Հունվարի մեկից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ:
Վերջին 10 օրերի ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: ԱԻ ծառայության սակրավորներական ջոկատները Ստեփանակերտում և շրջաններում հայտնաբերել, վնասազերծել կամ պահեստավորել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա:2021 թվականի առաջին տասնօրյակում հրդեհի մասին 15 հաղորդում է արձանագրվել: Բոլորը՝ բաց տարածքում չոր խոտի այրվելու հետևանքով, որոնք քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էին:
Հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամանակին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:
Բոլոր դեպքերում՝ տուժածներ չեն եղել:911 ահազանգման կենտրոնում Ճանապարհատրանսպորտային պատահարի միայն 2 դեպք է արձանագրվել: Այս դեպքում կա մեկ տուժած: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է:Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային կանչերի վերաբերյալ ստացվել է 34 կանչ:
Դրանք, մասնավորապես վերաբերում էին ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման հետ:Նոր տարվա առաջին օրերին փրկարարները քաղաքացիներին 150-ից ավելի խորհրդատվություն են տվել: Ծառայության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարոնակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
2021 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն: Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։