կիջեցնեին։ Ես շատ ամաչկոտ էի, բայց այդ օրը խաչքարագործներին ըսի՝ ո՞վ է ձեր վարպետը, ես պիտի խոսիմ իրեն հետ։ Ըսի՝ կուզեմ անպայման սորվիմ, ծիծաղելով ըսավ՝ հա՛, եկուր սորվի։ Հեռախոսահամարներով փոխվեցանք, և այդպես սկսա խաչքարագործություն սորվել»։

Ասում է՝ սկզբնական շրջանում բարդություններ գրեթե չկային, որովհետև ամեն ինչ հեշտ էր թվում։ Շաբաթը երկու օր էր գնում, և ֆիզիկական ծանրաբեռնվածությունն էլ այդքան մեծ չէր։ Բարդություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ արդեն աշխատանքի առաջարկ ստացավ վարպետից:

«Վարպետս՝ Համբիկ Համբարձումյանը, ըսավ՝ Նարինե՛, կուզեմ մեր հետ աշխատիս։ Հա՛մ ես շատ ուրախ էի, հա՛մ ալ կմտածեի՝ ճարտարապետի մասնագիտությունս պիտի ձգեմ և սկսիմ խաչքարագործությամբ զբաղվել։ Ծնողներիս հետ ալ քիչ մը դիլեմայի մեջ մտա։ Մամաս ըսավ՝ չէ՛, Նարինե՛, մի՛ ըներ, տղու գործ է, ծանր է, մեջքդ պիտի ցավի, պաղ է, բայց պապաս ըսավ՝ ինչու չէ, փորձե՛։

Սկիզբը դժվար էր, որովհետև ամեն օր 8-9 ժամ կաշխատիս։ Կհիշեմ՝ առաջին շաբաթը մկաններս կցավեին, ձեռքերս, հետո սկսավ մեջքս ցավիլ։ Օրվա մեջ ես չէի զգար, բայց գիշերը, երբ կպառկիս, հոն արդեն կզգաս, որ լավ հոգնել ես»,- ասում է Նարինեն և հավելում՝ ծնողները սկսեցին ընդունել իր՝ խաչքարագործությամբ զբաղվելն այն ժամանակ, երբ իրեն սկսեցին անընդհատ հեռուստացույցով ցույց տալ և լրատվամիջոցներով լուսաբանել, և խաչքարագործությունը դարձավ այն արվեստը, որ մինչ օրս փորձում է Նարինեն զարգացնել Գյումրիում։

«Էսօր ես ու Նարինեն կփորձենք մեր հնարավորության սահմաններում ամեն ինչ էնենք մեր երկիրը զարգացնելու ու ավելի լավը դարձնելու համար»,- հավելում է Ժորան։

Անի Մարտիրոսյան

MediaLab.am