Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանին ազատ են արձակել․ Factor.am

Հուլիսի 12-ից երկու ամսով կալանավորված Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանն ազատ է արձակվել․ Factor.am-ին հայտնեց նրա նախկին փաստաբան Արսեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Որոտանի գյուղապետը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն:

Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել են: Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները։ Միևնույն ժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ Որոտանի գյուղապետը որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցել նշված ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։