Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Այս մասին տեղեկացնում է ԲՀԿ խմբացության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«ԲՀԿ նախագահը Վեհափառի հետ զրույցում իր ցավակցությունն է հայտնել հզոր պայթյունների հետևանքով լիբանանահայ մեր հայրենակիցների մահվան կապակցությամբ: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ որպես հայ, որպես քրիստոնյա, խորը ցավ է ապրում եղբայրական Լիբանանում տեղի ունեցած ողբերգության համար: ԲՀԿ նախագահը Արամ Առաջինի հետ հեռախոսազրույցում հայտնել է իր անվերապահ զորակցությունը՝ հավելելով, որ այսօր ևեթ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած մեր հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը:

Եվս մեկ անգամ հայտնելով իր անվերապահ աջակցությունը՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մշտապես պատրաստ է գործի դնել բոլոր ջանքերը Սփյուռքի ամենաամուր և ամենակենսունակ համայնքերից մեկին տագնապալի այս շրջանում ձեռք մեկնելու և աջակցելու համար»,- նշվում է հաղորդագրությունում: