«Մեզ պարտության մատնեց «այս աշխարհի իշխանի» աջ ձեռքը, որի անունը Կոռուպցիա է». Հակոբ Մովսես

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը

– Պարո՛ն Մովսես, պատերազմի սկզբից անցել է մեկ տարի։ Ի՞նչ ապրումներ ու զգացողություններ ունեք մեկ տարի անց։

– Բնականաբար բոլորի նման՝ ցավ, բայց ոչ անզորության։ Մեր Տիգրան Մեծ թագավորից մինչև Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմների հարյուր հազարավոր զոհերը պահանջում են, որ իրենց ընկած համարելով՝ հանկարծ պարտված չհամարենք։ Որ իրենց պետության և հայրենիքի դրոշը հանենք իրենց շիրիմների վրայից և բարձրացնենք նրա միակ և միակ տեղում՝ իրենց Պետության դարպասի վրա։ Միակ տեղը, որտեղ այն անձեռնմխելի է։

Մի խելոք մարդ գրել է՝ «Ոգու վերքերը բուժվում են՝ առանց սպիներ թողնելու»։ Նրանք պահանջում են ոչ թե անընդհատ փորփրել այդ սպիները, այլ բուժել։ Իսկ բուժման մի դեղամիջոց ու բալասան գոյություն ունի, և այն կոչվում է Հայաստանի Հանրապետություն։

Եթե մենք այդ բալասանը չստանանք՝ էլի կպարտվենք։ Մեր Տիգրան Մեծ թագավորից մինչև առաջին և երկրորդ Արցախյան պատերազմների բոլոր զոհերի հույսը մեր ողբը չէ: Եթե մենք Հայաստանի Հանրապետությունը չկառուցենք, ուրեմն նրանց վրա մեր ողբը՝ նրանց ողբն է մեզ վրա…

– Տարածքների, ինչպես նաև մարդկային կորուստների հետ շատերը չեն հաշտվում, և հաճախ են հնչում տարածքները հետ բերելու կոչեր։

– Ո՞ր մի ժողովուրդն է հաշտվում դրանց հետ, բայց իմաստուն և քաղաքակիրթ ժողովուրդները դրանք կարողանում են «պահել». ես պատահական չեմ ասում «պահել»… Ամեն ինչ ցուցադրության հանելու կիրքը «հայրենասիրության» փիար է։

Ընդհանրապես, հայրենասիրական անզսպությունը փորձանք է… Իսկ ավելի մեծ փորձանք է, երբ հայրենասեր ես ոչ թե ինքնին, այլ… թուրքի ինադու։ Հանկարծ չկարծեք, թե գերմանացիները հաշտվել են Էլզաս-Լոթարինգիայի ու Քյոնիգսբերգի, որն իրենց իշխանական Էջմիածինն է համարվում, կամ ճապոնացիները՝ Կուրիլյանների կորստի հետ։

Բայց որովհետև դրանք ոչ միայն պատմական, այլև քաղաքական ժողովուրդներ են, կարողանում են այդ կորուստները իրենց մտքում «պահել»։

Հիշո՞ւմ եք՝ դպրոցում գումարման թե հանման գործողության ժամանակ մի պարզ մեթոդ կար՝ «հինգը գրած՝ վեցը մտքում պահած»։ Քաղաքականության մեջ այսպես թե այնպես հայտնված ժողովուրդներն իրավունք չունեն մտքում պահածը հոխորտալ թղթին…

Հասկանալի՞ է, թե ինչ ուզեցա ասել… Իսկ թղթին գրի առնելու այսօրվա մեր մեծ խնդիրը, կրկնում եմ՝ երկիր ու պետություն սարքելն է։ Մնացյալը՝ այդ հնարավորությունը հնարավորելուց ճարպկորեն խուսափելու պարզամտություն կամ պոռոտախոսություն…

Ընդհանրապես, մեզ համար հայրենասիրությունը վաղուց հայրենիքից, հայրենիքի համար ջանալուց խուսափելու մի միջոց է… Եվ հետո՝ մենք վերջին 30 տարվա ընթացքում այդ տարածքների հետ միասին պետությունն ենք կորցրել: Ես կուզենայի, որ այսօր, այս դառը պարտությունից հետո, հնչեին պետությունը հետ բերելու կոչեր, քանի որ տարածքը պետության ածանցյալ է։ Եթե մի պետություն կայացած է, նրա բոլոր բաղձանքները ժամանակի մեջ կայանում են։ Եթե որևէ պետություն կայացած չէ, ուզում է լինի Ռուսաստանը, նրա բոլոր տարածքները… վտանգի մեջ են։

– Մյուս կողմից՝ իշխանական ամենավերին օղակներից հայտարարվում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին։ Պարո՛ն Մովսես, տեսնո՞ւմ եք խաղաղության հնարավորություն։

– Խաղաղությունը ծառից կախված խնձոր չէ, այն նույնպես վաստակ է, շատ ծանր, արյուն ու քրտինքով ձեռք բերված վաստակ։ Մեր երկրին, կայանալու համար, այսօր ոչինչ այնքան հարկավոր չէ, որքան խաղաղությունը։ Պետությունները խաղաղությամբ են հետ բերում իրենց պարտություններն ու կորուստները։

Քանի որ խաղաղությունը ամենածանր ու ամենահմուտ պատերազմն է, բայց որը մղվում է ոչ թե նրա համար, որ խաղաղության անհոգության մատնվես և փչանաս ու շվայտես, ինչպես մենք արեցինք առաջին Արցախյան պատերազմից հետո մեր թվացյալ խաղաղության տարիներին, այլ որի ժամանակ զինվես հոգևոր, մտավոր, տնտեսական, սոցիալական և այլն զորությամբ, որի ածանցյալն էլ հենց ֆիզիկականն է…

