Պարետատունը մշակել է հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ. Ավինյան

Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա՝ հաշվի առնելով ևս մեկ ամսով արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: 

«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ պարետատան օգոստոսի 5-ի նիստում տեղի է ունեցել առաջին քննարկումը:

«Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հայաստանում արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր օգոստոսի 12-ին, երկարաձգվելու է ևս մեկ ամսով: Այն կլինի վերջին երկարաձգումը։ Արտակարգ դրության ռեժիմը, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, Հայաստանում հայտարարվել է մարտի 16-ից և երկարաձգվել մի քանի անգամ: Այդ ընթացքում սահմանափակումներ են մտցվել, և հանրակրթական ու բարձրագույն կրթության բոլոր հաստատություններում դասերը կազմակերպվել են հեռավար՝ օնլայն տարբերակով: