ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել հումանիտար մատակարարումների այլընտրանքային ուղիները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հուլիսի 30-ի հաղորդագրությունը։
«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը և ընդգծել փոխզիջման անհրաժեշտությունը այլընտրանքային ուղիների հարցում, որպեսզի մարդասիրական մատակարարումները հասնեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», – նշված է հաղորդագրությունում։
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է պահպանեն խաղաղ բանակցությունների հարցում դրական առաջընթացը։
Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին Twitter-ի իր էջում առանձին գրառում է կատարել նաև պետքարտուղար Բլինքենը։
«Երեկ խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական պայմանների առնչությամբ մեր խորը մտահոգությունը հայտնելու համար։ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – գրել է ԱՄՆ պետքարտուղարը։