«Չի կարելի ժողովրդին ժեխ անվանել, սա ժողովրդի պատասխանն էր այդ վիրավորանքներին». Վահե Ղալումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում ամենաբարձր արդյունքը գրանցել է Տավուշի մարզում՝ 67 տոկոսից ավելի: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված: Սովորական ընտրական պրոցես է եղել, արտառոց դեպքեր չեմ նկատել:

– Տավուշը սահմանամերձ մարզ է, և ընդդիմությունն իշխանությանը քննադատում էր՝ պնդելով, թե անվտանգության հարցը չի կարողանում լուծել: Ինչպե՞ս է այդպես ստացվել:

– Ես մինչ այդ բազմիցս դրա մասին խոսել եմ, որ նման պնդումներն անհիմն են, որևէ նման բան չկա, դրանք օրակարգի հարցեր չեն, և իշխանությունը մարզում բավականին բարձր վարկանիշ ունի, որը ընտրություններում ապացուցվեց:

– Տավուշի համայնքներում այսպիսի բարձր մասնակցությունն ինչի՞ մասին է խոսում:

– Իմ կարծիքով՝ բնակչությունը ոտքի կանգնեց նախկինների վերադարձը կանխելու համար և բոլորին ցույց տվեց իր գնահատականը:

– Նիկոլ Փաշինյանը խոստացել է թավիշը փոխարինել պողպատե մանդատով: Այս առումով ձեր իշխանությունն արդարացնելո՞ւ է հանրության սպասելիքները:

– Դա ընտրողի, ժողովրդի պահանջն է, և ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք և լուծում տանք այդ խնդրին:

– Այսինքն՝ ավելի կոշտ գործիքակա՞զմ եք օգտագործելու:

– Երևի ավելի կոշտ, բայց միայն օրենքի շրջանակներում, օրենքի դիկտատուրայի շրջանակներում:

– Ինչպե՞ս եք գնահատում քվեարկությունը Շուռնուխում, որտեղ, ի զարմանս շատերի, իշխանությունը հաղթել է:

– Բավականին դրական արդյունք ունենք նույնիսկ այդ լարված իրավիճակում գտնվող տարածքում: Ուզում եմ հիշեցնել, որ բազմիցս տարբեր քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ պնդում էին, որ մեր թիմն Իջևանում հենարան չունի, ժողովուրդը չի սատարում, դրա համար խուսափում են Իջևանում ընտրություններ կազմակերպել: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ դրանք անհիմն խոսակցություններ են:

– Հետաքրքիր է, որ «Հայաստան» դաշինքն անգամ Քաջարան համայնքում չկարողացավ ավելի շատ ձայն հավաքել կամ, ընդհանրապես, Սյունիքի մարզում, թեև պնդում էին, որ իշխանությունը այդտեղ հաջողություն չի ունենա: Սյունիքում իշխանության դիրքերն ինչպիսի՞ն են:

-Սյունիքը Հայաստանի մյուս մարզերից շատ չի տարբերվում, իշխանության դիրքերն այնտեղ բավականին ամուր էին, ինչի մասին մենք մինչև ընտրությունները խոսում էինք: Սա ժողովրդի գնահատականն էր 7 ամիս տևած դավաճանության, հայրենիքը վաճառելու մասին անհիմն մեղադրանքներին:

Մենք ոչ մեկին չէինք պատասխանում, բայց ժողովուրդն այդ պատասխանը տվեց: Ժողովուրդը 2,5 տարի առաջ մեր քաղաքական թիմին էլի բավականին բարձր մանդատով էր օժտել և հիմա ևս մեկ անգամ հաստատեց իր ընտրությունը:

Նա ցույց տվեց, որ չի կարելի ժողովրդի ընտրած վարչապետին ու քաղաքական թիմին անվանել դավաճան, Փաշինյանի թիմին ընտրողներին անվանել ժեխ, ամենակոպիտ վիրավորանքներ հասցնել: Սա ժողովրդի պատասխանն էր այդ վիրավորանքներին:

– Վերջին ամիսներին պարբերաբար խոսում են Տավուշի մարզի գյուղերը հանձնելու մասին: Ինչ-որ բան կա՞ այդ մասով, թե՞ սրանք չափազանցված խոսակցություններ են:

– Բացարձակապես ոչ մի գործընթաց այդ առումով չկա: Դրանք անհիմն խոսակցություններ են, որոնք ասպարեզ են նետել որոշ քաղաքական ուժեր, գործիչներ, որոշ լրատվամիջոցներ:

– Դուք՝ որպես տավուշցի պատգամավոր, ի՞նչ աշխատանքներ էիք տարել, որով պայմանավորված այդքան ակտիվ էր մարզի բնակչությունն ընտրությունների ժամանակ:

– Ես և մեր թիմը բացարձակապես գործել ենք նախընտրական քարոզարշավի սահմաններում: Հանդիպումներ ենք ունեցել ընտրողների հետ, կարողացել ենք ընտրողին համոզել, որ մենք ճիշտ ենք, մեզ ուղղված մեղադրանքներն անհիմն են: Դրա արդյունքում ընտրողները ևս մեկ անգամ վստահել են մեր քաղաքական ուժին:

– Ինչպե՞ս եք գնահատում, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները մտադիր են ՍԴ դիմել և վիճարկել ընտրության արդյունքները:

– Ես անլուրջ եմ համարում ինչպես նրանց մուտքը քաղաքականություն, նրանց գործունեությունը, այդպես էլ հաջորդական քայլերը: Նրանք նոյեմբերի 10-ին հայտարարում էին, որ վարչապետին մի քանի ժամ է մնացել, հետո մի շաբաթ է մնացել, հետո՝ ավելի շատ: Անհիմն, անկշիռ քայլեր ու հայտարարություններ են:

Մանե Հարությունյան

MediaLab.am