Օսիպյանի դեպքով օրենքն օգտագործվում է միակողմանի, ու սա շատ վատ նախադեպ է, որը տանում է դեպի ավտորիտարիզմ. Գարեգին Միսկարյան

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի անձնական արխիվից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին՝ նրանց հրատապ ուշադրությունը հրավիրելով Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։ Հիշեցնեմ նաև, որ 14-րդ օրն է, ինչ պարոն Օսիպյանը հացադուլի մեջ է, բայց այս ընթացքում իշխանության կողմից չի եղել որևէ անդրադարձ, ըստ ձեզ ինչո՞ւ:

– Արդեն երկու շաբաթ է, ինչ Արթուր Օսիպյանը ձերբակալված է և գտնվում է ապօրինի կալանքի մեջ: Ես հիշում եմ, որ առնվազն երկու անգամ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել Արթուր Օսիպյանի հետ կապված, բայց նա խուսափել է հարցին պատասխանելուց: Այսօր Ալեն Սիմոնյանի գրառումն է աչքովս ընկել, նշեմ, որ Արթուր Օսիպյանի հեռախոսը վերցրել են, նրա ֆեյսբուքյան էջը անհասանելի է, բայց չգիտես որտեղից Ալեն Սիմոնյանի մոտ նրա այդ չեղած էջից սքրիններ կան: Ես ենթադրում եմ, որ դրանք ուժայիններն են տրամադրել, որ ուժային կառույցները, Դատախազությունը քաղաքական պատվեր են կատարում՝ փորձում են Արթուր Օսիպյանի հեղինակության հետ խաղալ ու դրա համար օգտագործում են վարչական, իրավական լծակներ, մասնավորապես, ֆեյսբուքյան էջի անհասանելի նյութերը հայտնվում են ԱԺ նախագահի մոտ: 

Դեպքը հանրային հնչեղություն ստանալուց հետո փորձ է արվում ստվերել Արթուր Օսիպյանին: Խնդիրն այստեղ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն է, որն օգտագործվում է իբրև պատիժ: Եթե անգամ այն գրառումները, որոնք կարող էին հիմք հանդիսանալ, որ նրան իրավախախտ ներկայացնեն, ապա այդ գրառումների հիմքով ընդամենը վարչական տույժ կարելի էր կիրառել: Այդտեղ ո՛չ սպառնալիք կա, ո՛չ հայհոյանք, մի տեղ գրել է «աննասուն», Նիկոլ Փաշինյանն էլ նրան ասել է «համբալ»: Եթե Արթուր Օսիպյանը դրա համար պետք է կալանավորվեր, ապա Նիկոլ Փաշինյանը ևս պետք է կալանավորվեր, չէ՞: Մի խոսքով՝ օրենքն օգտագործվում է միակողմանի, ու, ըստ էության, սա շատ վատ նախադեպ է, որը տանում է դեպի ավտորիտարիզմ: 

– Պարո՛ն Միսկարյան, այս հայտարարությունները, հաջակցություն Արթուր Օսիպյանի մեկնարկած ակցիաները որևէ արդյունք կտա՞ն: 

– Ինձ համար լավագույն սցենարն այն կլիներ, որ Արթուր Օսիպյանն ու Նիկոլ Փաշինյանը փոխադարձաբար ներողություն խնդրեին, որովհետև երկուսն էլ իրար վիրավորել են: Եթե անգամ սա տեղի չունենա, ապա նվազագույնը, որ ես պահանջում եմ, այն է, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի: 

Հույս ունենք, որ դա կլինի, որովհետև արդեն միջազգային կազմակերպություններն են արձագանքում այս խնդրին: Ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում, մարդու սահմանադրական իրավունքների խախտում է տեղի ունենում, ու սա անթույլատրելի է: Օրվա իշխանությունը չի կարող իրավապահ համակարգն օգտագործել իր քաղաքական նպատակներից ելնելով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am