«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։
Ըստ ԱԻՆ-ի՝ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։
Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը, նախնական տվյալներով, կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել են եռհարկանի շինության (2889 քմ) մեծ մասը և հարակից տարածքում գտնվող մի շարք տաղավարներ։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի:
Տարբեր վնասվածքներով Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի։