«Ռազմական դրության պայմաններում լիակատար խոսքի ազատություն չի կարող լինել, բայց սահմանափակումները պետք է լինեն համաչափ» . Աշոտ Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

– Պարո՛ն Մելիքյան, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան։ Նա վիճարկում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» սեպտեմբերի 27-ի Կառավարության որոշման սահմանադրականությունը։

Հիշեցնեմ՝ այդ որոշմամբ արգելվում է պետական պաշտոնյաներին ու նրանց որոշումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակում: 

– Ես համարում եմ, որ շատ տեղին էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այն շեշտադրումները, որ արել է Արման Թաթոյանը, հստակ են ու շատ ճշգրիտ։ 

– Դուք նկատի ունեք այն, որ Թաթոյանը իր դիմումում բարձրացրել է այդ որոշման իրագործման համար կանոնների կոնկրետություն ապահովելու հա՞րցը։ 

– Այո՛, Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ դիմել է Սահմանադրական դատարան, և իր գրառման մեջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչն է հիմք ծառայել Սահմանադրական դատարան դիմելու համար։ 

Այն սահմանափակումները, որոնք հիմա կիրառվում են, մի կողմից, իհարկե, հասկանալի են, որովհետև ռազմական դրության պայմաններում լիակատար խոսքի ազատություն չի կարող լինել, բայց մյուս կողմից՝ այդ սահմանափակումները պետք է լինեն համաչափ՝ հստակ հիմքերով և չխոչընդոտեն լրատվամիջոցների աշխատանքը։ 

Բայց նաև պետք է նշեմ, որ այն տուգանքների չափը, որոնք նախատեսվում են օրենսդրությամբ, չափազանց մեծ են, և, առհասարակ, այդպիսի տուգանքներ նշանակելիս պետք է հաշվի առնել, թե ինչպիսի վիճակ է այս կամ այն խմբագրությունում, որքանո՞վ է այդ հրապարակումը հակասում կամ վնասում պետության շահերին։ 

Բայց ամենակարևորը՝ պետք է հաշվի առնել, թե այդ պահանջները որքանո՛վ են հստակ ձևակերպված։ Այսինքն՝ պետք է լինեին հստակ չափանիշներ, պահանջներ, որոնց հիման վրա միայն կարելի էր գնահատել՝ տվյալ հրապարակումը համապատասխանո՞ւմ է պահանջներին, թե՞ ոչ։

– Այսինքն՝ մտածում եք՝ ոստիկանությունը հայեցողական մոտեցո՞ւմ է ցուցաբերում հրապարակումների կամ դրանց տրվող գնահատականների առումով։

– Ես առհասարակ կարծում եմ, որ ոստիկանության գործը չէ՝ որոշել՝ տվյալ հրապարակումը կարո՞ղ է վնաս հասցնել պետության շահերին, թե՞ չի կարող, արդյոք այդ հրապարակումը համապատասխանո՞ւմ է օրենքին, թե՞ ոչ։ Դա ոստիկանության գործառույթը չէ։ 

Մենք ունեցել ենք շատ տխուր նախադեպեր կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հրապարակումների վերաբերյալ։ Ոստիկանության այդ գործողությունները մենք ժամանակին գնահատել ենք որպես ճնշում։ Նույնը հիմա է՝ այս դեպքում, ես կարծում եմ, պահանջները հստակ ձևակերպված չեն, ու տուգանքների չափը ամենևին էլ ողջամիտ չէ։

– Պարո՛ն Մելիքյան, ի վերջո այդքան դժվա՞ր է լրատվամիջոցների համար ռազմական դրության պայմաններում հետևել սահմանած կանոններին։ 

– Իհարկե դժվար չէ։ Այս պարագայում խնդիրն այլ է, որի մասին ես բազմիցս խոսել եմ. մեծ հաշվով Հայաստանում լրատվամիջոցները բաժանվել են տարբեր քաղաքական, տնտեսական ճամբարների և առաջին հերթին սպասարկում են իրենց տերերի կամ քաղաքական հովանավորների շահերը։ 

Ցավոք, այս պատերազմական իրավիճակում նույնպես դա շարունակվում է։ Լրատվամիջոցներից շատերի համար ընդունելի չէ ցանկացած բան, որ անում է իշխանությունը, և, փաստորեն, քաղաքական պայքարը, որ տեղափոխվել էր լրատվամիջոցներ ու սոցիալական ցանցեր, մենք տեսնում ենք, որ շարունակվում է։ 

Այդ կոշտ մոտեցումը իշխանությունների նկատմամբ առաջացնում է կոշտ հակաքայլեր՝ օրենսդրական խիստ նախաձեռնությունների տեսքով։ Մեծ հաշվով անընդունելի են թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Այսօր, իհարկե, ներկայացված պահանջներին դժվար չէ հետևել։ 

Ուղղակի պետք է ցանկություն լինի, և երկրորդ՝ այդ պահանջները պետք է շատ ավելի հստակ ձևակերպված լինեին, որ տույժեր ձեռնարկելիս հնարավոր լիներ հիմնավորել, բացատրել, թե ինչո՛ւ է անձը կամ կազմակերպությունը տուգանվում։ 

– Փաստորեն ձեզ համա՞ր էլ հարցեր կան այդ որոշման իրագործման հիմքերի հետ կապված։

– Այո՛, ես համարում եմ, որ իշխանությունների կողմից քայլերը մինչև վերջ գիտակցված ու հավասարակշռված չէին։ Պարզ է նաև, որ այս որոշումներն ու օրենքները ընդունելիս էմոցիոնալ պահ կար։ Բայց ես կարծում եմ, որ շատ ավելի սթափ ու սառը պետք է լինեին այդ նախաձեռնությունները։

– Ամեն ինչ շատ արագ ստացվեց, միգուցե դա՞ էր պատճառը։

– Իհարկե պատերազմական իրավիճակում հնարավոր չէ խուսափել և՛ էմոցիոնալ քայլերից, և՛ սխալներից, միգուցե նաև՝ շատ կոշտ քայլերից։ Այդ ամենը հասկանալի է։ Բայց դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ, որ հնարավոր է նաև շտկել։ 

Ամեն դեպքում հիմա ամենագլխավորը դա չէ, այլ այն, որ այս պատերազմում հաղթող դուրս գանք։ Իսկ այդ գործում լրատվամիջոցները մեծ առաքելություն ունեն՝ ոչ թե պառակտելու, այլ հասարակությանը համախմբելու և դեպի հաղթանակ տանելու։ 

Ես կարծում եմ, որ ռազմաճակատում հաղթանակը կերտում են զինվորները, իսկ թիկունքում լրատվամիջոցները տեղեկատվական պատերազմում պետք է ամեն ինչ անեն հօգուտ մեր երկրի։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am