Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը

Նախադպրոցական կրթության ոլորտում կսահմանվի մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգի նախագիծը։

Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում նախադպրոցական ուսումնական հաստատություններում սաների ընդունելությունն իրականացվում է առանձին համայնքների սահմանած կարգով և ժամկետներում: Տարբերվում են նաև համայնքների սահմանած ընդունելության առաջնահերթություններն ու պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Իրավական ակտի ընդունումը կսահմանի նախադպրոցական կրթության ոլորտում մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն, ինչը կնպաստի գործընթացի թափանցիկությանը և արդյունավետությանը։ Մասնավորապես, նախագծով կարգավորվում են երեխայի` նախադպրոցական հաստատություն հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:

Երեխայի ընդունելությունը
Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով սահմանված տարիքային խմբին համապատասխան: Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը մուտքագրում է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառավարման տեղեկատվական համակարգ»։

Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն ծնողի ընտրությամբ կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով դասընթաց իրականացնող խմբում: Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու կամ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը՝ հաստատությունում օտար լեզվով դասընթացի առկայության դեպքում:

Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է՝ առաջին կա՛մ երկրորդ կարգի հաշմանդամություն, կա՛մ երեք և ավելի երեխա ունեցող, կա՛մ զինծառայող ծնողի երեխաներին, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին, տվյալ հաստատությունում ընդգրկված քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։ Հաշվի առնելով համայնքի առանձնահատկությունները` համայնքի ղեկավարը կամ ավագանին կարող են սահմանել այլ առաջնահերթություններ:

Երեխայի հերթագրումը
Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումն իրականացվում է տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Երեխայի հերթագրումը հաստատություն իրականացվում է ծնողի դիմումի (թղթային կամ էլեկտրոնային) հիման վրա: Երեխային մանկապարտեզում հերթագրելու դիմումը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, երեխան հաշվառվում է կառավարման համակարգում: Ներկայացված դիմումը ենթակա է մերժման ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում:

Տարիքային խմբերի ձևավորումը
Հաստատությունում խմբերը ձևավորվում են սաների տարիքի հիման վրա և տարբեր տարիքի երեխաների համակազմով:

Տարիքային խմբերում սաների առավելագույն թիվ սահմանվում է՝
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)՝ 15 սան.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)՝ 20 սան.
3) կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)՝ 20 սան.
4) կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)՝ 30 սան.
5) միջին խումբ (4-5 տարեկան)՝ 30 սան.
6) ավագ խումբ (5-6 տարեկան)՝ 30 սան:

Տարատարիք խմբեր կարող են ձևավորվել հետևյալ տարիքի երեխաների ընդգրկմամբ՝
1)1-3 տարեկաններ՝ առավելագույնը 20 սան.
2) 3-6 տարեկաններ՝ առավելագույնը 30 սան:

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը: