«Մարդկանց սոցիալական վատ վիճակը արդարացում չէ սիգը ապօրինի որսալու համար». Բարդուխ Գաբրիելյան

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում 26-օրյա խիստ վերահսկողությունն ավարտվել է, սակայն սիգի որսի արգելքի մասին Շրջակա միջավայրի նախարարի որոշումը դեռ գործում է:

«Սիգի որսի արգելքը հիմա էլ է գործում, և հիմա եթե շուկաներում կամ փողոցներում վաճառվող սիգ տեսնեք, էլի օրինական չէ: Ուղղակի ավարտվել է ոստիկանության ու իրավապահների մասնակցությամբ որսի նկատմամբ խիստ վերահսկողությունը», -«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2667 հատ սիգ տեսակի ձուկ՝ 1044 կգ ընդհանուր քաշով, լճից դուրս է բերվել 111 հատ ձկնորսական պոլիէթիլենային ցանց, հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնասը, որը կազմել է 5 մլն 221․500 դրամ:

Բարդուխ Գաբրիելյանն ասում է՝ այս տարի վերահսկողությունը խիստ էր, բայց կարճ տևեց. «Խիստ վերահսկողությունն ու դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները պետք է ավելի երկար լինեին, բայց ոչինչ, սիգի պոպուլյացիայի ձվադրման այս օրերի պահպանությունը արդյունք կտա: Բայց եթե մենք ուզում ենք, որ ավելի արդյունավետ լինի վերահսկողության արդյունքը, ապա ձվադրման ժամանակահատվածում պետք է ձկներն անձեռնմխելի լինեն»:

Սևանա լճից սիգի որսագողության դեպքեր, ինչքան էլ վերահսկողությունը խիստ լինի, միշտ էլ եղել են: Դա բացատրվել է նրանով, որ Գեղարքունիքի մարզում հատկապես բնակչությունը սոցիալապես անապահով է և մարդկանց ապրուստի միջոցը հենց սիգի որսն է:

Բարդուխ Գաբրիելյանի դիտարկմամբ, սակայն, պետք է տեղի բնակչության հետ բացատրական աշխատանքներ կատարվեն, գտնվեն սոցիալական խնդիրների այլ լուծումներ, որպեսզի մարդիկ որսագողությունը ապրուստի միջոց չդիտարկեն:

«Լոռու մարզում էլ են մարդիկ վատ ապրում, բա ինչո՞ւ չեն գնում ծառերը կտրում, փող աշխատում: Մարդկանց սոցիալական վատ վիճակը արդարացում չէ սիգը ապօրինի որսալու համար: Սիգը պետական սեփականություն է, իսկ դրա անօրեն որսը համարվում է քրեական հանցանք: Մարդիկ ամեն տեղ էլ վատ են ապրում, ինչո՞ւ պետք է նրանց թողնենք որսան, մյուսին չթողնենք» ,-ասում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:

Նա կարծում է, որ պետք է մի համակարգ մտածել-ստեղծել, որ ձկնորսները իրենք պահպանեն այդ միջավայրը, թույլ չտան, որ որսագողություն լինի և նաև հասկանան՝ սիգի պահպանությունը նաև իրենց ապագայի համար է:

Այս կենտրոնը շրջակա միջավայրի նախարարության պատվերով տարեկան երկու անգամ ուսումնասիրություն է իրականացնում Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարների ուսումնասիրության թեմայով:

2021-ին այդ ուսումնասիրությունը կատարվել է ամռանը և աշնանը, ու այդ մի քանի ամիսների ընթացքում սիգի մանրաձուկը աշնանը շուրջ 9000 տոննայից 4000 տոննայով պակասել է, արդյունքում սիգի արդյունագործական պաշարը կազմել է 600-ից ավելի տոննա: Դա, ըստ Գաբրիելյանի, որսագողության հետևանք է, և ընդ որում՝ որսված 4000 տոննան ոչ արդյունագործական ձուկ է եղել, մանրաձուկ:

«Շատ կարևոր է, որ մայիս-հունիս ամիսներին առաջացող սիգի մանրաձուկը պահպանենք և հենց այդ ժամանակաշրջանում ևս պետք է նման խիստ վերահսկողություն իրականացվի: Գարնանից սկսած փողոցներում վաճառվող մանրաձուկը պետք է ձգտել պահպանել, որովհետև դա էն մատղաշ սերունդն է, որը կազմում է հենց բուն արդյունագործական պաշարը: Եթե մենք կարողանանք դա պահել ու պահպանել բազմացման հնարավոր երկար ժամանակահատվածը, ապա մենք շատ շուտ՝ մի քանի տարում, կունենանք սիգի պաշարի ավելացում»,- նշում է Բարդուխ Գաբրիելյանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am