«Դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչև սեպտեմբեր». Հրայր Թովմասյան

«Դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչև սեպտեմբեր». Հրայր Թովմասյան
«Դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչև սեպտեմբեր». Հրայր Թովմասյան

Մինչ երեկվա ՍԴ որոշումից հետո շարունակվում են բուռն քննարկումներն ու անորոշ վիճակը, այսօր կառավարությունում նիստից առաջ կրկին անդրադարձել են կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող մի շարք հարցերի: 

Ըստ ՀՀ կառավարության մամլո հաղորդագրության, նիստից առաջ իգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող հարցերին` ուղղելով դրանք նաեւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Հարց ու պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

ՀՀվարչապետՏիգրանՍարգսյան – Երրորդ հարցը, հարգելի գործընկերներ, վերաբերում է Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը: Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքների որոշ դրույթներ համարեց Սահմանադրությանը հակասող և ժամանակ տվեց Ազգային ժողովին և կառավարությանը՝ մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու այն հոդվածները, որոնք հակասահմանադրական են:

Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ, և դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին Ազգային ժողովին ներկայացնելու ենք օրենսդրական փաթեթ, որը հաշվի է առնելու բոլոր այն նորմերը, որոնք սահմանված են Սահմանադրական դատարանի որոշման մեջ, որպեսզի շտկենք օրենսդրությունը և վերացնենք հակասահմանադրական նորմերը, այսինքն, բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար՝ մեզ հետ միասին մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը:

Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից՝ ևս մեկ անգամ դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, այն ակտիվիստներին, ովքեր իրենց ուշադրության կենտրոնում են պահել պարտադիր կուտակային համակարգի օրենսդրությունը, հրավիրում եմ նրանց երկխոսության: Կարծում եմ, որ նաև նրանց համար է ստեղծվում այդ բացառիկ հնարավորությունը՝ այժմ աշխատել հանուն ավելի լավ օրենսդրության, որը հաշվի կառնի նաև Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը: Այնպես որ, մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ և օրենսդրության կատարելագործում, այդ ուղղությամբ անելիքներ ունենք: Բնականաբար, մեր հիմնական գերատեսչությունները, որոնք աշխատելու են այդ աշխատանքային խմբում, արդարադատության նախարարությունն է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը: Իհարկե, չափազանց կարևոր է, որպեսզի մենք մասնագիտական եզրակացություններ հնչեցնենք. ի՞նչ է դա նշանակում մեր տնտեսվարողների համար, մեր քաղաքացիների համար, եթե Սահմանադրական դատարանը մեզ տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը: Դա նշանակում է, եթե ես ճիշտ եմ հասկանում, որ օրենքն այն տեսքով, ինչ տեսքով որ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, պետք է աշխատի մինչև սեպտեմբերի 30-ը, և մենք պետք է մինչև սեպտեմբերի 30-ը այդ հակասահմանադրական ճանաչված նորմերը վերանայենք: Այդպե՞ս է, պարոն Թովմասյան:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան – Ճիշտ եք, պարոն վարչապետ: Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետն է, համաձայն որի, վերջին դրույթն եմ ուղղակի ուզում հնչեցնել, նման պարագաներում օրենքը համարվում է սահմանադրական մինչև նրա ուժը կորցնելը, այսինքն՝ այս պահի դրությամբ դա կոչվում է հակասահմանադրականության հանդուրժում տեսության մեջ, մինչև սեպտեմբերի 30-ը, դա վերջնաժամկետն է, որ այդ դրույթները համարվում են սահմանադրական: Բայց այն պահին, երբ այդ փոփոխությունները կկատարվեն, այդ պահից այդ փոփոխություններն արդեն կմտնեն ուժի մեջ: Դա ուղղակի վերջնաժամկետն է, այսինքն՝ այդ փոփոխությունները որ պահին անենք, այդ ժամկետը կկասեցվի, և հետևաբար, նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ: Այսինքն, հարգելի գործընկերներ, սա նշանակում է, որ մեր քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և դա նշանակում է, որ բոլորը պետք է ղեկավարվեն գործող օրենքով, և մենք հնարավորություն ունենք մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական: Այսինքն, այստեղ ամեն ինչ հստակ է: Պարոն Թովմասյան, կխնդրեմ Ձեզ, որպեսզի Դուք նաև կառավարության նիստից հետո մոտենաք լրագրողներին և այդ մեկնաբանությունը հստակ ներկայացնեք նրանց, որպեսզի տարընթերցումներ չլինեն, և բոլորս նույն դիրքերից հանդես գանք:

© Medialab.am