Ռուսական կապիտալով ընկերությունները կհեռանան Հայաստանից

Ռուսական կապիտալով ընկերությունները կհեռանան Հայաստանից
Ռուսական կապիտալով ընկերությունները կհեռանան Հայաստանից

www.lragir.am-Հարցազրույց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ

Պարոն Եղիազարյան, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների խստացման հետևանքով առաջիկայում ի՞նչ է սպասվում այդ երկրի տնտեսությանը:

Միջազգային տնտեսական համակարգն ունի հիերարխիկ կառուցվածք, և գոյություն ունի հեգեմոն երկիր: Վերջին հարյուրամյակների ընթացքում աշխարհը հենց այդպիսին էլ եղել է: Այսինքն՝ միաբևեռ է եղել: Եվ հեգեմոն երկիրը, տիրապետելով այսպես կոչված տեխնոլոգիական կառուցվածքներին, թելադրող է եղել: Այդպես է նաև հիմա: Հեգեմոն երկրի դերակատարությունը ներկայում իրականացում է ԱՄՆ-ն: Եվրոպայի հետ միասին այդ հեգեմոն դերակատարությունն ստանում է էլ ավելի նշանակալի ուժ: Համաշխարհային տնտեսությունում ԱՄՆ տնտեսության մասնաբաժինը շուրջ 30 տոկոս է: Դա արդեն նշանակում է, որ ըստ էության որոշումները, որոնք կայացվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում, լեգիտիմ են, ստանում են լեգիտիմ ուժ:

Այն, ինչ սկսել են ԱՄՆ-ն ու Եվրոպան իրականացնել Ռուսաստանի դեմ, ըստ էության հանգեցնում է Ռուսաստանի լիակատար մեկուսացմանը: Կարելի է նույնիսկ ասել, որ այսօր տեղի ունեցող գործընթացները կհանգեցնեն նրան, որ Ռուսաստանը շատ ավելի մեկուսացված կլինի համաշխարհային տնտեսական համակարգից, քան նույնիսկ ժամանակին Խորհրդային միությունն էր: Կասկած չկա, որ Արևմուտքն այս գործընթացը հասցնելու է մինչև վերջ: Սպասվում է ավելի մեծ մարտահրավեր արդեն Չինաստանի կողմից: Այսպիսի պայմաններում, երբ Ռուսաստանը լիակատար մեկուսացվում է, իսկ սանկցիաներն օրեցօր մեծանում են, ռուսական ներկայությունը փոքրանալու և նվազագույնի է հասնելու նաև Հայաստանում:

Ի՞նչ է սպասվում Հայաստանին այս պայմաններում, ի՞նչ ազդեցություն կունենան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա և ի՞նչ օգուտներ պետք է քաղել այս գործընթացից: 

Հայաստանը ներկայում անցումային մի փուլում է գտնվում, և պետք է աշխարհի հետ ստեղծվեն նոր հարաբերություններ՝ նկատի ունենալով Ռուսաստանի աշխարհատնտեսական ներկայության նվազեցումը մեր երկրում: Անցումային փուլն էլ իր հետ կբերի հիմնախնդիրներ, որոնք Հայաստանը ստիպված կլինի լուծել: Այդ հիմնախնդիրներից առաջին հերթին պետք է նշել ենթակառուցվածքների կախվածության՝ էներգետիկայի հիմնախնդրի լուծումը, տրանսպորտային ենթակառուցվածքի խնդրի լուծումը: Հայաստանն այս անցումային փուլում անհրաժեշտաբար պետք է զարգացնի գյուղատնտեսության ոլորտը: Բացի այդ, Հայաստանը խնդիր ունի վերակողմնորոշելու իր առևտրային հոսքերը:

Փաստ է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից մեծ է: Եվ կարծես թե դրանից կարելի է ենթադրել, որ եթե Ռուսաստանի տնտեսական իրավիճակը լավ լինի, Հայաստանին դա ձեռնտու է: Բայց այս փոփոխությունների ֆոնին դա կեղծ պատկերացում է: Հակառակը, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումը, լիակատար մեկուսացումը Հայաստանին հնարավորություն են տալիս ավելի բարձր կարգավիճակով ինտեգրվելու միջազգային տնտեսական հարաբերություններին:

Ռուսաստանը, որը մինչև այսօր գոնե որոշակի հնարավորություններ ուներ միջազգային տնտեսությունում բարձր տեխնոլոգիական ոլորտում որոշակի դիրքեր ստանալու, չնայած որ տիպիկ հումքային երկիր էր, այսուհետ միայն հումքային պետություն է: Կախվածության վերացումը նման երկրից Հայաստանին հնարավորություն է տալիս ինտեգրվելու տեխնոլոգիապես զարգացած երկրների հետ: Կասկած չկա, որ Ռուսաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում օբյեկտիվորեն նվազագույնի է հասցվելու: Բոլոր այն ընկերությունները, որոնք ռուսական կապիտալով են աշխատում, վաղ թե ուշ լքելու են Հայաստանը:

Այդ պայմաններում, անցումային փուլում Հայաստանը խնդիր է ունենալու վերակողմնորոշելու իր առևտրային հոսքերը և նոր հարաբերություններ ստեղծելու այլ երկրների հետ: Այդ առումով, դարձյալ ակտուալ է դառնում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, որը Հայաստանի համար կապահովի այլընտրանքային շուկաներ: Նաև Իրանի հետ հարաբերությունների սերտացումն է կարևոր դառնում

Մոտ ապագայում շատ կարևոր է խնդիր է դառնում տրանզիտի հարցը, այսինքն՝ հարաբերությունների ավելի սերտացումը Վրաստանի հետ: Տրանզիտի առումով մենք բախվելու ենք լուրջ հիմնախնդրի, հատկապես տրանսպորտի առումով, որի կոնցեսիոները ռուսական ընկերությունն է: Կոնցեսիոների վերանայման հարցը լուրջ խնդիր է դառնում Հայաստանի համար:

Արդեն տեղեկություններ կան, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև Ազատ առևտրի համաձայնագիրը հնարավոր է չեղյալ համարվի: Դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա: 

Ազատ առևտրի համաձայնագիր գործում է նաև Հայաստանի և Վրաստանի միջև: Հայաստանը կարող է այդ պայմաններում չխզել Վրաստանի հետ Ազատ առևտրի պայմանագիրը, եթե չգնա Ռուսաստանի ճնշումներին ընդառաջ: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը տրանզիտի առումով խնդիրներ կունենա: Մեր բեռների տեղափոխման զգալի մասն իրականացվում է Վրաստանի և Ուկրաինայի միջոցով: Եթե Ռուսաստանը հայտնվում է մեկուսացման մեջ, բեռնափոխադրումների առումով առաջանում են տեխնիկական և օրենսդրական խնդիրներ:

Այս խնդիրը պետք է նաև դիտարկել Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Ուկրաինա խնդիրների համատեքստում: Այսինքն, հնարավոր է, մենք բախվենք լուրջ իրավական հիմնախնդրի: Եթե Ռուսաստանը Վրաստանի կամ Ուկրաինայի նկատմամբ կիրառի սահմանափակումներ, պետք է ակնկալել, որ այդ երկրներն իրեց հերթին նման սահմանափակումներ կարող են իրականացնել, որը կբարդացնի դեպի Ռուսաստան մեր բեռնափոխադրումների հետ կապված իրավիճակը: Այսինքն՝ մենք կունենանք տրանզիտային հիմնախնդիր, այդ պատճառով Հայաստանի համար առաջանում է առևտրային հոսքերի վերակողմնորոշման խնդիր:

Ռուսական շուկան այս փուլում չպետք է համարել Հայաստանի համար առաջնային շուկա, պետք է շտապ վերակողմնորոշել առևտրային հոսքերը: Դա այնքան էլ բարդ հիմնախնդիր չէ, կարելի է անել: Հայաստանում ընդունված կարծիք է, թե իբր Հայաստանում իրականացվող ռուսական նախագծերը ռիսկեր չեն պարունակում: Իհարկե, կարճաժամկետ հատվածում Հայաստանի համար այս անցումը կլինի շատ ցավագին, մենք կունենանք եկամուտների կորուստներ: Բայց հեռանկարային իմաստով Հայաստանը ստանում է հնարավորություններ նոր մակարդակով ու կարգավիճակով ինտեգրվելու համաշխարհային տնտեսությանը:

Այսինքն՝ մենք կարող ենք թոթափել վասալային տնտեսական հարաբերությունները, որոնք կային մինչև այսօր, որոնք Հայաստանին թույլ չեն տալիս ապահովել տնտեսական զարգացում: Կախվածությունը մի երկրից, որը նույնիսկ չունի տեխնոլոգիական մեծ հնարավորություններ, արգելակում է քո տնտեսության զարգացումը:

Պարոն Եղիազարյան, այս պայմաններում, երբ ամերիկյան կողմը նախազգուշացնում է հայ գործարարներին ու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական ընկերությունների հետ համագործակցելուց հաշվի առնել ռիսկերը, ի՞նչ քայլեր պետք է արվեն: 

Որոշումները, որոնք կայացվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում, դրանք ըստ էության լեգիտիմ որոշումներ են: Խաղի կանոններն այդպիսին են, եթե որոշումները կայացվում են այնտեղ, անկախ ամեն ինչից, դրանք իրականացվում են, քանի որ հիմնական խաղացողները ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն են: Դա հայ գործարարների կամքից ու դերից կախված չէ, եթե հայ գործարարները դեմ գնան այդ պատժամիջոցներին, ուրեմն նրանք դեմ են գնում համակարգային որոշումներին ու խաղի կանոններին: Նրանք ի վիճակի չեն դա անելու, օբյեկտիվորեն Ռուսաստանն էլ ի վիճակի չի լինելու իր ներկայությունն ապահովել Հայաստանում: Կարդալ ավելին