Ինչ պետք է աներ ՀՀ ԱԺ-ն, որ չի արել ու չի անում․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ինչ պետք է աներ ՀՀ ԱԺ-ն, որ չի արել ու չի անում։

Ըստ ՀՀ սահմանադրության 88-րդ հոդվածի ԱԺ-ն ժողովրդի ներկայացուցչական մարմինն է և վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։ Արդյո՞ք ժողովրդի տրամադրությունները այժմ որևէ կերպ քննարկվում կամ շոշափվում են ՀՀ ԱԺ-ում, իհարկե, ոչ։ Արդյո՞ք ՀՀ ԱԺ-ն որևէ կերպ վերահսկում կամ հարցադրումներ է հնչեցնում գերծադիր մարմնին, իհարկե ոչ։ Նման ԱԺ-ն օր առաջ պետք է լուծարվի։

Նոր չէ, որ գրում եմ սրա մասին, դեռևս Սահմանադրական դատարանի շուրջ ծագած խայտառակության ժամանակ եմ գրել, որ ԱԺ-ն ուղղակի գործադիրի քմահաճույքները դակող մարմին է, այլ ոչ թե վերահսկող։ Ցավոք, բավարար խորությամբ ու լրջությամբ չընկալեցին ասածս։

Այսօր, երբ մենք կանգնել ենք փաստի առաջ ու իշխանության 3 թևերից որևէ մեկը չի վերահսկում մյուսի գործողությունները, ակհնայտ է, որ երկրում միայն մեկ անձ է որոշումներ կայացնում, ու նրա որոշումները չեն վիճարկվում։ Դա ինստիտուցիոնալ ճգնաժամի հերթական դրսևորումն է, որին մենք ականատես ենք դառնում։ Բայց, մենք ունենք նաև մարդասիրական ճգնաժամ այսօր։

Այժմ ՀՀ Աժ-ն պետք է հրատապ օրենսդրական փաթեթներ ընդուներ պատերազմից վերադարձած անձանց սոցիալական, առողջապահական և կրթական խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաև նրանց ռեաբիլիտացիայի և խաղաղ կյանքին վերադարձնելու ինտեգրացիոն ծրագրերին միջոցների հատկացման ու այդ ծրագրերը Հայաստանում ներդնելու քայլեր ձեռնարկեր, քանի որ մենք գիտենք, թե ինչ է պատերազմի տրավման ու ինչպես է ազդում մարդու հետագա կյանքի վրա՝ տղամարդկանց դարձնելով ընտանեկան բռնարարներ։

ՀՀ ԱԺ-ն պետք է անհապաղ ընդուներ Արցախից տեղափոխվածների տարատեսակ խնդիրներին վերաբերող փաթեթներ, քանի որ նրանք գտնվում են անտանելի խոցելի վիճակում, և Հայաստանի հոգատար վերաբերմունքն այժմ հույժ կարևոր է։ Այս ամենը ՀՀ ԱԺ-ն չի անում, փոխարենը, ԱԺ մեծամասնությունը հարցեր է հնչեցնում, պահանջում անհապաղ պատասխաններ, և սպառնում, որ աշխատանքի չի գա, մինչև այդ հարցերի պատասխանները չստանա։ Հասկանու՞մ եք իրավիճակի աբսուրդայնությունը։

Ես իրավապաշտպան եմ և կարող եմ վստահ ասել, որ աշխատանքի չգալը ձեր իրավունքը չէ, դրա համար դուք ստանում եք մեր հարկերից գոյացած աշխատավարձը և եթե չեք կարող աշխատել, դուրս եք գալիս աշխատանքից։ Ամեն ինչ շատ պարզ է ու պետք չէ մեզ անընդհատ վախեցնել ձեր պահարաններում պահված նախկինների կմախքներով։ Նրանք չեն գալու, դժվար է պատկերացնել այս իրավիճակում նրանց վերադարձը, երբ բոլորովին նոր իրողության հետ գործ ունես։

Հայաստանի բոլոր կառավարությունները ժողովրդին կերակրել են պատերազմով / Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ անդրադառնում, նրա վերադարձով ոչ ոք ոչ մեկին չի սպառնում/, իսկ այժմ, նոր իրողությունների պայմաններում իշխանությունները պետք է բանակցեն խաղաղության համար։ Նրանցից ոչ մեկն այդ պատկերացումներին ու հմտություններին չի տիրապետում։ Այդ հմտություններին չի տիրապետում նաև Փաշինյանը։ Նա նախկիններից եկող հռետորաբանության հետնորդն է, և ավելին, պատերազմում պարտված հետնորդը»։