«Հաճախակի լսում եմ այդ բառը՝ «սաբոտաժ» են անում, իրականում, ոչ թե չեն ուզում աշխատել, այլ չգիտեն՝ ինչպես պետք է աշխատեն». Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայանը («Ֆոտոլուր»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, տարբեր քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաներ հետախուզման մեջ են գտնվում։ Այս հարցին վերջերս անդրադարձել էր վարչապետը՝ նշելով, որ դժգոհ է իրավապահների աշխատանքից՝ նրանց մեղադրելով, որ նախկին պաշտոնյաները պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն են ունենում։ Որտե՞ղ է խնդիրն իրականում։

– Ես ուզում եմ պատճառը տեսնել ոչ այնքան դիտավորության, որքան անգրագիտության մեջ։ Մեր բոլոր համակարգերը երկար ժամանակ առաջնորդվել են ոչ թե պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով, այլ շահով, գումարով, որը բացառում է պրոֆեսիոնալ մոտեցումը։ 

Իհարկե, կարելի է և այդ անձանց բաց թողնել, կարելի է և մեղադրել, բայց պետք է պատասխանատվություն կրել, եթե քո կայացրած որոշումը սխալ է։ Մենք պետք է վերլուծենք, թե ինչի՛ հիման վրա է, ոչ թե մեղադրել այն մարդկանց, ովքեր չեն վերադարձել կամ խուսափել են։

Եթե մարդը հանցագործ է, պարզ է, որ պետք է ամեն ինչ անի պատասխանատվությունից խուսափելու համար։ Բայց հենց դրա համար էլ կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է յուրաքանչյուր դեպքում առանձնահատուկ մոտեցում ունենան, պարզեն, թե ինչքանով է վստահություն ներշնչում այդ մարդը, ինչքանով է ներկայացված մեղադրանքը իրոք լուրջ, ինչքանով է նրա մեկնելն իսկապես կապված առողջության հետ։ Ես կարծում եմ՝ սա մասնագիտական ցածր մակարդակի հետևանք է, որը ցայտուն երևում է այսօր։

– Եվ լուծումը ո՞րն է, արմատական բարեփոխումնե՞րը։

– Երբ հաճախակի լսում եմ այդ բառը՝ «սաբոտաժ» են անում, իրականում կարծում եմ, որ ոչ թե չեն ուզում աշխատել, այլ մարդիկ չգիտեն՝ ինչպես պետք է աշխատեն։ Գուցեև ուզում են աշխատել, բայց նրանց մասնագիտական պահանջներ շատ քիչ են ներկայացվել, հաշվի են առնվել լրիվ ուրիշ հատկություններ։ 

Այստեղ մեծագույն կրթական պրոբլեմ ունենք։ Եվ բոլոր երկրները, որոնք փորձել են տեղափոխվել քաղաքակիրթ դաշտ, ժամանակակից պետություն դառնալ, նրանք բոլորն սկսել են կրթությունից։ 

Պետք է գտնել այդ մարդկանց, որոնք ստացել են համապատասխան մասնագիտություն, նրանց գայթակղել ոլորտներով, որովհետև իրական մասնագետը պետք է իսկապես բարձր վարձատրվի։ 

Երկրորդ՝ նա պետք է ունենա լայն գործունեության հնարավորություն, որն իր հետ բերում է նաև պատասխանատվության մեծացման։

Այսօր մենք գտնվում ենք մի վիճակում, երբ կարծես բոլորը փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ մատը ցցելով վերև։ Եթե որոշումը մենք չենք կայացնում, մենք էլ պատասխանատվություն չենք կրում։ 

Յուրաքանչյուրը պետք է իր կայացրած որոշման համար պատասխանատվություն կրի։ Սա վերաբերում է մեր ամբողջ պատմությանը, ոչ թե վերջին երկու տարիներին։ 

Եվ ես կարծում եմ, սա է խնդիրը՝ անձնական պատասխանատվությունը կայացված որոշման հանդեպ, որը պետք է անպայման թելադրված լինի առաջին հերթին մասնագիտական մոտեցումով։

Մնացած բոլոր հարցերը երկրորդական են, լիրիկական։ Պետական համակարգը պետք է աշխատի շատ կոնկրետ ու ստույգ՝ օրենքների, կանոնների և ընդունված որոշումների տրամաբանության հիման վրա։

Այսինքն՝ դեռ չի՞ հաջողվում գնալ այդ բարեփոխումների ճանապարհով։

– Նախ՝ ես չեմ կարծում, որ դա շատ հեշտ է։ Մեր իրավապահ համակարգն ամենակոռումպացված բաժինն ունի համալսարանում, որտեղ պարզ է, որ այդտեղից դուրս գալուց հետո կարելի է գումար աշխատել։ 

Մենք գիտենք, թե մեր դատավորները, դատախազները ինչ սկզբունքով են աշխատել։ Եվ մարդիկ նույնիսկ չեն էլ սովորել, որ այդպես չի կարելի աշխատել։ Ինչպե՞ս փոխել դա, ինչպե՞ս բերենք նոր մարդկանց, ինչպե՞ս կատարենք այն փոփոխությունը, որ ամբողջ համակարգը կոլապսի մեջ չհայտնվի։

Սրանք շատ բարդ հարցեր են, որոնց մասնագետները պետք է պատասխանեն։ Կարծում եմ՝ մեղադրանքները հաճախ արդարացի են, որ նախկին համակարգը չի ուզում աշխատել, բայց իրականում նոր ճանապարհ ցույց չեն տալիս՝ իսկ ինչպե՞ս լուծենք այդ հարցը։ Ես վերջերս ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ հետո՞։ 

Յուրաքանչյուրս որոշում կայացնելուց առաջ պետք է մտածենք՝ իսկ հետո՞, ի՞նչ ենք անելու, ի՞նչ տարբերակներ կան։ Ես կարծում եմ, որ միշտ պետք է այդ հարցը տանք՝ իսկ հետո՞։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am