Այս իշխանությունը «Մարտի 1»-ը թաղել է, այլ ոչ թե բացահայտել. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը 

– Պարո՛ն Խաչատրյան, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասել է, թե «Մարտի 1»-ը բացահայտել են, ու խորհուրդ է տվել կարդալ մեղադրական եզրակացությունը: Ձեր դիտարկումներն եմ խնդրում այս հայտարարության վերաբերյալ, որ կարդում եք եզրակացությունը, ձեզ համար պա՞րզ է, թե ովքե՛ր են մեղավորները: 

– Ովքեր են մեղավոր, ես դա գիտեմ 2008 թվականից, ու այդ գործը բացահայտվել է 2008 թվականին, բայց արդյոք արդարադատությունը գործե՞լ է իր ամբողջ գործիքակազմով, կարծում եմ, որ ոչ, ընդհակառակը՝ «Մարտի 1»-ի դրվագներից որևէ մեկը չի բացահայտվել կամ չի արժանացել ճիշտ քրեաիրավական գնահատականի: 

Մասնավորապես՝ քրեական պատասխանատվության չեն ենթարկված կազմակերպիչները, քրեական պատասխանատվության չեն ենթարկված կատարողները, քրեական պատասխանատվության չեն ենթարկված բոլոր այն քննիչներն ու դատավորները, որոնք մեղանչել են արդարադատության դեմ, արդարացված չեն բոլոր այն անմեղ մարդիկ, որոնք ենթարկվել են ապօրինի քրեական պատասխանատվության:

– Իսկ այդ դեպքում նման հայտարարություն անելն ի՞նչ է նշանակում:

– Չգիտեմ՝ ի՛նչ է նշանակում ու ի՛նչ նպատակ ունի, բայց մի բան պարզ է, որ իշխանությունները չեն կատարել անհրաժեշտ այն գործողությունները, որպեսզի իրավապահ համակարգն անհրաժեշտ գործիքակազմը ներդնելով՝ հասներ արդարադատության: Այնպես որ, ես չգիտեմ, թե ինչի համար են նման բան հայտարարել, բայց ինձ համար ակնհայտ է, որ հասարակության այն շերտերը, որ շահագրգիռ էին այս գործի բացահայտմամբ, այս պահին չունեն այդ բավարարվածությունը ու «Մարտի 1»-ը բացահայտված չեն համարում: Այս իշխանությունը «Մարտի 1»-ը թաղել է, այլ ոչ թե բացահայտել. Արմեն Խաչատրյան:

– Պարո՛ն Խաչատրյան, իշխանության ներկայացուցիչները խոստացել են, որ հաջորդ տարի «Հոկտեմբերի 27»-ի գործով հանրությանը բացահայտումներ են ներկայացնելու: Հաշվի առնելով «Մարտի 1»-ի գործի շուրջ տեղի ունեցածը՝ ի՞նչ եք կարծում, ինչպիսի բացահայտում է դա լինելու:

– Այս իշխանության որևէ խոստում վաղուց լուրջ չեմ համարում և չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունը, պարզապես չեմ կարող մեկնաբանել կամ որևէ ակնկալիք ունենալ, որ այդ հանցագործությունը երբևէ կարող է բացահայտվել: Քանի դեռ այս իշխանություններն են, ես չունեմ արդարադատության վերականգնման ակնկալիք, որովհետև հենց իրենց օրոք առնվազն «Մարտի 1»-ի գործի վրա դրվեց ծանր մի քար, որն ուղղակի թաղեց «Մարտի 1»-ի գործը, և ես կարծում եմ, որ այս պահին մենք իրավական լուծումներ չունենք «Մարտի 1»-ի բացահայտման համար: 

– Ցանկությո՞ւն չկար, թե՞ կարողություններ այս գործը բացահայտելու համար:

– Պետք է ավելի շատ քննության առարկա դարձնենք ցանկության բացակայությունը: Ես կարծում եմ, որ այդտեղ քաղաքական բաղադրիչ է առկա, իշխանություններին անհրաժեշտ է քաղաքական նպատակահարմարությամբ օգտագործել «Մարտի 1»-ը, քան արդարադատություն իրականացնելու նպատակով: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am