Արցախի նախագահը հանդիպել է պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Դեկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ: 

Հանդիպմանը քննարկվել է անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման ու ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ իշխանությունները օգտագործում են բոլոր հնարավորությունները գերիների վերադարձը կազմակերպելու և անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լայն հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ պատրաստ է հանդիպել բոլոր շահագրգիռ հասարակական ու քաղաքական կառույցների, հանրության տարբեր խմբերի հետ՝ պետության համար օրախնդիր հարցերը քննարկելու և լուծումներն ուղենշելու համար: