«Երեխաներս ասում են՝ մա՛մ ջան, ե՞րբ ես գալու, մեր ընտանիքներին չենք տեսնում գարնանից, բայց չենք նեղվում». Նուշիկ Ուռումյանը

Արթիկի բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյանը մարտ ամսվա վերջից թողել է ծննդավայրը, ընտանիքը, երեխաներին ու եկել է Երևան՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում իր մասնագիտական օգնությունը ցուցաբերելու կորոնավիրուսով վարակված հիվանդներին։

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը 3 ամիս առաջ վերապրոֆիլավորվել է՝ որպես նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն:

Բժշկական կենտրոնում Նուշիկ Ուռումյանը կատարում է հիմնականում մայրապետի պարտականություններ, քանի որ քոլեջը դեռևս չի ավարտել։

«Ես ապրում էի Մարալիկ քաղաքում։ Ինձ շատ էր անհանգստացնում, որ կորոնավիրուսը մեր երկիր էր հասել, ես չէի կարող տանը նստել, սպասել ու ոչնչով չօգնել։ Քանի որ առողջապահության նախարարությունը կամավորներ էր հավաքագրում, որոշեցի գրանցվել և եկա»,- պատմում է Նուշիկ Ուռումյանը։

Ուռումյանը բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքում է աշխատում, օգնում է բուժակներին, հոգեբանական աջակցություն է ցույց տալիս հիվանդներին։ Նոր եկած հիվանդները, նրա խոսքով, շատ ընկճված են լինում։ 

«Հիվանդը գալիս է նեղված, հուզված, դեպրեսիայի մեջ։ Առաջին ժամերին նրանց հոգեբանական աջակցություն ենք ցույց տալիս։ Ասում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, կորոնավիրուսը դատավճիռ չէ, մենք այստեղ ենք իրենց օգնելու, բուժելու համար։ Ամեն ինչ անում ենք նրանց տրամադրությունը բարձրացնելու համար, կատակներ ենք անում։ Շատ հիվանդներ ունեմ, որ ասում են՝ մինչև դուք մեզ հետ հաց չուտեք, չենք կարող ուտել: Բայց մենք բացատրում ենք, որ չենք կարող ուտել, բայց մի օր կմիանանք՝ հույս տալով, որ ամեն ինչ լավ է լինելու»,- նշում է նա։

Ասում է, որ անընդհատ հիվանդներին հսկողության տակ են պահում, յուրաքանչյուրը 2 ժամը մեկ ստուգումներ են անցկացնում։

«Անընդհատ չափումներ ենք անում։ Հիմնականում թոքաբորբն է շատ արագ տարածվում, մեկ-երկու օրվա մեջ հսկայական տարբերություն է նկատվում։ Ռենտգեն նկարների միջև տարբերությունը, որ, օրինակ՝ արել ենք նախորդ օրը և այսօր, հսկայական է»,- ասում է Նուշիկ Ուռումյանը։

Մայրապետի համար նմանատիպ աշխատանքում ներգրավվելը հեշտ չի եղել՝ հատկապես սկզբնական շրջանում։ Դեռևս քոլեջը չավարտած՝ հայտնվել էր աշխարհին նոր մարտահրավեր նետած կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ Սակայն մարդկանց օգնելու ցանկությունը, բժիշկների խորհուրդները, թիմային աշխատանքը օգնել են հաղթահարելու տագնապը, և այժմ, նրա խոսքով, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում։

«Սկզբում ինձ համար ահավոր դժվար էր, հիվանդները՝ ընկճված, բուժանձնակազմը՝ արտահագուստով, թվում էր՝ սարսափ ֆիլմի մեջ ես։ Դուրս ես գալիս քաղաք, լրիվ ուրիշ է կյանքը, գալիս ես հիվանդանոց՝ լրիվ ուրիշ է։ Առաջին օրերին շատ էի լացում, ասում էի՝ էս ինչ է կատարվում, բայց հիմա ամեն ինչը հաղթահարել ենք։

Բժիշկները քրտնաջան աշխատանք են կատարում՝ իրենց կյանքի գնով, ես դա տեսա, զգացի, ապրեցի, հիմա ոչ մի դժվարություն չկա։ Փորձ ձեռք բերեցինք, բժիշկներն էլ խորհուրդներ տվեցին, օգնեցին»,- պատմում է Ուռումյանը։

Ասում է, որ աշխատանքում ամենաուրախ պահերից է, երբ որևէ հիվանդ ծանր վիճակից դուրս է գալիս։ Այդ ժամանակ մոռանում են աշխատանքի դժվարությունները, երբ տեսնում են շնորհակալ աչքերը։


«Երբ տեսնում ենք մի հիվանդ ապարատի տակից դուրս է գալիս, մի ուրախություն, ծափահարություններ, նույնիսկ կողքի հիվանդները, որ տեսնում են, թե ոնց ենք ուրախանում, իրենք էլ են հուզվում: Հիվանդներ ունենք, մեզ հետ կապի մեջ են, զանգում են, մեկ-մեկ հիվանդանոց են գալիս՝ մեզ տեսնելու։ Շատ շնորհակալ հիվանդներ ունենք, արածդ աշխատանքից ավելի գոհ ես մնում, որ տեսնում ես՝ օգնել ես»,- ասում է մայրապետը։

Ամենաբարդ իրավիճակը, մայրապետի խոսքով, հիվանդին կորցնելն է։ 

«Հենց մի զոհ ենք ունենում, կոտրվում ենք բոլորս։ Դրա համար այս ամեն ինչը տեսնելով՝ խնդրում եմ, կոչ եմ անում, որ մեր հայրենակիցները իրավիճակին սթափ մոտենան, ամեն մեկն իր վրա պատասխանատվություն վերցնի: Կանոնները պահպանի, մենք շատ կարճ ժամանակահատվածում կունենանք հաջողություն»,- վստահեցնում է մայրապետը։

Նուշիկ Ուռումյանը հորդորում է մարդկանց տանը մնալ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի։ Ինքն արդեն քանի ամիս է՝ չի տեսել երեխաներին, որոնք սպասում են իր վերադարձին։

«Երեխաներս ասում են՝ մա՛մ ջան, ե՞րբ ես գալու։ Մնում են տատիկի, քրոջս մոտ։ Մենք մեր ընտանիքներին չենք տեսնում, գարնանից զրկվեցինք, ամառվանից զրկվեցինք, բայց մենք՝ բուժաշխատողներս, չենք նեղվում, դուք էլ մի՛ նեղվեք, մնացեք տանը, դուրս մի՛ եկեք, էս տարի անցկացրեք տանը»,- ընդգծում է մայրապետը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am