– Մի տեսակ ընդունված է հարցնել՝ ինչ տվեց 44-օրյա պատերազմը. արդյոք հայ հանրությունը կամ ղեկավարությունը դասեր քաղե՞լ են դրանից։

– Դուք տալիս եք ամենակարևոր հարցը, բայց թույլ տվեք այն ընդլայնել. մենք արդյոք կարողանո՞ւմ ենք դասեր քաղել մեր ողջ պատմությունից ու անցյալից, թե դրանք միայն պարծենկոտության ու հոխորտանքի համար են։

Դատելով այն իրավիճակներից, որոնցում մենք պարբերաբար հայտնվում ենք, վախենամ՝ իմ պատասխանը ոչ ոքի չգոհացնի, իսկ մեր «պրոֆեսիոնալ» հայրենասերներին բաց թողնի ինձ վրա, բայց, դե, ի՛նչ արած…

Ապշելուն այն է, որ մենք երեքհազարամյա (ոմանք ասում են՝ երեսունհազարամյա, իսկ վերջերս մի կատաղի,- թե՞ կատաղած,- հայրենասեր պնդում էր, թե հարյուրհիսունհազարամյա, քանի որ… Փոքր Մասիսը ժայթքել է 150 հազար տարի առաջ) մեր գոյության մեջ այդպես էլ չկարողացանք՝ չսովորեցինք պատմությունը չխառնել քաղաքականության հետ – սա մեր ամենավտանգավոր գիծն է։ Դա հանգեցնում նրան, որ մենք նաև այսօր, երբ ակամա հայտնվել ենք քաղաքականության հորձանուտում, քաղաքականապես, վախենամ՝ ոչ թե պրիմիտիվ ազգ ու հասարակություն ենք, այլ… անմեղսունակ։

Այո՛, դուք ճիշտ եք հարցնում, որովհետև պատմության նվերը ազգերին ոչ թե հաղթանակներն ու պարտություններն են, այլ դասերը… Իսկ այդ դասերն ասում են՝ ժողովուրդների և պետությունների տարիքը ոչ թե անցյալով է չափվում, այլ նրա ներկայով ու ապագայով: Մենք քանի՞ հազար տարեկան ենք հարցը մի ստույգ պատասխան ունի. այնքան, որքան դեռ մեր առջև ապագա կա, մենք անցյալում ձգվում ենք ճիշտ այնքան, ինչքան որ կարող ենք շարունակվել ապագայում… Ես չգիտեմ՝ մենք այս դասն ստացա՞նք, թե՞ ոչ:

Բայց եկեք ավելի կոնկրետ լինենք. ես անգամ չգիտեմ՝ մենք ստացա՞նք այն առաջին դասարանի դասը, որ պատերազմական վիճակում նստած՝ չի կարելի գռփել, լափել, ոչնչացնել քո իսկ պետությունը, չի կարելի այն տալ գողականի ու խաժամուժի ձեռքը, որ պետությունը «զոն» ու «թաղ» չէ, որ պետությունը… և այլն, և այլն… Այնպես որ, ձեր հարցի պատասխանը կերևա ապագայում…

– Պատերազմից անմիջապես հետո պատերազմի մեղավորների և պատասխանատուների փնտրտուք էր երկրում։ Վարչապետը հայտարարեց, որ ինքը պատասխանատու է, բայց ոչ մեղավոր։ Ի վերջո ի՞նչն էր կամ ո՞վ էր այդ արհավիրքի մեղավորը։

– Եթե կոնկրետ անուններ տանք, կընկնենք անպտուղ հարաբերությունների պարզման «պեչենու բաղերը», թեև այդ կոնկրետիկան նույնպես անհրաժեշտ է։ Բայց քանի որ մենք մտավորական ենք և այդ կոնկրետ անուններին նույնպես համարում ենք ավելի կոնկրետ մի մեղավորի զոհերը (թող լինեն գռփիչ զոհեր, զոհը զոհ է – ի՛նչ տարբերություն), ասենք հետևյալը. մեզ պարտության մատնեց «այս աշխարհի իշխանի» աջ ձեռքը, որի անունը Կոռուպցիա է, որը մերոնք հասկանում են իբրև հովանավորչություն կամ կաշառակերություն, այնինչ դրա հայերեն բուն թարգմանությունը կլինի Ապականություն:

Մենք ապականվեցինք, և մեր պետությունն ու միտքը տվեցինք խուժանի ձեռքը, մենք մեր ապականության մեջ քաշեցինք մեր սրբություն սրբոցը, որին Խաչատուր Աբովյանը ասում էր «Հայաստան հրեշտակ», մենք ընկանք սոդոմյան՝ սոդոմական մեղքից ավելի զարհուրելի մի մեղքի մեջ՝ մենք երեսուն տարի շարունակ բռնաբարեցինք Աստծո այդ հրեշտակին…

– Պատերազմից հետո նաև քաղաքական ճգնաժամ էր, որը լուծելու համար ընտրություններ տեղի ունեցան, կազմավորվեց նոր խորհրդարան։ Ի՞նչ եք կարծում՝ հաղթահարվե՞լ է ճգնաժամը, հետպատերազմյան ի՞նչ իրավիճակ է մեր երկրում։

– Ո՛չ, չի հաղթահարվել և չի հաղթահարվի, քանի դեռ այդ ճգնաժամը մեր մեջ է, մեր գիտակցության ու հոգու մեջ։ Այդ ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ մենք կձևավորենք մեր հոգու խորհուրդ-արանը… Դրա համար մեզ նախևառաջ խաղաղություն է պետք…

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am