Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկներում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ,բացի այդ,ստեղծել միջազգային դատարան դիմելու մեխանիզմ՝ճգնաժամի դեպքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով հարցին,թե հնարավո՞ր է մինչև տարվա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիր՝ Գրիգորյանն ասաց՝ հնարավոր է,եթե Ադրբեջանը դրան դրական արձագանքի: Կախված է Ադրբեջանից,Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
«Մենք խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել երաշխավորների ինստիտուտ:Այսինքն՝ թե միջազգային կազմակերպության,թե պետությունների կողմից խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ ստեղծվի:Եվ այդ երաշխավորների ինստիտուտը կարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը:Բացի դրանից,մենք նաև առաջարկել ենք,որ մեխանիզմ ստեղծվի՝ հնարավոր միջազգային ինչ-որ դատարան դիմելու,եթե առաջանում է ճգնաժամ, ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը,ապա դիմենք միջազգային դատարան»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմից ներկայացրած առաջարկներում կա՞ Լեռնային Ղարաբաղին ուղղակի կամ անուղղակի առնչվող կետ, որով կարող է հանգուցալուծում լինել՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ դա բանակցության հարց է։«Երբ բանակցությունները տեղի ունենա, հարցը վերջնական կհասկանանք»,- ասաց Գրիգորյանը: