Ուղևորահոսքի այսպիսի նվազում երբևէ չի եղել. Ռևազյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ուղևորահոսքի զգալի նվազում է նկատում, դրա վնասների մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռևազյանն այս մասին ասաց Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո լրագրողներից հետ զրույցում:

«Շատ շուտ է ասել, թե ինչ վնասներ կլինեն, սակայն նման բան երբևէ չի եղել ամբողջ աշխարհում: Այսպիսի հոսքի նվազում երբևէ չի եղել: Տարբեր մասնագետներ դա համեմատում են Երկրորդ համաշխարհայինի հետ»,-ասաց նա ու նկատեց, որ տնտեսությունն իսկապես կախված է այդ ուղևորահոսքից:

Նա նշեց՝ իրոք շատ կտրուկ նվազում կա, սակայն խնդիրը միայն Հայաստանում չէ: Մյուս պետությունները շատ ավելի մեծ վնաս են կրել: Այսօրվա դրությամբ չվերթները չեղարկել է «RyanAir»-ը, «Wizair»-ից չեղարկում չի եղել: «Շատ լուրջ չեղարկումներ չկան,սակայն  ուղևորահոսքը հաստատ նվազել է»,-ասաց Ռևազյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի առումով ռիսկային երկրների հետ օդային սահմանը փակելու վերաբերյալ հարցին՝ նա արձագանքեց. «Դա թվում է մի քայլ, որը կլուծի մեր բոլոր խնդիրները, սակայն կարող է խնդիրը լրջացնել: Ուղևորները, որոնք արդեն եկել են, եթե գային տարանցիկ ուղիներով, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Մենք ունենք ուղիղ չվերթներ, կարող ենք միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ իրենք տարանջատված լինեն մնացած ուղևորներից: Տարանցիկի հարցը շատ ավելի բարդ է»,-ասաց Ռևազյանը: