Ձեզ իշխանությունը չի հետապնդում, ձեզ հետապնդում է ձեր անցյալը․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մեզ ասում են՝ դուք վախենում եք ընդդիմությունից, դրա համար մեզ հետապնդում եք քրեական գործերով։ Եկեք մի քանի պարզաբանում անենք.նախ, դուք ու՞մ եք ընդդիմադիր՝ կառավարությա՞նը, թե՞ ժողովրդին։ Մի կողմից բողոքում եք, որ կորոնավիրուսի դեմ խիստ չենք պայքարում, մյուս կողմից բողոքում եք դիմակներից և կոչ անում դիմակ չկրել։ Պահանջում եք հայտարարել կարանտին, հետո պահանջում եք չեղարկել կարանտինը։ Պահանջում եք փակել սահմանները, հետո պահանջում եք բացել սահմանները, որ մարդիկ գնան հասնեն իրենց ընտանիքներին։ Եվ այս ամենն անում եք լոկ իշխանությանը հարվածելու, թուլացնելու համար։

Իսկ ամենազազրելին այն է, որ դուք իշխանությանը հարվածում եք՝ ժողովրդին օգտագործելով որպես մահակ։ Ասե՞մ ինչպես. երբ մարդկանց կոչ եք անում դիմակ չկրել, որ հետո մեղադրեք իշխանությանը վարակի տարածման համար՝ դուք օգտագործում եք ժողովրդին՝ հարվածելու իշխանությանը, և դուք դա անում եք ժողովրդի առողջության հաշվին։ Ստացվում է՝ մեկ կրակոցով հարվածում եք և՛ ժողովրդին, և՛ իշխանությանը։

Հիմա հարց՝ դուք ու՞մ դեմ եք պայքարում՝ ժողովրդի՞, թե՞ իշխանության։ Դուք ու՞մ եք ընդդիմադիր։

Գուցե ընդդիմադիր չե՞ք ընդհանրապես, իսկ եթե ընդդիմադիր չեք, ինչպե՞ս կարող եք հետապնդվել ընդդիմադիր հայացքների համար։ Ձեզ իշխանությունը չի հետապնդում։ Ձեզ հետապնդում է ձեր անցյալը, իսկ ձեր անցյալը չփակված հաշիվներ ունի արդարադատության հետ։

Եվ ուրեմն՝ ոչ թե մենք վախենում ենք ձեզանից դրա համար հետապնդում ենք ձեզ, այլ դուք վախենում եք ձեր անցյալից և փորձում եք ճողոպրել արդարադատությունից՝ ընդդիմության քողի տակ։ Իսկ քողը պատռվելու հատկություն ունի։

Մեզ ասում են՝ դուք վախենում եք ընդդիմությունից, դրա համար մեզ հետապնդում եք քրեական գործերով։ Եկեք մի քանի պարզաբանում…

Posted by Հայկ Կոնջորյան-Hayk Konjoryan on Thursday, September 24, 2020