Փաշինյանը ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստում անհրաժեշտ է համարել մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ

Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը առողջապահության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հետագա  խորացմանը` ուղղված բնակչության առողջության բարելավմանը, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում փոխգործակցության և կոլեկտիվ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև Միության անդամ պետությունների՝ միջազգային ասպարեզում ընդհանուր շահերի աջակցմանը:

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

«Այս համատեքստում կցանկանայի նշել Միության անդամ պետությունների բժշկական օգտագործման համար նախատեսված ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով և դեղագործական նյութերով հագեցվածության մակարդակի բարձրացման գործողությունների ծրագրի մշակման կարևորությունը: Դրանց արտադրությունը պետք է ապահովվի Միությունում:

Համոզված եմ, որ մեր երկրների հետագա համատեղ և համակարգված գործողություններն առողջապահության և դեղագործական արտադրության բնագավառում համագործակցության զարգացման ոլորտում հետագայում դրական արդյունքների կհանգեցնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ՝ այդ խնդիրների լուծմանն ավելի ակտիվ ներգրավելով պետական ռեսուրսները և ԵԱՏՄ վերազգային զարգացման ինստիտուտները, այդ թվում՝ Մասնագիտացված ներդրումային ֆոնդերի ստեղծման միջոցով:

«Բացի այդ, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդկային կապիտալի ամրապնդումը և տեխնոլոգիական զարգացումը մեր տնտեսությունների կայուն տնտեսական աճի հիմնական գործոններից են:

Այս առումով անվիճելի է Միությունում մարդկային կապիտալի կուտակման կարևորությունը ավելի հուսալի նորարարական էկոհամակարգ ստեղծելու համար, այդ թվում` կրթության մեջ ինտեգրման գործընթացների խորացման և գիտանորարարական գործունեության միջոցով»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հաշվի առնելով, որ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ունի սահմանափակ կարգավորիչ գործիքներ կրթության ոլորտում, նա առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական շարժունակության հարթակ:

«Կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ունեցող՝ Միության թվային օրակարգի թեմային: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման մեջ է դրվում Միության «Միասնական որոնման համակարգի «Աշխատանք առանց սահմանների» առաջին համատեղ թվային նախագիծը:

Այս նախագծի շնորհիվ Միության քաղաքացիների համար կհայտնվեն աշխատանքի նոր հնարավորություններ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում: Գործատուների համար կավելանա անձնակազմի որոնման հարթակների ցանկը:

Իսկ անդամ երկրների համար կներդրվեն Միության աշխատաշուկայի զարգացման ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ»,-նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը՝ ԵԱՏՄ տարածքում  իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ, որն ապահովում է Միության և նրա անդամների շահերը համաշխարհային առևտրում:

Նիստն անցկացվել է հեռավար: Բացի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներից մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներ՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը: