Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր. Factor

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։ Այս մասին տեղեկությունը  Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Մաեստրոյի ղեկավարությամբ Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգը նախատեսված է փետրվարի 5-ին։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ըստ քրեական վարույթի՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ նրա որդուն` դիրիժոր Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

Սերգեյ Սմբատյանի կալանավորումից հետո նրան աջակցելու նպատակով ստորագրահավաք էր սկսվել։ Սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Հայաստանից և արտերկրից Սմբատյանի կոլեգաների հանդիսատեսի, ընկերների պահանջը նրան ազատ արձակելն է, նրան հնարավորություն տալը սբազվելու իր սիրելի գործով։

Օգոստոսի 24–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանեց դիրիժորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը։ Սեպտեմբերի 12-ին Սմբատյանը 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց, որից երկու ամիս անց, փաստորեն Սերգեյ Սմբատյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվում է արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։

ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով։