«Սա ընդամենը անփութության հետեւանք է». պատասխան` Անահիտ Բախշյանի նամակին

«Սա ընդամենը անփութության հետեւանք է». պատասխան` Անահիտ Բախշյանի նամակին
«Սա ընդամենը անփութության հետեւանք է». պատասխան` Անահիտ Բախշյանի նամակին

Ի պատասխան  Անահիտ Բախշյանի` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված հրապարակային նամակի, քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պարզաբանումներ է տվել «Մեդիալաբին»`որակելով տեղի ունեցածը որպես «անփութություն»: 

«Սա ընդամենը անփութության հետեւանք է»,-«Մեդիալաբին» ասել է Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր Տարոն Մարգարյանին` բացատրություն պահանջելով, թե արդյոք հունվարի 29-ին ինչ «բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով» է քաղաքապետը տարեդարձի շնորհավորական ուղերձ հղել պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող թ.27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանին, ում մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել հունվարի 26-ին:

«Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարևորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով,-նամակում նշել էր Անահիտ Բախշյանը,- Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, և սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման և նրա շահերի մասին խոսելու իրավունքից»:

Արթուր Գեւորգյանը, սակայն, բացատրում է, որ տեղի ունեցածի համար քաղաքապետը մեղավոր չէ: Նա ասում է, որ քաղաքապետարանում գոյություն ունեցող բարի ավանդույթի համաձայն, քաղաքապետը քաղաքապետարանի բոլոր աշխատակիցների, դպրոցների, մանկապարտեզների, մշակութային կենտրոնների տնօրենների տարեդարձի օրը պատվո թերթիկի վրա շնորհավորանքներ է հղում:

«Սա ընդամենն անփութության հետեւանք է. անձնակազմի կառավարման բաժինը, որը ներկայացնում է քաղաքապետին, թե ում ծննդյան օրն է և ստորագրման է ներկայացվում, որ տվյալ աշխատակցին շնորհավորենք, ներկայացրել է հին տվյալներ՝ դպրոցների տնօրենների հին կազմը,  նաև այդ անունը, որը և ստոարգրվել է, ինչպես մնացած բոլորը,-«Մեդիալաբին» ասում է Գեւորգյանը,- աշխատակազմի քարտուղարի կողից անձնակազմի կառավարման բաժնի տվյալ աշխատակիցը խիստ զգուշացում է ստացել,   որպեսզի նման դեպքերը բացառվեն»:

© Medialab.am