Կրկին փորձիր 2. Հայրիկյանը նորից խոսում է ընտրությունները հետաձգելու հնարավորության մասին, վերլուծաբանները` վերլուծում

Կրկին փորձիր 2. Հայրիկյանը նորից խոսում է ընտրությունները հետաձգելու հնարավորության մասին, վերլուծաբանները` վերլուծում
Կրկին փորձիր 2. Հայրիկյանը նորից խոսում է ընտրությունները հետաձգելու հնարավորության մասին, վերլուծաբանները` վերլուծում

Նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր չի բացառել, որ հնարավոր է փոխի Սահամադրական դատարան չդիմելու իր որոշումը` պահանջելով երկու շաբաթով երկարաձգել նախագահի ընտրությունները:
Իր այս քայլը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ առողջական վիճակն վատացել է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախագահի թեկնածուն նաև նշել է, որ իրեն անտեղի զրպարտում են ու դրանով իջեցնում վարկանիշը:
«Վերջին երկու օրերին ի վիճակի չենք քարոզարշավով զբաղվելու, ոչ միայն ֆիզիկական պատճառով, այլ նաև այն պատճառով, որ իմ բոլոր կողմնակիցները ստիպված են հերքել, որ ես ինքս չեմ սարքել այս դերակատարությունը: Սա մեզ շեղում է և իջեցնում վարկանիշը»,- ասել է Հայրիկյանը` հավելելով, որ ՍԴ դիմելու որոշումը կայացնելու համար դեռևս որկու օր ժամանակ ունի:

Վերլուծաբան Արմեն Մինասյանը չի բացառում, որ Հայրիկյանի որոշումը կարող է պայմանավորված լինել հենց առողջական խնդիրներով:

«Հնարավոր է` նա մտածում է, որ այն ժամանակահատվածը, որ ինքը պետք է տրամադրեր քարոզարշավին, սկզբունքորեն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ամբողջովին տրամադրել և նպատակահարմար է ևս 15 օր շահել, ինչու ոչ»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Մինասյանը:

Մյուս հնարավոր տարբերակն, ըստ նրա, այն կարող է լինել, որ նրա` ՍԴ չդիմելու որոշումը, որը հանրության շրջանում բացասական վերաբերմունքի արժանացավ, կարող է բացասաբար ազդել թեկնածուի վարկանիշի վրա, ինչից փորձում է խուսափել Հայրիկյանը: Ինչ վեչաբերում է որևէ ուժի հետ գործարքի գնալու տարբերակին, ապա Արմեն Միանսյանն ասում է, որ քաղաքականությունն ինքին գործարք է, սակայն դժվար թե այս հարցում բացահայտ գործարքի գնային:

Ինչ վերաբերում է մահափորձի ազդեցությանը Հայրիկյանի վարկանիշի վրա, ապա վերլուծաբանը նշում է, որ դա իմանալու համար պետք է կոնկրետ հարցումներ անել:

«Այն, որ ամահափորձի հետ կապված հիշատակումը շատացավ, ժողովրդականությունը մեծացավ, դա այդպես է: Բայց վարկանիշը մեծացավ, թե ոչ, դժվար է ասել: Ամենաճիշտ գնահատականը ընտրությունների արդյունքներն են»,- ասաց նա:

Արդեն հարցումներ է արել «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Մահափորձից հետո Պարույր Հայրիկյանի ճանաչելիության վարկանիշը 51 տոկոսից բարձրացավ 82 տոկոսի: Այդ ընթացքում սակայն նրա ձայների թվաքանակը չի աճել»,- «Մեդիալաբին» ասում է սոցիոլոգը:

Նա հիշեցնում է, որ նախագահ չեն ընտրում այն չափանիշով, որ այդ մարդու նկատմամբ մահափորձ է եղել: Դա, որպես լուրջ գործոն, հիմք չէ ընտրողի համար: Ադիբեկյանի խոսքով` նախագահ ընտրում են լրիվ ուրիշ չափորոշիչների հիման վրա:

Հարցին, թե ինչը կարող էր դրդել Պարույր Հայրիկյանին փոխելու ՍԴ դիմելու հետ կապված իր որոշումը, Ահարոն Ադիբեկյանը պատասախնեց.

«Որքան ես եմ հասկանում, միակ հիմքը այն է, որ դա խոչընդոտել է քարոզարշավին: Բայց ընդակառակը, ցանկացած դատարան կարող է ֆիքսել, որ նա այդ պահին եղել է հանրային կարծիքի կիզակետում, ԶԼՄ-ների հորդարատ անձրևի տակ: Երկրի նախագահը, վարչապետը այցելում էին նրան: Այնպես որ դա ընդհակառը, ոչ թե խանգարեց, այլ օգնեց նրա ճանաչելիության բարձրացմանը: Այսինքն` դա որպես խոչընդոտ նրա քարոզավի համար դատարանը չի կարող ընդունել: Իսկ եթե նա ֆիզիկապես այնքան թույլ լիներ, որ չկարողանար շարժվել, գրել, խոսել, այդ պարագայում կարող է դատարանը ընդուներ, հետաձգեր որոշ ժամակով»:

Սոցիոլոգը, սակայն, ընդգծում է, որ Պարույր Հայրիկյանը ողջ ու առողջ է, հանդիպումներ ու ելույթ է ունենում:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ էր կատարվել հունվարի 31-ի գիշերը, նա հրազենային վնասվածք էր ստացել աջ ուսի շրջանում: Ավելի վաղ Պարույր Հայրիկյանն ասել էր, որ չի պատրաստվում դիմել ՍԴ` ընտրությունների ժամկետը երկու շաբաթով երկարաձգելու համար, քանի որ իր առողջական վիճակը լավ է: Այժմ, որպես ՍԴ դիմելու վերջնաժամկետ նշվում է փետրվարի 10-ը:

Նոր ժամկետի մասին հայտարարել է Պարույր Հայրիկյանի նախընտրական շտաբի անդամ Կարո Եղնուկյանը:

© Medialab.am